Թափանցիկ, ապակյա ծաղկամանների եզրերին հաճախ կրի պատճառով ճերմակ հետքեր են մնում: Դրանց մաքրելը դյուրին կլինի, եթե փորձեք առաջարկվող տարբերակները:
Ծաղկամանը հորիզոնական դրեք խորը ամանի մեջ եւ վրան ջուր ու քարաղ լցրեք: Թողեք ողջ գիշեր, ապա առավոտյան լվացեք եւ շփեք սպիրտի թույլ լուծույթով, որպեսզի լավ փայլի:
Պետք է հիշել, որ ամեն անգամ ծաղկամանի մեջ ջուր լցնելիս անհրաժեշտ է մի քանի փոքր հատիկ քարաղ լցնել, որն էլ կչեզոքացնի այդ կիրը:
Նոր գնված ջնարակված կավե ամանն ավելի երկար օգտագործելու համար կես ժամ «եփեք» աղի եւ քացախի խառնուրդի մեջ` 1 բաժակ քացախին ավելացնելով 2 ճաշի գդալ աղ:
Հախճապակե ամաններն ավելի ամուր կլինեն եւ երկար կօգտագործեք, եթե տարին մեկ անգամ 15 րոպե եռացնեք: Տեղավորեք սառը ջրով լի խորը թասի մեջ, որից հետո թույլ կրակի վրա եռացրեք: 15 րոպե եռալուց հետո կրակը հանգցրեք, հախճապակյա իրերը թողեք ջրի մեջ՝ մինչեւ ջրի լրիվ սառչելը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
31.01.2017