Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովը երկու շաբաթ օդանավակայանում «կմնա»

Փետրվար 01,2017 14:30

Յուրի Գարմաշի բացառիկ
լուսանկարները կրկին ցուցադրվում են

2014թ. Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն, «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը կազմեց եւ հրատարակեց «Կար-չկար մի Փարաջանով» վերնագրով գիրքը, որտեղ տեղ էր գտել Փարաջանովի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակը: 11-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ եւ գրքի շնորհանդեսը, եւ ուկրաինացի կինոօպերատոր ու լուսանկարիչ Յուրի Գարմաշի` Փարաջանովյան բացառիկ լուսանկարների ցուցադրությունը:
Այդ միջոցառմանը ներկա էին ինչպես Կունցեւի այրին՝ Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին, այնպես էլ Յուրի Գարմաշը:

Վերջինս «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ցուցահանդեսից հետո իր լուսանկարները թողել էր Արայիկ Մանուկյանին՝ ցուցադրելու ու հրատարակելու իրավունքով:
Այս օրերին Յյուրի Գարմաշի լուսանկարները ցուցադրվում են «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սպասասրահում:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիրը, առաջարկը եղել է Արմինե Թումանյանի կողմից, որը օդանավակայանում պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում: Արայիկ Մանուկյանն ասում է, որ գաղափարն իրեն դուր է եկել այն առումով, որ լուսանկարները, այն էլ Փարաջանովի, ավելի հետաքրքիր է դիտելը, նաեւ մատուցման ձեւաչափն է յուրօրինակ:

«Դրսից մարդիկ են գալիս Հայաստան, կամ մեկնում են, ու պատկերացրեք, որ առաջինը, որին հանդիպում են, որեւէ ցուցահանդես է, տվյալ պարագայում՝ Փարաջանովի լուսանկարների»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա հիշեց, թե ինչպես են Գարմաշի լուսանկարները 3 տարի առաջ Հայաստան եկել: «Ես պատրաստվում էի հրատարակել Գարի Կունցեւի գիրքը՝ «Կար-չկար մի Փարաջանովը» եւ ուզում էի, որ այդ գրքում լուսանկարներ լինեն Փարաջանովից, բայց այդ լուսանկարները չէի գտնում: Եղավ Գարմաշին դիմելու առաջարկ, որ գուցե մի քանի լուսանկար տրամադրի՝ գրքում հրատարակելու համար: Այսպես սկսվեց մեր ծանոթությունը՝ սկզբում հեռակա: Երբ ես դիմեցի լուսանկարների համար, Գարմաշն ասաց, որ Փարաջանովն իր համար սրբություն է ու ինքը պատրաստ է այդ լուսանկարները հենց այնպես տրամադրել: Լուսանկարների մի մասը մենք հրատարակեցինք գրքով, մյուս մասը ներկայացրինք ցուցահանդեսում: Լուսանկարների հեղինակը ներկա էր արարողություններին, հետո մենք շատ մտերմացանք: Դարձանք ընկերներ, պտտվեցինք ամբողջ Հայաստանով: Ինքը շատ էր ուզում նկարել Հայաստանը, ու իսկապես գեղեցիկ լուսանկարներ արեց: Երբ ինքը վերադառնում էր, ցանկություն հայտնեց, որ լուսանկարները մնան Հայաստանին եւ թողեց ինձ՝ իրավունքով, որ կարող եմ ցուցադրել, հրապարակել»,-հայտնեց Արայիկ Մանուկյանը:
«Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացած ցուցահանդեսից հետո Գարմաշի լուսանկարները մեկ անգամ ցուցադրել են «Դալան» ցուցասրահում՝ «ԱրտPR» ընկերության նախաձեռնությամբ, մեկ անգամ էլ «Բյուրոկրատում»՝ Արայիկ Մանուկյանի կազմակերպմամբ:

Ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանում ցուցադրվում է Յուրի Գարմաշի շուրջ 25 լուսանկար, համարյա բոլորը, որ նա թողել է Հայաստանում: Ցուցադրությունը կտեւի երկու շաբաթ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները
տրամադրել է
Արայիկ Մանուկյանը

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728