Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը կոչ է արել ազատ արձակել Անդրեաս Ղուկասյանին

Հունվար 31,2017 13:21

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանի կալանքի՝ 2 ամսով երկարաձգելու որոշումը և կոչ է արել ազատ արձակել նրան՝ մինչև դատավարությունը:

Անդրեաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ: Նա մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Անցյալ շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով:

Իրավապաշտպանները նշում են, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած լսումներում դատախազը պահանջեց երկարացնել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները վկայակոչում են հուլիսի 29-ի դեպքերն արտացոլող տեսանյութը, որում Ղուկասյանը ցուցարարներին կոչ է անում հանգստություն պահպանել և ոստիկանության հետ բախման չգնալ: Դատարանն ուսումնասիրել է տեսանյութը, բայց մերժել է Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը՝ թույլատրել դեպքերին ականատես լրագրողներին կամ ցույցի մասնակիցներին վկայություն տալ հօգուտ Ղուկասյանի:

«Դատավորը մեջբերել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի գործեր՝ ասելով, որ դատարաններն իրավունք ունեն լսումների այս փուլում չլսելու պաշտպանող կողմի վկաներին»,- գրում է կազմակերպության՝ Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան: – Խրախուսելի է, որ դատավորը մեջբերում է Եվրոպական դատարանի կանոնադրությունը: Բայց եվրոպական դատարանի մյուս եզրակացությունները հավասարապես կարևոր են այս գործում»:

Իրավապաշտպանները կարծում են, որ Եվրոպական դատարանը շատ հստակ է այն հարցում, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, և այն պետք է արդարացված լինի: Դատարանները կալանքի համար չպետք է բերեն «ընդհանուր և աբստրակտ» պատճառաբանությունների:

«Քննիչները պնդում են, որ Ղուկասյանը կարող է փախուստի դիմել կամ միջամտել քննությանը, բայց իրենց պնդումն ապացուցող ոչ մի փաստ չեն ներկայացնում: Դատախազն էլ պարզապես թվարկում է Հայաստանում օրենքով ընդունված այն պատճառները, որոնք արգելում են գրավով ազատ արձակումը»,- գրում է Գոգիան:

Իրավապաշտպանը ամփոփում է, որ «ամենայն հարգանք դրսևորելով Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ պարտավորություններին՝ քննիչները պետք է փոխեն Ղուկասյանի դեմ կալանքի իրենց որոշումը և ազատ արձակեն նրան՝ սպասելով վստահության արժանի դատավարության»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031