Կոնյունկտուրային շահը նաև միավորում է Գագիկ Ծառուկյան դաշինքի ձևավորման պարագայում հաստատ։ Ցաքուցրիվ, վաղուց դեմք ու ասելիք կորցրած կամ դեռ չգտած ուժերն ու գործիչները ԲՀԿ-ի հովանու տակ որոնում են փող ու մանդատ, նրանց չի հուզում, թե ինչ տեսակետ է դաշինքն ունենալու արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ։ Ծառուկյանը կասի, իրենք կիմանան։
Ու ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի միջև։ Որ ՀՀԿ նախագահը դաշինքների կազմավորման գործընթացը համարում է «առողջ և ողջունելի՞», «քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացո՞ւմ», կարծում է, որ «ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դա՞շտ» է ստեղծվում։ Բնավ։ Սոսկ ընտրություններից առաջ քաղաքական արևի տակ տեղ են փնտրում։
Զարմանալի չէ՞, որ «դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին» դրական վերաբերմունքով նա չի ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը։ Ինչո՞ւ, եթե Գագիկ Ծառուկյանը կոնսոլիդացիոն նպատակ ունի։ Որովհետև չէ՞ր կարող ասել՝ ողջունո՞ւմ եմ՝ անմիջապես Գագիկ Ծառուկյանին կհամարեին քաղաքական դաշտ նախագահականից գործուղվա՞ծ։ Փաստորեն՝ խո՞սքը, ոչ թե գո՞րծն է որոշիչը։
Եթե խոսքը լսենք, շիլաշփոթը լիակատար է՝ Ծառուկյանը լուռ է, Օսկանյանը շատախոսում է, Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը, ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Սեյրան Օհանյանի գործողությունները համարում է վտանգավոր. «Ցանկացած մարդ, մանավանդ, ուժային կառույցի ղեկավարը, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու, որ հետո ասի՝ ես ընդդիմություն եմ։ Դա շատ ամոթ է, ծիծաղելի է։ Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը գլուխ չի դնի»։ «Թող հետադարձ հայացք ձգեն, տեսնեն՝ երբ պաշտոն են զբաղեցրել, ինչով են զբաղվել, իրենց կերակրատաշտը որն է եղել, թող րոպե առաջ ժողովրդից ներողություն խնդրեն»։
Կարդացեք նաև
Իսկ Սեյրան Օհանյանը օրը մի հռետորական հայտարարություն է անում։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում. «Մենք գնում ենք «հանուն»-ի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր երկրի զարգացման, այդ զարգացման հիմքում պետք է լինի բոլոր հնարավորությունների ստեղծումը, որպեսզի անվտանգության հարցերը բարձր հիմքերի վրա դրված լինեն»։ Նույնիսկ իբրև բառակույտ տրամաբանություն չկա՝ երկրի զարգացման հիմքում բոլոր հնարավորությունները որո՞նք են, ի՞նչ կապ ունեն անվտանգության հարցերը բարձր հիմքերի հետ։ «Բարձր հիմքը» ի՞նչ է նշանակում։ Ինչո՞ւ «բարձր հիմքերը» չեն ստեղծվել իր պաշտոնավարման տարիներին, ինչպե՞ս է, որ ոչնչի հետ կապ չի ունեցել, բայց պաշտպանության նախարար է եղել։ Կերակրատաշտից կտրվելով ընդդիմադիր է դարձել։ Ընտրություններից հետո պաշտոնազրկվածների ու մերժվածների հերթական խմբաքանակը կստանա ընդդիմադիր դաշտը։ Որքանո՞վ են նրանք ընդդիմադիր՝ ինչի՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս։ Ե՞րբ ենք տարբերակելու իրավիճակային ընդդիմությունը իրականից։ Փաստացի պաշտոն կորցնելը դարձել է քաղաքական կողմնորոշման հիմք ու ստեղծում է պատեհապաշտական քաղաքականություն, որի միակ նպատակը իշխանական լծակները վերադարձնելն է՝ միջոց դարձնելով ընտրությունները։ Կստացվի՝ կստացվի, չի՞ ստացվի՝ ընդդիմադիր են ու ասպարեզը կլցնեն «ընդդիմադիր» նվնվոցով, որի հիմքում չկան ծրագիր ու գաղափար։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում