Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է. Անահիտ Բախշյանը՝ վարչապետին

Հունվար 31,2017 12:06

Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:

Չեմ թաքցնի, ակնդետ հետևել եմ ոլորտի բարեփոխումներին միտված Ձեր բոլոր հանձնարարականներին, որոնք կատարելու համար Ձեր կողմից տրված ժամկետներն անհավանական կարճ են, որն էլ ստիպել է պետական լիազոր մարմնին ընդամենը գրի առնել չուսումնասիրված, չհիմնավորված լուծումներ: Չնայած՝ արդար կլինի, եթե ասեք, որ Ձեր կողմից տրված հանձնարարականները ոչ միայն նորություն չեն, այլև դրանք եղել են նաև Ձեզանից առաջ: Ի՞նչ են ասելիքս ու դիտարկումները հատկապես «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրվածի առնչությամբ՝ ըստ նույն համարակալման:

Առաջին դիտարկումս այն է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ոլորտը պետք առաջնորդվի «Կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքով, որը պետք է  ընդունվի 5 տարին մեկ: Առաջինը եղել է 2001-2005թթ., երկրորդը՝ 2011-2015թթ., երրորդը՝ 2016-2025թթ. տասնամյա ծրագիրը, ոչ միայն չկա, այլև  Ձեր անելիքների մեջ նույնպես նախատեսված չէ: Իհարկե, օրենքի լինելը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև 2011-2015թթ. օրենքով նախատեսվում էր կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ին, որն անցած 5 տարիներին այդպես էլ 2.6%-ից չբարձրացավ: Ինչևէ, ասելիքս այն է, որ չունենք կրթության զարգացման 2016-2025թթ.ծրագիրը:

Կետ 2. ասում եք՝ «Ապահովվել է հանրակրթական հիմնարկների թափանցիկությունը, ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում»: Փորձեցի համացանցում գտնել հանրակրթական հիմնարկների տվյալների շտեմարանը: Միայն Սյունիքի մարզի դպրոցների կայքէջերում կային «Հաստիքացուցակ» և «Տարեկան հաշվետվություն» պատուհանները, որոնք բոլորը չէ, որ օրինակելի էին, բավական հաջող էր Ագարակի դպրոցի կայքը: Կարելի է իրենց օրինակը տարածել մարզի մյուս դպրոցներում այնպես, ինչպես 2015-ից հրապարակվում են Երևանի դպրոցների ֆինանսական լիարժեք հաշվետվությունները, բայց ոչ դպրոցների կայքում, այլ Yerevan.am կայքի «ֆինանսներ» պատուհանում, որոնք կարող են տեղադրվել նաև իրենց կայքերում: Մյուս մարզերի դպրոցների կայքերում ես չգտա, գուցե ոլորտի լիազոր պետական մարմինը գիտի՞, թե որտեղ են դրանք տեղադրված:

Կետ 4. նույն վերնագրի 4-րդ կետում գրված է. «Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները: Ներկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը»: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե այս նոր կրթակարգը Ձեր թվարկած ո՞ր խնդրի լուծումն է տալու: «Նոր կրթակարգ» փաստաթուղթ ասելով հավանաբար նկատի ունեք ԿԳՆ կայքում տեղադրված «Ազգային կրթակարգ» փաստաթղթի նախագիծը, որի ստեղծման հիմնական ուղենիշ է ներկայացվել նաև «Կրթության զարգացման պետական»՝ գոյություն չունեցող ծրագիրը: Ս.թ. հունվարի 27-ին «Առավոտ» թերթում հրապարակել եմ «Պետական չափորոշի՞չ, թե՞ ազգային կրթակարգ» հոդվածը, որտեղ ներկայացրել եմ  վարկային վերջին ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսվածն ու իրականացված փաստաթղթի անհամապատասխանությունը: Վարկային ծրագրով մեր կողմի պարտավորությունը եղել է՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին»: Այս նպատակին հասնելու համար նախատեսվել է 0.5 մլն դոլար ծախսել: Այնինչ գրվել է օրենքով չսահմանված փաստաթուղթ՝ Ազգային կրթակարգ, որը չի լուծում Ձեր ասած խնդիրը: Նոր կրթակարգը սահմանում է ուսումնական 9 բնագավառ` 1) հայոց լեզու, գրականություն 2) օտար լեզուներ 3) մաթեմատիկա 4) ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) 5) բնություն, բնական գիտություններ 6) հասարակություն, հասարակական գիտություններ 7) արվեստ, հոգևոր մշակույթ 8) տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն 9) ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն: Այստեղ չի երևում Ձեր ներկայացրած խնդրի՝ ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման բնագավառը, էլ չեմ ասում՝ ժամանակացույցը: Ի դեպ, այս կրթակարգով ներկայացված ուսումնական պլանների ժամաքանակն էլ նույնն է, ինչ գործող ուսումնական պլաններինը: Նաև առաջարկվել է 7-11-րդ դասարաններում  6-օրյա ուսումնական շաբաթ: Իսկ այն, ինչ 12-րդ դասարաններում ներկայացրել են որպես ավագ դասարանների ծրագրերի բեռնաթափում, դա այնքան էլ այդպես չէ, դա ընդամենը ԲՈՒՀ ընդունվողներին ընդառաջելու քայլ է:

Կետ 6.այս կետով, որպես արդեն ներդրված ծրագիր, ներկայացվել է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություն­ներում: Այնինչ այս ծրագիրը պետք է գործի 2018-ից:

Ասելիքս այն է, որ «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է:

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031