Հունվարի 26-28-ը Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ Թբիլիսիում անցկացվեցին միջոցառումներ:
Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից «Սամի Սաուկունե» հանդիսասրահում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն, որի ներկա էին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Ազգային Գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Լևան Գամղրելիձեն, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու հոգևոր դասը, թբիլիսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդն ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ՝ ողջույնի խոսքում ներկայացնելով օրվա խորհուրդը և արժևորելով ՀՀ ԶՈՒ վերակազմավորումն ու հայ-վրացական դարավոր զինակցությունը: Բանախոսը, հատկապես, կարևորեց երկու ժողովուրդների համատեղ ուժերով արտաքին թշնամուն դիմակայելու, միմյանց նեցուկ կանգնելու պատմական դրվագները, որոնց արդյունքում քրիստոնյա հինավուրց ազգերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու վերականգնել կորցրած անկախությունը, զարգացնել և խորացնել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
ՆԱՏՕ-ում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ, Վրաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն իր հերթին ջերմ շնորհավորանքներ հայտնեց ՀՀ ԶՈՒ 25-ամյակի առթիվ և նշեց, որ այս փոփոխվող աշխարհում պատմականորեն դրացի երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների բարեկամությունը փոփոխության ենթակա չէ․ այն անսասան է, ինչպես այս երկու ազգերի զինված ուժերը:
Կարդացեք նաև
Այնուհետև, տեղի ունեեցավ պաշտոնական հյուրասիրությունը հայկական և վրացական երգ ու պարի ուղեկցությամբ:
Հունվարի 28-ին դեսպանության անձնակազմը Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ շիրիմների, զինվորական պատիվներով զետեղվեց ծաղկեպսակ և կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև, «Հայարտուն» կենտրոնում կայացավ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառում վիրահայ կառույցների և դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ցուցադրվեց ՀՀ ՊՆ կողմից պատրաստված ՀՀ ԶՈՒ կազմավորման պատմության մասին պատմող տեսաֆիլմ, ելույթներով հանդես եկան վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդը և ռազմական կցորդը, որին հաջորդեց տոնական համերգ։
ՀՀ ԱԳՆ