ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստով 25.11.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձևականորեն ձևակերպել է իրեն և, 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով մարզչի գործառույթներ, նույն ժամանակահատվածի համար իր անվամբ ելքագրել ու ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 1.631.566 ՀՀ դրամի չափով, որը յուրացրել է:
Բացի այդ, 2013-2016 թվականների ընթացքում կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակի մարզիչների թափուր պաշտոններին ձևականորեն նշանակել են տարբեր անձանց, ստացել վերջիններիս անվամբ ելքագրված աշխատավարձերը՝ համապատասխանաբար 1.692.610 և 2.248.680 ՀՀ դրամի չափով՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 3.941.290 ՀՀ դրամ գումարը:
Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա 30.01.2017 թվականին Է. Բ.-ն ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
ՀՀ Դատախազություն