ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր տված ասուլիսում ձեռնպահ մնաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ վերջին համագումարում ԼՂՀ կարգավորման շուրջ հնչեցրած տեսակետները մեկնաբանելուց: «Պետք է հարգանքով վերաբերվենք նրան, ինչ ասում է նախորդ նախագահը: Բայց հիշեցնեմ, որ դա եղել է քսան տարի առաջ: Մենք շատ առաջ ենք գնացել, եւ այս ընթացքում տասնյակ հանդիպումներ են եղել՝ նախագահների, նախարարների…: Այս գործընթացում մեծ զարգացում է եղել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը հիշեցրեց ՀՀ պաշտոնական մոտեցումը հակամարտության կարգավորման շուրջ, այն է՝ փաթեթային:
Կարդացեք նաև
Նալբանդյանն անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին. «Ընդհանուր որոշման համաձայն՝ հաջորդ ներկայացուցիչը լինելու է ՀՀ-ից: ՀԱՊԿ խորհրդի նիստում օրերս կայացել է այդ որոշումը, որն ուղարկվել է ՀԱՊԿ ԱԳ նախարարներին, որպեսզի նրանք հաստատեն եւ համաձայնություն տան: Դրանից հետո այն կներկայացվի ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովում, որը, գուցե, լինի ապրիլին, եւ հուսով եմ՝ հարցը վերջնական լուծում կստանա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ