Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»

Փետրվար 01,2017 15:30

Լեռ Կամսարի անտիպներից

Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու։ Սուս ու փուս կնստես ճաշի, սեղանին ինչ հրամցնեն՝ այն կուտես։ Այսպես է քաղաքավարության օրենքը։

Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կին, երբեք նրան չես ասի՝ «ինձ սիրիր», այլ ընդհակառակը, կասես՝ «ես քեզ սիրում եմ»: Այդ էլ է պահանջում քաղաքավարությունը։
Եթե սովետական գրող չես, այլ սովորական, մարդավարի գրող, երբեք չես բռնի քննադատի կոկորդից, թե ինձ շեփորիր ու ներբողներ հյուսիր իմ գրքի մասին, այլ սուս ու փուս գրվածքը կդնես իր առջեւ, կասես.

-Դու ու քո խիղճը, ինչ գնահատական ուզում ես տուր։

Այս բոլորը պահանջում է քաղաքավարությունը մեր առօրյա կենցաղում։ Իսկ երբ մտնում ենք քաղաքական կյանքը, այնտեղ արդեն պատկերը փոխվում է։
Սոցիալիստական աշխարհում ընտրությունների ժամանակ թեկնածուն ատրճանակը ընտրողի կրծքին ուղղած ասում է. «ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»:

Կապիտալիստական երկրում ընտրելիները ժողովրդին սուտ ու փուտ խոստումներ են տալիս, բարեկամաբար, նրա ձեռքն են սեղմում, տրամվայի մեջ վեր են կենում, իրենց տեղը ժողովրդին են տալիս, խոլվաթ տեղ մի բաժակ օղի են առաջարկում, վերցնում ընտրողի երեխային գիրկն ու համբուրում, թշին զարնում ու «ջանիկ» ասում, վերջապես ոտքն են ընկնում, աղաչում, պաղատում, որ քվեն իրենց տան։

Հարց։ Ինչո՞ւ այսպիսի դժվարություններով ընտրվել են ուզում թեկնածուները. ընտրվում են ժողովրդի՞ն օգուտ տալու համար, թե՞ իրենց։

Ես կարծում եմ իրենց։
Որովհետեւ տեսնված չէ, որ անցորդը փողոցում նստած մուրացիկին խնդրի, աղաչի, որ իրենից մի ողորմություն ընդունի, ընդհակառակն, ինքն է պաղատում եւ ընդունելիս էլ անվերջանալի օրհնություններ է թափում անցորդի գլխին։

Եթե թեկնածուները ժողովրդի բարիքի համար են կամենում ընտրվել, ինչո՞ւ ուրեմն չեն սպասում, որ ընտրողները գան իրենց աղաչեն-պաղատեն։

Պարզ է, չէ՞։ Նշանակում է թեկնածուները պարզապես ասում են ընտրողներին.
-Մի փոքր ծովեք, նստեմ ձեր կռնակին, ուտեմ-խմեմ, ման գամ աշխարհում։
Ի՞նչ եմ ուզում սրանով ասել։

Սրանով ուզում եմ ասել, որ աշխարհում որեւէ տերեւ, որ շարժվում է, այդ անձնական շահի համար է լինում, չլիներ անձնական շահ՝ տերեւը հավետ անշարժացած կկախվեր ծառից, ինչպես Մարքսի դոգմաներն են կախված Լենինի շուրթերից։

Նախագահի թեկնածուն երբ ընկնում է ընտրողի ետեւից

Հանրապետական երկրներում էն որ նախագահի թեկնածուն ընկնում է ընտրողի ետեւից, աղաչանք՝ պաղատանք է անում, սոտումուտ խոստումներ է տալիս, ժողովրդի ոտքն է համբուրում, որ ընտրվի,. էդ հո նրա համար չի, որ ուզում է ժողովրդի հոգսը իր շալակը վերցնել։ Էդ նրա համար է, որ ինքն է ուզում ելնել ժողովրդի շալակը՝ իշխանություն ձեռք բերել, ուտել, խմել, արտասահմանում պտուտ գալ։

Չորսը տարին լրացավ

Չորսը տարին լրացավ ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ։
Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում։ Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում։
Երբ այդ այդպես է, զարմանում եմ, ի՞նչ կարիք կա անհանգստացնել մեր ղեկավարներին։ Հազիվ են տեղները տաքացրել, թող նստեն, էլի։

 

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728