Լրահոս
Օրվա լրահոսը

«Հղի վիճակում ինձ ծեծում էր, մազերիցս էր քաշում, հարվածում մորս». Բռնության ենթարկված կինը հուզվեց (Տեսանյութ)

Հունվար 31,2017 12:52

Այսօր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով միջազգային համաժողովի ժամանակ կազմակերպիչները ներկայացրեցին մի կնոջ՝ Թագուհի Մանսուրյանին, որը փորձեց ներկայացնել, թե ինչ է կատարվել տարիներ շարունակ իր ընտանիքում, ինչպես է ամուսինը հղի վիճակում ծեծել իրեն: Կինը պատմելիս այնքան հուզվեց, որ համաժողովի մասնակիցները հորդորեցին դադարեցնել եւ կնոջը տրավմայի չենթարկել. «Մի տանջեք կնոջը»:

Թագուհին պատմեց, որ 2014-ի փետրվարին ամուսնացել է Վլադիկ Մարտիրոսյանի հետ. «Բռնություններն առաջին իսկ օրվանից եղել են մեր ընտանիքում, հիմնականում՝ կենցաղային խնդիրների պատճառով: Երբ հղի էի, անգամ այդ շրջանում էր ինձ հարվածում: Ամուսնությունից հետո սկսեց արգելել, որ աշխատեմ, Վլադիկն ինքն էլ չէր աշխատում, ապրում էինք վարձով…Հղիությունս բարդացած էր, ստիպված տեղափոխվեցի հայրական տուն, վեճերը շարունակվեցին իմ հայրական տանը եւս, վիրավորում էր ծնողներիս…2014-ի նոյեմբերին առաջին անգամ զանգահարել եմ ոստիկանություն, երբ եկավ մեր տուն՝ փորձելով առեւանգել երեխային: Դեկտեմբերին ծնողներիս կամքին հակառակ որոշեցի գնալ Վլադիկի մոտ, տուն էր վարձել, մեկ ամիս ապրեցինք, այդ մեկ ամսում երեք անգամ ինձ ծեծեց, խուսափում էի ծնողներիս հետ հանդիպել, որովհետեւ կապտուկներով էի»:

Կինը պատմեց, որ անընդհատ խոշտանգումների է ենթարկվել. «Դուռը կոտրեց, մազերիցս էր քաշում, երբ երեխան գիրկս էր: Այդ ընթացքում էլի զանգահարել եմ ոստիկանություն, կողքի շենքի հարեւանները եկան օգնության: Ոստիկանությունը չեկավ»:

Նա ասաց, որ երբ սկսել են դատական գործընթացները, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշել է ընդամենը 6 ամսով ազատազրկման դատապարտել ամուսնուն, բայց պայմանականորեն չկիրառել պատիժը, ինչը նշանակում է, որ Վլադիկ Մարտիրոսյանը, լինելով ազատության մեջ, նորից շարունակել է հետապնդել եւ խոշտանգել Թագուհի Մանսուրյանին. «2016-ի հուլիսի 7-ին ծնունդս էր…հարձակվեց ինձ վրա, հարվածեց մորս: Զանգեցինք ոստիկանություն՝ խնդրելով սաստել Վլադիկին: Ինձ ու մայրիկիս տարան բաժանմունք, իսկ Վլադիկը հրաժարվեց ներկայանալ»:

Թագուհին բռնությունների հետեւանքով ծանր վիրահատության է ենթարկվել: Հետո դիմել է կանանց աջակցման կենտրոնին. «Կատարվածը դեռեւս ծանր հիշողություններ եւ ապրումներ է առաջացնում, բայց, կարծում եմ, կկարողանամ հաղթահարել եւ օրինակ լինել իմ պես կանանց, որոնք բռնության են ենթարկվել իրենց զուգընկերների կողմից: Կուզենամ կանայք իմ նման պայքարեն իրենց իրավունքների համար, չվախենան մենակ մնալուց, խոսեն իրենց հետ կատարված բռնությունների մասին, չամաչեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031