Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը չի բացառում, որ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքը համագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ: Նա տեղեկացրեց, թե այս պահին հանդիպումներ ընթանում են, բայց դեռ բանակցություններ չկան: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանն այս առիթով մանրամասնեց. «Նրանց պատկերացումները համակարգի ապամոնտաժման հետ կապված հնարավոր է չհամընկնեն մեր ցանկությունների հետ: Բայց չի բացառվում համագործակցությունը, եթե տեսնենք, որ նպատակներին հասնելու ճանապարհին իրենց քայլերը վճռական են և նույնիսկ մինչև վերջ են կատարելու»:
Դաշինքը` Սեյրան Օհանյանի կողմից գլխավորելու շուրջ անհամաձայնությունների առիթով պարոն Սարգսյանն արձագանքեց. «Չկա նման խնդիր. Սեյրան Օհանյանը գլխավորելու է դաշինքը: Ե՛վ Վիկտոր Դալլաքյանի, և՛ մյուսների տեսակետն այդպիսին է: Իսկ «Համախմբման« ներսում եղած դժգոհություններն արդեն իրենց կուսակցության ներքին խնդիրն է, դա իրենք պիտի կարգավորեն»:
Պարոն Սարգսյանը չմեկնաբանեց նաև այն կարծիքները, թե Սեյրան Օհանյանի վրա «մարտի 1»-ի բիծ կա` հորդորելով հարցնել նրանց, ովքեր նման տեսակետ են հայտնում:
Արա Աբրահամյանի` քաղաքականություն վերադարձի հետ կապված, ասաց, որ նա նման մտադրություն չունի, քանի որ առողջական խնդիրներով գտնվում է ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև
ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի այն պնդումը, թե դաշինքները տեխնիկական են և մանդատի խնդիր են լուծում, պարոն Սարգսյանն անհեթեթություն համարեց. «Ո՞նց ես ամեն անգամ նման անհեթեթությունների պատասխանեմ: Ես եղել եմ պատգամավոր, ևս մեկ անգամ երազած լինեի, էլի կլինեի` ուրիշի ցուցակով: Վիկտոր Դալլաքյանը չորս անգամ եղել է պատգամավոր` ինքնուրույն: Եթե մենք այդ ամբողջն անցել ենք, իմաստը ո՞րն է գնալ այնտեղ հենց այնպես նստել: Մեր խնդիրը հստակ դրված է. տեսնում ենք, որ համակարգի կազմաքանդման ժամանակը վաղուց եկել է, և պետք է իրականացնել դա, դրա համար է, որ միավորվել ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ