Հիվանդները երազում են
«Կյանքի տան» դռնից ներս մտնելու մասին
Չորրորդ գյուղում լինելով՝ տեղեկացա, որ այնտեղ է գտնվում թիվ 1 ինտերնատն ու հիվանդանոցը:
Որոշեցի առանց զգուշացման ու ներկայացման մտնել տարածք: Պատկերացրեք՝ հաջողվեց:
Մտածում էի, հանկարծ չհարցնեն՝ ում մոտ ես գնում, որովհետեւ բոլորի մոտ էի գնում եւ որեւէ մեկին անձամբ չէի ճանաչում:
Կարդացեք նաև
Քայլերս տարան ծերանոցի հիվանդանոց: Նկարում պատկերված է հիվանդանոցի դուռը, մուտքը:
Հայտնվեցի, ասես, ոչ թե բուժհաստատությունում, այլ ավերակված շինությունում, որտեղ անկողիններին գամված տարեցներ են, ասես մահվան հերթին սպասելիս լինեն:
Իմացա, որ այդ տարածքում 60-ից ավելի հաշմանդամներ, տարեցներ կան:
Շատերն ունեն երեխաներ, որոնք արտագաղթելուց առաջ իրենց ծնողներին բերել են այստեղ, թողել ու գնացել:
Դե, հասկանալի է, ճամպրուկներում նրանց համար տեղ չի գտնվել:
Լուսանկարում պատկերված լվացարանից, կանանց ու տղամարդկանց կողք կողքի գտնվող զուգարանից չգիտեմ սպիտակ խալաթավորներն օգտվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց պատկերն այսպիսին էր. ծայրահեղ հակասանիտարական, որը կապ չունի, թե սա ժամանակավոր շինություն է, ծերերին տեղափոխելու են հեռվում տաշիտուշիով բացված շենքը: Ի դեպ, այդ շենք տեղափոխվելու մասին երազում են չորս տարի, եւ այն պատրաստ է:
Անասելի ցրտին հիվանդ ծերերին լողացնում են այս բաղնիք կոչված, բայց իրականում, կարելի է ասել` գոմում:
Հիվանդասենյակներում չորսական, երեքական տարեցներ են, սենյակներում նշմարվող էլեկտրական փոքրիկ տաքացուցիչներն էլ չկարծեք, թե պատասխանատուներն են տրամադրել, այլ մարդիկ, բարի մարդիկ, տարեցների մերձավորները: Ափաչափ բաց են պատուհանները, որոշ տեղերում պատի անցքերը փակված են ստվարաթղթով:
Անկողիններին գամված մեծերը մանկատան երեխաների նման են. ում մոտենում ես, ձեռքդ բռնում ու լացակումած հարցնում է՝ ինձ չե՞ս տանի իմ տուն: Մի ազնվականի արտաքինով կին էլ ասաց, թե մահվան հոտը տանել չի կարող, իսկ հիվանդանոցում հենց այդ ծանր հոտն էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
«Առավոտ»
31.01.2017