Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցավ Սարո Գյումրեցու գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

Հունվար 31,2017 13:30

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ճանաչված բանաստեղծ Սարո Գյումրեցու երկրորդ՝ «Գյումրի, քո կենացը…» գրքի շնորհանդեսը և գինեձոնը «Լոս Անջելեսի իրանահայ միությունում»:

«Գյումրի, քո կենացը…» գիրքը լույս է տեսել 2016 թ.-ին Հայաստանում, «Հայ գրողների միության» Շիրակի՝ մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանի նախաձեռնության շնորհիվ: Հեղինակի առաջին գիրքը, «Հեռավոր հուշերի մի քաղաք…», լույս էր տեսել 2001 թ.-ին Լոս Անջելեսում:

Դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկա էին երևելի բարերարներ, արվեստագետներ և հոգևորականներ: Երեկոն վարում էր արվեստագետ-ասմունքող և հանդիսավար Նունե Ավետիսյանը: Բանաստեղծ և հրապարակախոս, «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սարո Գյումրեցուն (Սարո Գյոդակյան) բանախոսներն ու ներկաները ջերմորեն շնորհավորեցին նաև նրա 65 ամյա հոբելյանի առթիվ:

Ելույթ ունեցան «Լոս Անջելեսի իրանահայ միության» «Գեղարվեստական բաժանմունքի» հովանավոր, դոկտոր Հակոբ Այնթապլյանը, «Ամերիկայի հայ գրողների միության» նախագահ, բանաստեղծ Վազգեն Վանատուրը, Ամերիկայի հայ գրողների միության» փոխնախագահ, մանկագիր Ֆիրա Ակյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Զոհրապ Չաղայանը, հայտնի լեզվաբան և մշակութային գործիչ, ԳԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը և այլոք: Հատկապես ազդեցիկ էր ու հուզիչ մեծարգո բանաստեղծի հասցեին՝ նրա գրչակից ընկեր, շնորհալի բանաստեղծ Վ. Վանատուրի բանաստեղծական և բեմական արվեստի հմտությամբ արտասանած գովաբանական ճառը, որը հիացական բուռն ծափահարություններով ընդունվեց դահլիճի կողմից:

Սիրված բանաստեղծի ավանդը հայ ժամանակակից պոեզիայի զարգացման և հարստացման ասպարեզում արժանվույնս գնահատվեց ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսարանի (պատվոգիր) և «Ամերիկայի հայ գրողների միության» («Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ), «Հայաստանի հայ գրողների միության» (պատվոգիր), «Հայաստանի ժուռնալիստների միության» (պատվոգիր) և «Ոզնու» խմբագրության (2016թ. դափնեկիր) կողմից:

Հրաշալի մշակութային երեկոն զարդարում էին բազմաթիվ շնորհալի երգիչներ և երաժիշտներ՝ իրենց հոյակապ կատարումներով: Հատկապես հուզիչ էր բանաստեղծի «Գյումրեցիները» բանաստեղծության ընթերցումը հայկական դուդուկի քաղցր հնչյունների ներքո, արհեստավարժ ասմունքող Նունե Ավետիսյանի հիասքանչ ընթերցմամբ:

Գյումրեցիները մի քիչ հողոտ են,

Մի քիչ քարոտ են գյումրեցիները,

Երբ որ տխրում են՝ մի քիչ ամպոտ են,

Մի քիչ թախծոտ են գյումրեցիները:

Նրանց աչքերը մի քիչ արցունքոտ են,

Քիչ խնկահոտ են նրանց շուրթերը…*

Մշակութային այս հրաշալի շնորհանդեսի գլխավոր կազմակերպիչներն էին «Ամերիկայի հայ գրողների միությունը» և «Լոս Անջելեսի իրանահայ միությունը», ինչպես նաև բազմաթիվ անհատ բարերարներ:

Հետաքրքիր երեկոյի վերջում շնորհանդեսի մասնակիցները հյուրասիրվեցին Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի հանրաճանաչ «Kariana’s Cake House» խանութի անուշահամ հրուշակեղենով:

Երեկոյի տեսագրությունը տեղադրված է «Ամերիկայի հայ գրողների միության» ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Youtube-ում՝

*Ս. Գյումրեցի, «Գյումրեցիները» բանաստեղծության առաջին 6 տողերը:

 

Մարտին Շիրինյան

Կալիֆորնիա, Գլենդեյլ

30 հունվարի, 2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031