Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զինծառայողներին նոր արտոնություն կտրվի

Հունվար 31,2017 20:25

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն, զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն: Զինծառայողի ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում: Այդ դեպքում վերոնշյալ միանվագ օգնությունի կարող են օգտվել նաեւ այն զինծառայողները, ում ծնողները իրենց հետ չեն բնակվում:

Նախագիծն այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանացավ`մտնելով փետրվարի 6-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

Հանձնաժողովում`ՀՀԿ-ական անդամների դրական քվեարկության արդյունքում դրական եզրակացություն ստացավ եւ առաջիկա քառօրյայի օրակարգ ընդգրկվեց կառավարության մեկ այլ նախաձեռնություն էլ, որը վերաբերվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն:

Այդ փոփոխություններով, ըստ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, պարզեցվում են որոշակի ընթացակարգեր: Քաղաքացիները հնարավորություն կունենա քաղվածքների մասին տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային փոստերով, նաեւ արտերկրից ՀՀ կենսաթոշակային հաշիվների տեղափոխման կարգ է առաջարկվում: Գործող օրենքը դա չէր նախատեսում: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաեւ բարձր աշխատավարձ ստացող անձանց`իրենց ցանկության դեպքում, կուտակել կենսաթոշակի 10-15 տոկոսը: Այդ պարագայում պետության մասնակցության տոկոսը չի ավելանում, մնում է նույնը:

«Ի՞նչն է պատճառը, որ կամավոր կուտակայինի որեւէ դիմում չունենք մինչ օրս: Եթե դիմում չունենք ինչո՞ւ ենք կամավորի սկզբունքը պահում, երբ կա պարտադիրը: Ի՞նչ է տալու սա մեզ»,- հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանի հարցերին ի պատասխան Ներսես Երիցյանը բացատրեց` միջազգային ընդունված նորմեր կան`եկամտից 10-15 տոկոս պետք է խնայես, եթե ուզում ես, որ կենսաթոշակի անցնելուց հետո կենսամակարդակդ չնվազի: Եվ ասաց, որ կան բարձր աշխատավարձ ստացող խավեր, որոնք ասում են`թույլ տվեք մենք առանց պետության մասնակցության սկսենք: Ըստ Ներսես Երիցյանի, համակարգից հասկացող մարդիկ ասում են`լավ է: Արտասահմանցիները նույնիսկ զարմանում են, թե ինչո՞ւ Հայաստանում մարդիկ չեն համաձայնվում, եթե պետությունը մասնակցում է:

Նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ականներ Հակոբ Հակոբյանը, Արմեն Մխիթարյանը, Վրեժ Մարկոսյանը եւ Ռուբեն Հովսեփյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031