Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության ենթարկված կինն ամուսնու թմրանյութը հանձնել է ոստիկանություն

Հունվար 31,2017 14:01

Оրերս Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից մեկի 24-ամյա բնակիչ Ս. Ե.-ի կինը, թմրանյութ օգտագործած ամուսնու կողմից ծեծվելու պատճառով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացրել իրենց տանը գտնվող թմրանյութը:

Իրավապահներից ստացած տեղեկություններով՝ կինն ուղարկվել է դատաբժշկի մոտ հետազոտության, որի արդյունքում պարզվել է, որ նա ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Նա թեթեւ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իր բողոքը դեպքից 10 օր հետո չի պնդել, ուստի օրենքի համաձայն, այդ դրվագով քրեական գործ չի հարուցվել: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը»): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը մեկ տարի ժամկետով կալանքով:

Այդ ընտանիքը Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում վարձով էր բնակվում: Նշված դեպքից հետո ամուսինները մի քանի օր առանձին են ապրել, ապա՝ միացել: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ծեծի վերաբերյալ ամուսնու դեմ բողոքը կինը հետ է վերցրել: Ընտանիքը փոխել է բնակության վայրը, նոր տուն վարձակալել: Ամուսինները 3 տարեկան աղջիկ ունեն:

Այդ երիտասարդը 2016թ. հուլիսին, մեկ տարի ժամանակով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2016թ. հոկտեմբերին ոչ սթափ վիճակում, 0.633 մգ/լ աստիճանի հարբածությամբ, տրանսպորտային միջոց է վարել: Այդ կապակցությամբ կայացած դատավարության սկզբում Ս. Ե.-ն դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է:

2016թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս. Ե.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 350 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031