Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ մասամբ են համամիտ

Հունվար 31,2017 14:33

«Գաղափարների սերնդափոխություն է պետք: Եվ նոր գաղափարները պետք է լինեն հստակ, կոռեկտ, միջազգային իրավունքին չհակասող: Փաստագրական շարքն է աղավաղված, դրան պետք է ուշադրություն դարձնել»,-«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում կազմակերպված «Նախընտրական զարգացումները եւ արցախյան հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր, հայտնի հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը: Քննարկման բանախոսները`պատգամավոր Թեւան Պողոսյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Լարիսա Ալավերդյանը համամիտ են, որ արցախյան հիմնախնդիրը սերունդների լուծման հարց է, բայց համամիտ չեն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի մոտեցումներին:

Վերջինս, հիշեցնենք, օրերս ներկայացրել էր ԼՂՀ հարցի կարգավորման իր մոտեցումը: Այն է`ԼՂՀ-ն հանձնել միջազգային պրոտեկտորատի կառավարմանը, Կոսովոյի մոդելով, ապա մի քանի սերունդ հետո փորձել անդրադառնալ հարցի լուծմանը, մինչեւ երեք երկրների հասարակությունները պատրաստ կլինեն դրան: Արամ Զավենի Սարգսյանը, սակայն, մտավախություն ունի, որ ասենք երեք սերունդ հետո Ադրբեջանը կփոխվի եւ պատրաստ կլինի հարցի`իր համար ցավոտ լուծումների:

Երեք բանախոսները արցախյան հարցը սերունդների խնդիր համարելով`համամիտ են, որ այդ ընթացքում Հայաստանը պետք է տնտեսապես, սոցիալապես հզորանա, ավելի ժողովրդավարական դառնա, ավելի կուռ հասարակություն ունենա: Այս իմաստով, սպասում են կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին, որպեսզի, այսպես ասած, թացը չորից զատեն եւ հասկանան`ո՞վ ու ինչպե՞ս է պատկերացնում այդ լուծումները, դրանց որ մասն են իրատեսական, որը`պոպուլիստական:

«2017-ից Հայաստանը ծերացող ազգերի շարքում դասվեց`մահացությունն ավելի շատ է, քան ծնելիությունը: Ի՞նչ պիտի անենք, որ ժողովրդագրություն ապահովենք, ծնելիությունը բարձրացնենք, առողջ սնունդ ապահովենք, գիտությանը որքա՞ն գումար պետք է տրամադրվի, բանակի սպառազինությանը եւ այլն, ի՞նչ տարբերակներով պետք է արվի, վարչապետն ասում էր`շանտղություն է սննդին կպնելը…»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Արցախի հարցը այսօր կոպիտ քաղաքական սխալների պատճառով սխալ հունի մեջ է. «Պետք է դուրս հանվի այն հունից, որ մտցվել է դեռ 1990-ականներին: Անընդհատ քննարկվում են այլոց կողմից մտցված հարցերը, բայց Արցախը հարց չունի, Արցախը պատասխան է տվել թե Ադրբեջանին, թե Հայաստանին, թե միջազգային հանրությանը: «Ոչ մի թիզ հողն» արդեն իսկ նշանակում է`մնալ սխալ հունի մեջ: Ես դրան դեմ եմ, որովհետեւ կնշանակի`վերցրել եմ ու դեմ եմ վերդարձնելուն»:

Նա կողմ է հարցի վերաբերյալ մոտեցումների քննարկումներին, բայց դեմ է եւ պոպուլիստական է համարում `ազգովին, համաժողովրդական քննարկումները: Քաղաքական ուժերին էլ հորդորում է`պետք չէ շրջանառության մեջ դնել բաներ, որոնք քաղաքական լուրջ քննարկումների արգասիքը չեն:

«ՀՀ ԱԺ-ն վաղուց պետք է ճանաչեր, Արցախի`Ադրբեջանից դուրս գալու օրինականությունը, ազգային-ազատագրական պայքարի արդար եւ արդյունավետ լինելը»,- ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա տարօրինակ է համարում, որ հանրապետության ղեկավարը հայտարարում է՝ յոթը տարածքները վերադարձնենք, ապա տարածքային ամբողջականության իմաստը կկորի: «Եթե անգամ այդ միտքը կա, գոնե բարձրաձայն դա ասելը գուցե չարժե: Այսինքն, մենք ընդունում ենք, որ ագրեսո՞ր ենք, մինչդեռ հստակ պետք է ասենք, որ դա եղել է Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի արդյունք»,- ասաց նա:

Թեւան Պողոսյանը գտնում է, որ փաստացի, Հայաստանը ճանաչել է Արցախը`միջպետական վարկ ունենք, միջգերատեսչական հանձնաժողովներ, խորհրդարանական համագործակցություն, աշխատանքներ են ընթանում: Իր պատկերացմամբ, հենց միջազգային հանրության խնդրանքով է, որ դե ֆակտո ճանաչումը դե յուրե չենք ամրագրում: Նա կարծում է, որ Հայաստանը, այդ թվում միջազգային հանրությանն ուղղված իր մեսիջները պետք է փոխի:

Ի դեպ, Թեւան Պողոսյանը չի ջանում իրեն անպայման հաջորդ խորհրդարանում տեսնել: Առաջարկ չունի: Կսպասի կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերին`դրանից էլ կախված կլինի իր վերաբերմունքը:

Լարիսա Ալավերդյանն էլ որոշել է ընդհանրապես, որեւէ առումով չմասնակցել այս ընտրապայքարին: Առաջարկ եղել է, չի ասում, քանի որ իր որոշման ֆոնին այն արդեն երկրորդական է համարում. «Ինձ համար ավելի հարմար դիրք է հասարակական-փորձագիտական դաշտը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031