Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Ձյուդոյի հավաքականը երիտասարդացման ճանապարհին է»

Փետրվար 01,2017 13:30

Հայաստանի ձյուդոիստները մրցաշրջան 2017-ի
ուսումնամարզական առաջին հավաքն անցկացրին Ծաղկաձորում

«Առավոտը» երեկ զրուցեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ, որի խոսքերով, նոր մրցաշրջանի նախապատրաստությունն իրենք ըստ էության սկսել են դեռեւս դեկտեմբեր ամսին՝ շեշտը դնելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա:

-Այս տասնօրյա հավաքի ժամանակ մարզիչներն ինչի՞ վրա աշխատեցին:

-Ծաղկաձորում էին թե մեծահասակները, թե երիտասարդները: Մարզիչների խնդիրը նրանց հատուկ ֆիզպատրաստականությունը բարձրացնել էր: Նրանք ձյուդոիստներին այնպիսի վարժություններ էին հանձնարարում, որոնք հատուկ են մեր մարզաձեւին: Կարելի է ասել, որ ծաղկաձորյան հավաքը արդյունավետ անցավ: Այսօր հավաքականը՝ 11 մեծահասակներ եւ 8 երիտասարդներ, երկու մարզչի գլխավորությամբ գործուղվեց Թբիլիսի, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք է ծրագրված ուժեղ ձյուդոիստներով համալրված Վրաստանի ընտրանու հետ:

-Մրցաշրջան 2017-ի առաջին լուրջ մեկնարկը ե՞րբ է լինելու:

– Վրաստանից վերադառնալուց հետո մեկ հավաք էլ նախատեսված է Աբովյանում, որից հետո չորս ձյուդոիստ կմասնակցի Կատովիցեում եւ Դուբրովնիկում կայանալիք Եվրոպայի բաց գավաթներին: Առջեւում են նաեւ երիտասարդների Եվրոպայի գավաթը՝ Աթենքում ու բուն Եվրոպայի առաջնությունը՝ Վարշավայում:

-Հայտնի՞ է, թե ովքեր են դրանց մասնակցելու:

-Դեռ ոչ: Մինչեւ Վրաստանի հավաքի ավարտը ժամանակ կա: Այնտեղ կազմակերպվելիք փորձամրցումային գոտեմարտերից հետո ամեն բան կպարզվի:

-Սովորաբար, օլիմպիական խաղերին հաջորդող տարում մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները հավաքական թիմերի կազմում որոշակի փոփոխությունների գործընթաց են ծավալում նոր, երիտասարդ մարզիկների համալրում ապահովելով:

– Մենք նույնպես այդ ճանապարհին ենք: Մասնավորապես, ծաղկաձորյան հավաքին հրավիրել էինք նաեւ երիտասարդներին՝ այդ տարիքային խմբի նախապատրաստության գրաֆիկը մի փոքր առաջ տալով: Մասնավորապես, երիտասարդների Հայաստանի առաջնությունը Երեւանում մեկնարկելու է արդեն փետրվարի 19-ին: Նպատակը շնորհալի երիտասարդներին ի հայտ բերելն է եւ նրանց հետ ավելի սերտ աշխատելը՝ իրենց հնարավորությունները բացահայտելու ավելի լայն հնարավորություն ընձեռելով:

-Մարզիչները հեռանկարային կադրեր տեսնո՞ւմ են:

-Խոստումնալից ձյուդոիստներ տեսադաշտում, իհարկե, կան: Բայց նրանք դեռ պատրաստ չեն մեծահասակների միջազգային մրցումներում լավագույնս հանդես գալ: Այդ պատճառով առայժմ մեր հավաքականը Եվրոպայի գավաթներին եւ առաջնությանը դժվար թե ամբողջական կազմերով մասնակցի: Էլ չեմ խոսում աշխարհի առաջնության մասին: Սկզբնական շրջանում արտագնա մրցումների կմեկնեն միայն նրանք, ովքեր մարզիչների գնահատմամբ ի վիճակի կլինեն պայքար մղել մրցանակային տեղերի համար, իսկ մյուսները՝ նաեւ ազգային հավաքականի երիտասարդ թեկնածուները, կշարունակեն հրավիրվել ուսումնամարզական հավաքների, մինչեւ իրենց մարզական որակները հասցնեն միջազգային չափորոշիչներին եւ դառնան հավաքականի լիարժեք անդամ:

-Ազգային հավաքականը երիտասարդացման ճանապարհին է: Կա՞ն անվանի ձյուդոիստներ, որոնք ավարտել են մարզական կարիերան:

-Գոռ եւ Գարիկ Հարությունյան եղբայրները: 60 կգ քաշային Գարիկը դեռ մարզվում էր, իսկ եղբայրը (66 կգ)՝ ոչ: Հետո վերադարձավ, հրավիրվեց հավաքի, դարձավ Հայաստանի չեմպիոն եւ հայտարարեց մարզչական կարիերա սկսելու ցանկության մասին: Հավաքականից նրանք են հեռացել: Մեր ընտրանիում այսօր ամենափորձառուն Ֆերդինանտ Կարապետյանն է: Մնացածը համալրված է երիտասարդական թիմից, սակայն մեծահասակների մեջ պայքարելու համապատասխան փորձ դեռ չունեն: Իսկ ինչ վերաբերում է մեր ամենատիտղոսակիր ձյուդոիստին՝ Հովհաննես Դավթյանին, նա հիմա նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը՝ մարզումները համատեղելով մարզչության հետ:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728