«Ըստ իրանական և հայկական պաշտոնական աղբյուրների՝ քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետնապատկերը` կարելի է ենթադրել, որ քննարկումները լինելու են առարկայական, և շոշափվելու են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում տեսանելի հեռանկարում հայ-իրանական ռազմական համատեղ ծրագրերի իրականացման խնդիրները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի՝ երեկ մեկնարկած իրանյան այցին, ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում է՝ իրականացնելու բանակցություններ՝ Հոսեյն Դեհղանի հետ:
Արտյոմ Տոնոյանը նկատեց, որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ Իրանն անվտանգային առումով այս տարածաշրջանում ունեն համադրելի շահեր. «Ունեն պայքարի ընդհանուր «օբյեկտ», որի վնասազերծումը կարևոր է թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար»:
Թե ռազմական ոլորտում հայ-իրանական ինչպիսի՞ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել, իրանագետի խոսքով. «Որպես օրինակ` կարելի է նշել թեկուզ հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի դեմ հայ-իրանական համատեղ պայքարի ծրագիրը: Ինչպես հայտնի է, այդ սարքերը վերջին 5 տարիների ընթացքում հենց Ադրբեջանական Հանրապետության տարածքից օգտագործվել են թե՛ Հայաստանի, և թե՛ Իրանի դեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ