Գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ Ալեքսանդր Ռարի պնդմամբ՝ կա մեկ այլ պատճառ ևս, որի համար Ադրբեջանը չի ցանկանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգում։ Ըստ Ռարի, Ադրբեջանը, ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակում, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում փորձում է մրցակցել իր հակառակորդ Հայաստանի հետ՝ նրան ստվերում թողնելով ոլորտներում, որոնցում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում։
«Այսինքն՝ Ադրբեջանը չէր ցանկանա իրերի մի այնպիսի դրություն, երբ Հայաստանն արդյունավետորեն գործակցում է ԵԱՀԿ-ի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունները հավասարեցնել Ադրբեջան-ԵԱՀԿ հարաբերությունների մակարդակին, քանի որ մտավախություններ ունի, որ այդ հարաբերությունների շնորհիվ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբից արտոնյալ կարգավիճակ է ստանում»,- ասաց Ալեքսանդր Ռարը։
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը ևս նույն խնդիրը մատնանշեց։
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն այդ գրասենյակի գործունեությունը Երևանում ընկալում է՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առավելություն Հայաստանին։ «Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին՝ փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն։ Իրավիճակը բարդ է, յուրաքանչյուր երկրի ընկալումները և եզրակացությունները՝ տարբեր»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Սակայն Հալբախն ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա ևս։ «ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունների կայունության համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ավելի խորապես վերլուծի իր քայլերը հենց ԵԱՀԿ որոշումների կայացման ընթացքում՝ առիթներ թույլ չտալով դրանց վատթարացման համար։ Հայ-ռուսական հարաբերությունների հետևանքով պատահել են դեպքեր, երբ Հայաստանը վտանգի տակ է դրել իր հեղինակությունը ԵԱՀԿ-ում։ Կարծում եմ՝ սա ևս ուշադրության արժանի հանգամանք է։ Վտանգ կա, որ սա և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ գուցեև որոշակի արդյունքներ տան։ Պետք չէ բոլոր սլաքներն ուղղել Ադրբեջանին, իհարկե, այս դեպքում Ադրբեջանն է փորձում խափանել երկարաձգման գործընթացը, բայց կան նաև միտումներ, որոնք Հայաստանին դուրս են դնում այս կառույցի հետ արդյունավետ աշխատանքից։
Խոսքը Հայաստանի մի քանի քվեարկությունների մասին է վերջին տարիների ընթացքում, որոնք անակնկալ են եղել ԵԱՀԿ-ի համար»,- ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Հալբախը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում