Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դեմք «Հայկական վերածնունդ» կուսակցության Շիրակի մարզի վարկանիշային ցուցակում

Հունվար 31,2017 19:22

Առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության վարկանիշային ցուցակով հին դեմքերից՝ փորձառու պատգամավոր Հովհաննես Մարգարյանից, Արթիկի նախկին ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գյուղապետ եղբորից՝ Հունան Պետրոսյանից բացի կմասնակցի նաեւ «Հայավտոկայան» ՓԲԸ Մարալիկի մասնաճյուղի 32-ամյա պետ Գալուստ Ուռուտյանը:

Նշենք, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակցի՝ Հարություն Ուռուտյանի որդին է: Ընթերցողները վերջինիս առավել շատ հիշում են 2008 թվականի նախագահական ընտրություններից, երբ ձերբակալում, բանտ էին գցում առաջին նախագահի համակիրներին. Հարություն Ուռուտյանը այս ընթացքի առաջին քաղբանտարկյալն էր:

Երիտասարդ թեկնածուն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երբեք կուսակցական չի եղել. մեկ տարի է՝ անդամակցում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը ու Մարալիկի տարածաշրջանի 16 գյուղերի «Հայկական վերածնունդ» կուսակցության համակարգող նախագահն է:

«Ուզում եմ Մարալիկի հոգսերը վերցնեմ ինձ վրա, քաղաքիս մի բանով կարողանամ օգտակար լինել: Խորհրդարանում վաղուց Մարալիկից ընտրված պատգամավորներ չկան, վերջին անգամ 90-ական թվականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ենք ունեցել պատգամավոր: Գյումրիից կամ Արթիկից առաջադրվածներն էլ եկել, մարալիկցիներին համոզել են, ձայները տարել են ու ոչ մի բանով Մարալիկին պիտանի չեն եղել: Հիմա էլ պատրաստվում ենք դառնալ պատգամավոր, կարողանանք Մարալիկին մի փոքր լումայով օգտակար լինել»:

Մեր դիտարկմանը, թե Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ լարված հարաբերությունների պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր քարոզարշավը. չե՞ն խոչընդոտի ձեզ քաղաքային իշխանությունները, Գալուստ Ուռուտյանն ասաց. «Այո, նախկինում որոշակի լարվածություն եղել է Մարալիկի քաղաքապետի հետ՝ կապված հորս ու նրա տարբեր քաղաքական հայացքների հետ, բայց երկուսս էլ ծնվել, մեծացել ենք Մարալիկում ու շատ լավ պատկերացնում ենք, որ համագործակցելով ավելի շուտ ոտքի կկանգնեցնեք գործազրկության, աղքատության մեջ թաղված մեր ծննդավայրը»:

Լուսանկարը՝ Գալուստ Ուռուտյանի ֆեսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031