Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր տրվեց ԵՄ-ի ֆինանսավորած «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» նոր ծրագրի մեկնարկը: Այն ԵՄ երկրներից ՀՀ վերադարձող միգրանտների համար նախատեսում է մի շարք հնարավորություններ:
Մասնավորապես, ԵՄ-ից կամավոր կամ հարկադրված հայրենիք վերադարձած միգրանտները կարող են անցնել մասնագիտացված դասընթացներ, անհրաժեշտության դեպքում կստանան բժշկական ծառայություններ, իսկ եթե կարիք կա՝ նաեւ կացարան: Նրանց համար նախատեսվում է նաեւ որոշակի բիզնես-ծրագրերի ֆինանսավորում:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նկատեց. «Բնակչության տեղաշարժերի առումով եվրոպական որեւէ երկրի հետ չունենք այնպիսի խորն ու արդյունավետ գործընկերություն, ինչպես Ֆրանսիայի, որի հետ գործակցության օրակարգ ունենք, որի շրջանակում էլ իրականացվում են մի շարք ծրագրեր»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ նշյալ ծրագրի բյուջեն կազմում է մոտ 493.000 հազար եվրո եւ իրականացվելու է մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ