Ըստ Smartology թվային մարքետինգի ակադեմիայի տնօրեն Արտակ Հարությունյանի՝ ներկայումս ընթանում է, այսպես ասած, «քաշ հավաքելու» և հետախուզական փուլը։ Քաղաքական ուժերը նախ մի կողմից՝ ակտիվացնում են իրենց ֆեյսբուքյան էջերը, հետևողների թիվը, նոր շունչ հաղորդում դրանց, մյուս կողմից՝ շոշափում հասարակության և մրցակիցների տրամադրությունները։
Ամենաթարմ օրինակներից մեկը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջն է։ Աբրահամյանի էջը վաղուց գոյություն ուներ, սակայն 2015 թվականի մայիսի 30-ից հետո այն չէր թարմացվել։ 7-ամսյա ընդմիջումից հետո առաջին գրառումը ցավակցական՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ էր։ Այժմ նախկին վարչապետի էջը բավականին ակտիվ է, և հետևողների (լայքերի) թիվը մոտենում է 10 հազարի։
Բավականին ակտիվացել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը։ Հետևողների թիվն արդեն գերազանցում է 16 հազարը։ Այստեղ հարկ է նշել, որ պարտադիր չէ, որ էջի հետևողը լինի տվյալ անձի կամ ուժի համակիր։ Ի դեպ, փոխվել է նաև Օհանյանի էջի բովանդակային տրամաբանությունը։ Նախկինում այստեղ կարելի էր հանդիպել կիսված նյութեր, որոնք դժվար էր պատկերացնել նախարարի էջում (օրինակ՝ 2015-ի օգոստոսի 30-ին Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր News Style-ի հոդվածով, որտեղ ոճաբան Արմինե Մարտիրոսյանը խորհուրդ էր տալիս՝ ի՞նչ տեսքով գնալ դասի սեպտեմբերի 1-ին)։ Դա այնքան տարօրինակ էր, որ շատերը կարծում էին՝ Սեյրան Օհանյանն այս էջի հետ իրականում կապ չունի։
Սակայն հիմա ակնհայտ է, որ սա հենց նախկին նախարարի էջն է։ Ի դեպ, թյուրիմացություններից խուսափելու համար Ֆեյսբուքում կա, այսպես ասած, վերիֆիկացիայի հնարավորություն։ Դա կապույտ ֆոնով կլոր նշանն է, որը նշանակում է, որ Ֆեյսբուքը հաստատել է՝ էջը պաշտոնապես պատկանում է տվյալ մարդուն։ Հաստատված էջ ունի, օրինակ, «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև՝ «Ելք» դաշինքի նրա գործընկեր Էդմոն Մարուքյանը։
ՀՀԿ-ի ծանր հրետանունը՝ Արմեն Աշոտյանինը, ոչ թե էջ է, այլ անձնական օգտահաշիվ (պրոֆիլ), որն ունի 5000 ընկեր և մոտ 68 հազար բաժանորդ (հետևող)։ Այսինքն, Արմեն Աշոտյանը բավականին վաղուց արդեն լուրջ ֆեյսբուքյան լսարան ունի։
Արտակ Հարությունյանը նշում է, որ «քաշ հավաքելու» պրոցեսի մասն է կազմում նաև կեղծ (ֆեյք) պրոֆիլների ստեղծումը։ Քաղաքական ուժերը կամ գործիչները ձևավորում են ֆեյքերի բանակներ, որոնք հարկ եղած դեպքում կպաշտպանեն կամ կհայհոյեն որևէ մեկին, կազդեն հասարակական կարծիքի ձևավորման վրա։
Վերջին շրջանում օգտատերերն ավելի հաճախ են ստանում ընկերության հայտեր, ասենք, Ջոն Սմիթից, որը 1-2 ամիս անց կարող է անվանափոխվել Պողոս Պողոսյանի և սկսել աշխատել կոնկրետ ինչ-որ մեկի օգտին։ Ֆեյքերն ընտրություններին ընդառաջ՝ գնալով կակտիվանան։ Այնպես որ, պատրաստվեք ֆեյքերի պատերազմների։
Բացի քաշ հավաքելուց՝ քաղաքական ուժերը նաև հետախուզություն են անում վիրտուալ տիրույթում։ Արտակ Հարությունյանի տեղեկություններով՝ վերջին 2-3 շաբաթների ընթացքում Հայաստանից մեծ թվով հարցումներ են ուղղվել Social Bakers հարթակին՝ դրա գործիքներն օգտագործելու նպատակով։ Social Bakers-ը համացանցում և սոցիալական ցանցերում մոնիտորինգի համար նախատեսված լուրջ գործիքներ ունի, որոնք թույլ են տալիս ճշգրիտ պատկերացում կազմել հետաքրքրող լսարանի մասին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում