«Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի շանսերը բարձր է գնահատում` համոզված լինելով, որ ընտրություններում իրենք կարող են անցումային շեմը հաղթահարել:
Ըստ պարոն Խաչատրյանի, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով քաղաքական ուժին չի կարելի գնահատել, քանի որ դա իրական չէ, նույնն էլ վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին. «ՀԱԿ-ը սոցհարցումներ չի իրականացրել»:
Հարցին, թե ՀԱԿ-ը դեռեւս լռում է, չնայած քաղաքական դաշտում տիրող ակտիվությանը, հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն էլ դաշինք կազմի, պարոն Խաչատրյանն ասաց, որ շտապելու կարիք չկա, քանի որ իրենց մոտեցումները չեն փոխվել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մեր շեշտադրումները նույնն են մնացել` խաղաղություն հաստատելու, հաշտություն, բարիդրացիական հարաբերություններ, այս գաղափարախոսությունն է առաջնային մեզ համար»:
Ըստ Վահագն Խաչատրյանի, ի վերջո, կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ կա խաղաղություն ու կայունություն։
Կարդացեք նաև
Պարոն Խաչատրյանը, այլ ուժերի հետ համագործակցելու վերաբերյալ էլ ասաց, որ առայժմ քննարկումների մեջ են, իսկ նախընտրական ցուցակի հետ կապված դեռեւս հստակություն չկա:
Վահագն Խաչատրյանի խոսքերով, «ընտրությունները շոկ» են. «Սպասելիքներ, որ ընտրությունները կարող են հնարավորություն տալ, զարգացումներ տալ` ներդրումների առումով կամ աշխատանքի, արտադրողականության բարձրացման, կամ մարդկանց ակտիվության բարձրացման՝ ոչ: Մեր նման երկրներում ցանկացած ընտրություն ստեղծված իրավիճակն ավելի է բարդացնում, ավելի է խորացնում այս վատ վիճակը եւ դրանից հետո նոր ընտրություններ են պահանջում: Այնպես որ՝ ընտրությունները չեն կարող նպաստող հանգամանք լինել»
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ