Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փաստաթուղթ. 1916 թ. Իսպանիայի թագավորը շարունակում է ջանքեր գործադրել Դանիել Վարուժանին փրկելու ուղղությամբ

Հունվար 31,2017 16:55

Akunq.net. Վերջերս Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հրապարակել էր որոշ փաստաթղթեր, ըստ որոնց` Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել էր փրկել 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականության որոշ ներկայացուցիչների: Քանի որ այդ վավերագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին գիտնականների և ընդհանրապես մեր բոլոր ընթերցողների շրջանում, Akunq.net-ը ստորև հրապարակում է նաև 1916 թ. մայիսին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի ներկայացուցչի պաշտոնական նամակը` ուղղված տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Հալիլ Մենթեշեին: Ինչպես երևում է նամակից, Իսպանիայի թագավորը 1916 թ. դեռևս տեղյակ չէր, որ Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականներն արդեն սպանված էին օսմանյան իշխանությունների հրամանով, և դեռ հույսեր էր փայփայում նրանց փրկելու ուղղությամբ:

Փաստաթուղթը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել այն օսմանյան արխիվում հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ Գևորգ Հակոբյանը, իսկ ֆրանսերենից հայերեն թարգմանել կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը:

«10-ը մայիսի, 1916 թ.

Թուրքիայում Իսպանիայի ներկայացուցչություն

Պարո՛ն նախարար,

Ընթացիկ ամսվա 1-ին և 8-ին պատիվ ունեցա հանդիպումներ ունենալ Ձերդ գերազանցության հետ: Այդ հանդիպումներում քննարկված այն մի քանի հայերի թեմայի առումով, հայեր, որոնց ազատ արձակումը խնդրվել էր Նորին մեծություն տիրակալիս կողմից, Ձեր թույլտվությամբ ցանկանում եմ հավելել, որ Դանիել Վարուժան անվամբ հիշատակված անձը կրում է Դանիել Չպուգքյարյան անունը, և որ Վարուժան անունը, որով նա հայտնի է, իրականում նրա գրական կեղծանունն է:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` վերոհիշյալ անձը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 11/24-ին, և մյուս բանտարկյալների հետ միասին ուղարկվել Չանքըրը, որտեղ նա մնացել է առնվազն մինչև նույն տարվա օգոստոսի 7/20-ը, իսկ այնտեղից էլ հավանաբար ուղարկվել է Այաշ:

Շտապում եմ Ձեր գերազանցությանը հայտնել այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ, քանի որ ցանկանում եմ դյուրացնել նրա որոնումը, որը հրահանգվել է օսմանյան կառավարության կողմից, և օգտվելով առիթից` տեղեկացնում եմ, որ քիչ առաջ նոր հրահանգներ եմ ստացել, ըստ որոնց` ակտիվացնելու եմ քայլերս` վերոնշյալ անձանց խնդրի ուղղությամբ:

Կանխավ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը` վերոհիշյալ որոնումների արդյունքի մասին առաջիկայում ինձ տեղեկացնելու համար, որպեսզի ես հնարավորություն ունենամ հնարավորինս շտապ պատասխանել Նորին մեծություն Իսպանիայի թագավորին:

Պարոն նախարար, ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»:

Ֆրանսերենից թարգմանեց Մելինե Անումյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031