Այսօր հատուկ մարզական լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց ոլորտի բոլոր խնդիրները: Նպատակը համաշխարհային դոպինգ սկանդալներում նաեւ հայ մարզիկների անունների հայտնվելն է եւ նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին լրատվամիջոցներում հաճախակի տեղ գտնող սխալ տեղեկությունները:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տրամաբանությամբ անցած տարի որոշվեց Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերում հանդես եկած եւ մեդալներ նվաճած մարզիկների դոպինգ փորձանմուշները Ռիոյի խաղերից առաջ բացել եւ լրացուցիչ ստուգում անցկացնել, ինչի արդյունքում «տուժեցին» նաեւ հայ մարզիկներ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դոպինգ ստուգումը սկսվում է պատվերից: ՄՕԿ-ը Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը պատվիրել է նմուշները պահպանել ութ տարի եւ ՀՀԳ-ն համարում է, որ այդ նմուշները կարելի է նորից ստուգել: Սրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա, բացի նրանից, որ ՄՕԿ-ի նոր նախագահը ապացուցում է, որ ինքը պայքար է մղում դոպինգի դեմ եւ հայտարարում է, թե դոպինգ ընդունած մարզիկները չեն մասնակցելու օլիմպիական խաղերին»:
Արեգ Հովհաննիսյանը հնարավորին չափ մատչելի ու հանգամանալից ներկայացրեց այդ պատմությունը, որի շարունակությունը եղել է այն, որ լուրջ կասկածներ են առաջացել, թե Խորհրդային Միությունում եւ այն ժամանակվա ԳԴՀ-ում եղել է պետականորեն մշակված համակարգ, որը հաշվարկում էր, թե որ մարզիկի մոտ այս կամ այն նյութը քանի օր է պահպանվում: «Այսինքն, այդ գործընթացները կարգավորվում էին պետականորեն: Այն ժամանակ մեր մարզիկները մշտապես մարզվել են Ռուսաստանի թիմերի հետ եւ, բնականաբար, չբռնվելու մասին տեղեկությունները ոչ միայն անցել են մեկից՝ մյուսին, այլեւ, երբեմն, մեր մարզիկների մեջ էլ եղել են դրանցով գայթակղվողներ: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ինչո՞ւ այդ քայլին գնաց: Որովհետեւ դանակն արդեն հասել էր ոսկորին եւ պետականորեն մշակված համակարգի դեմ պետք էր պայքարել, որի ձեւերից մեկն էլ սա էր», – ասաց պրոֆեսորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ