Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ A-ն է պետք, ոչ B-ն

Հունվար 31,2017 10:20

Շաբաթ օրը «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Եռաբլուրում, ի տարբերություն այլ պաշտոնյաների, չի խաչակնքել: Դա պարզապես հետաքրքիր մանրամասն էր, տեղեկություն, որը ոչ մի գնահատական չի պարունակում: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք խաչակնքելուց 5 րոպե անց սարսափելի մեղքեր են գործում: Կան նաեւ այնպիսիները, որոնք նման սովորություն չունեն կամ նույնիսկ ընդհանրապես աթեիստ են, բայց ազնիվ, պարկեշտ մարդիկ են: Կարող է, իհարկե, նաեւ հակառակը լինել` ոչ մի մահկանացու որեւէ մեկի դատավորը չի: Բայց արի ու տես՝ լրագրողի նկատած փոքրիկ երանգի, դետալի շուրջ ֆեյսբուքում եւ «Առավոտի» կայքում ակտիվ քննարկում ծավալվեց, թե ինչու «Առավոտն» այսպես գրեց, ինչ նկատի ուներ եւ այլն:

Կամ` A քաղաքական գործիչը B գործչի մասին վատ բան է ասում, B-ն կարող է զանգել խմբագրություն եւ դժգոհել` «ինչու է «Առավոտը» մեզ «հագնում»: Բայց իրականում «հագնում է» ոչ թե «Առավոտը», այլ A գործիչը, մենք ընդամենը վերարտադրում ենք: Եթե բան ունես ասելու, նույն ձեւով «հագիր» այդ A-ին (իհարկե, կոռեկտության սահմաններում), եւ եթե մենք չհրապարակենք, ապա կարող ես կասկածներ ունենալ, որ մենք կատարում ենք A-ի պատվերը կամ գոնե համակրում ենք նրան: Իհարկե, դժվար է հավատալ, որ մեզ ոչ A-ն է պետք, ոչ B-ն:

Նույն ձեւով առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հիշել էր տարիներ առաջ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած քննարկումը եւ այդ հիշողությունը հրապարակեց «Առավոտում»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հերքեց դա՝ պնդելով, որ այդ ամենը սուտ է (սիրով կհրապարակեինք նաեւ Վիկտոր Սողոմոնյանի ասածը, եթե նա հերքումը մեզ ուղարկեր): Ես, չլինելով խնդրո առարկա քննարկման մասնակիցը, չունենալով դրա տեսագրությունը կամ ձայնագրությունը, չեմ կարող պնդել՝ այս մեկը ճիշտ է ասում, իսկ այս մեկը՝ սուտ: Բայց անհասկանալի տրամաբանությամբ Լիպարիտյանի ասածը վերագրում են «Առավոտին»:

Հասկանում եմ, հիմա ընտրություններ են, եւ լրատվամիջոցները, լրագրողները, ֆեյսբուքում «ստատուսներ» եւ մեկնաբանություններ գրող մարդիկ աշխատում են այս կամ այն թիմի համար: Նորմալ է, խնդիր չկա: Պարզապես մեր լրատվամիջոցն այդ ամենին չի մասնակցում:

Ես, իհարկե, մտածում եմ երկրին հուզող խնդիրների մասին, եւ ինչքան որ խելքս կտրում է, փորձում եմ ուղիներ առաջարկել: Բայց, անկեղծ ասած, ես ինձ մի կերպ եմ ստիպում կարդալ եւ մտածել այն մասին, թե ով որ քաղաքական ուժից է դուրս եկել, ով որտեղ է մտել, ով որ ցուցակում որ տեղում է լինելու, եւ ինչպես են բաշխվելու տեղերը իշխանությունից սերած մեկ կուսակցության եւ երկու դաշինքների մեջ: Նրանց եւ մնացածներին լուսաբանելը մեր աշխատանքն է, որը փորձում ենք անել առավել բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ: Բայց նրանցից որեւէ մեկի համար հուզվել կամ որեւէ մեկին երկրպագել չենք պատրաստվում:

Երկու ամիս է՝ կանցնի կգնա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Նախընտրական ամիսները փող աշխատելու ժամանակշրջան է լրագրողների համար: Մի պայմանով, որ ընտրությունները դեռ պարունակում են մեկին մյուսից նախընտրելու տարրը: Նույնիսկ Ռուսատանում դեռ 90-ականների վերջին, երբ դեռ իրականին մոտ ընտրություններ էին, բավականին լուրջ “թվեր” էին աշխատում ծանոթ լրագրողներ`թե ռեկլամային ֆիլմեր նկարելու, թե հոդվածներ գրելու վրա: Եվ դա, կարծում եմ, նորմալ է: Այ, երբ որ ընտրությունները վերածվում են խեղկատակ առևտրի`արդեն անելու բան չկա: Մնում է խոսել ինչ որ անհասկանալի արժեքնրի, անհասկանալի ազնվության, վեհ գաղափարների մասին: Հասկանում եմ, դժվար է ասել, որ այս ամբողջ խեղկատակությունը արդեն “փող” չի բերում լրագրողներին: “Բազառ”-ին խառնվելու համար լրիվ ուրիշ մակարդակ է պետք:

  2. henri says:

    Խաչակնքել -չխաչակնքելը անձնական հարց է- Մեր նախագահը կաթողիկոսին չափ կը խաչակնքէ բայց չի նշանակեր թէ կաթողիկոս է,Նափոլէոն /իսկականը ոչ մերինը/ կ՝ըսեն որ Եգիպտոս եղած շրջանին բոլոր մզկիթներն ալ կը մտնէր ,ատոր փոխարէն հակակղերական էր և հրամայեց բոլոր վանքերը փակել տալ /փրկուեցաւ միայն Մխիթարեան մայրավանքը/Ս,Ղազար/-այդ չի նշանակեր որ իսլամացած էր- Մերոնք զգայուն են նման երեւոյթներու ՝ խօսելու առիթ կը փնտռեն /թէև իրենք յաճախ խաչակնքել իսկ չեն գիտեր,օտարի աչքով կը նային եթէ իմանան որ Կաթողիկէ ես,բայց վստահաբար չգիտեն թէ Դանիէլ Վարուժանն ,Պօղոս Նուպար Փաշան ,Մկրտիչ Պէշիկթքշեաններն ալ կաթողիկէ էին /և իրենց նման շատ մը ընտիր հայորդիներ՝՝՝ եթէ հարց տաս թէ ինչ՞ է տարբերութիւնը ՝ան ալ կ՝անգիտանան ,,,շատ հետաքրքիր է թէ ինչպէս մենք հայերս ուրիշին կեանքին մէջ կը մտնենք,դատաստաններ կ՝ընենք-կը դատապարտենք կամ կը գնահատենք առանց
    ըմբռնելու թէ սա նձնական հարց է -Յիսուս կ՝ըսէ Փարիսեցիներն ու Սադուկեցիներն ալ մովսէսի տուած օրէնքները հաւատարմօրէն կը պահէին,բայց մաքսաւորներն ու պեռնիկները իրենցմէ առաջ պիտի ժառանգեն Աստուծոյ արքայութիւնը քանի որ մարդկանց երեւնալու համար չէին ըներ –

  3. Հ.Շ. says:

    Այդ լուրը չէի նկատել:

    Լրագրողի նշումը տեղին է: Աննշան մանրամասն չէ:

    Վարչապետի բացատրությունը ի՞նչ է,
    որ չէ խաչակնքվել:
    Լաւ կը լինի որ իրեն այդ հարցը տրվի:

    Այս մասին նաեւ պարտաւոր է արտահայտվելու Կաթողիկոսը:

    Եթէ Պարոն Վարչապետը անհավատ է, դա իր խնդիրն է,
    սակայն առ ի հարգանք այն ժողովուրդին որու վարչապետն է,
    առ ի հարգանք Եռաբլուրի նահատակների եւ անոնց ընտանիքների հավատքին,
    թող բարեհաճէր այդ մե՜ծ ճիգը անել խաչակնքվելու:

    Երկար ժամանակ Ռուսաստան էր,
    երանի գոնէ այս մարզում այնտեղից բան սովորած լիներ:

    Ամեն դէպքում, մինչեւ հիմա, կինոյի դերասանի, շփացած «աստղ»ի ձեւերից, «պիջիմներից» զատ, բան չտեսանք: Խօսքե՜ր եւ խօսքեր, ոչ մի իսկական գործ:

  4. Մ.Գրիգորյան says:

    Էլի մեջ ընկա՞ք, պարոն հայդուկ: Ձեր (նաև լրագրողի, առավելևս կաթողիկոսի) ինչ գործն է, թե ով կխաչակնքի, ով՝ ոչ: Դա անձնական հարց է: Ինչքան նկատել եմ, Ձեր «ջուրը նորմալ մարդկանց հետ մի առվով չի գնում». այսպես ասում ենք հայերս ամեն ինչի մեջ «կեղտ» փնտրողներին: Դուք «Գանատա» նստած Հայաստանի վարչապետին «կինոյի դերասան» ու «շոուի աստղ» եք որակում, ունե՞ք այդ իրավունքը: Մի քիչ պարկեշտությունն ու համեստությունը չէր խանգարի: «Առավոտը» սիրահոժար իր ընթեցողներին հնարավորություն է տալիս ազատ արտահայտվելու, դա չի նշանակում, ով ինչ անբախ զամբախ դատողություն ունենա ներկայացնի հանրությանը:

    Հ.Գ. Ի դեպ, վարչապետին չեմ ճանաչում, ուղղակի մարդը իրեն ոչնչով չի արատավորել:

    • Հ.Շ. says:

      խնդիրը այստեղ «կեղտ»ի հետ բնաւ եւ իսկապէս կապ չունի

      որպէս հայ, իրաւունք չունի՞մ մտահոգվելու որ Հայաստանի Վարչապետը կարող է հարց ունենալ քրիստոնէության հետ !

      նաեւ հիշում եմ թէ անցյալին ինչպիսի խնդիրներ արծարծվեցան, պատնություններ տարածվեցան, երբ որ առիթով մը Առաջին Նախագահը չէր խաչակնքված, իր տիկնոջ կողքին, եկեղեցւոյ մէջ…

      մէկ կէտի վրայ դիտողությունդ ճիշտ է սակայն՝ նկատի ունենալով որ Հայաստանի բնակիչ չեմ, այո, պէտք է որ զսպվիմ այդտեղի քաղաքական մարդոց մասին շատ կարծիք հայտնելէ… նամանաւանդ, ընտրությունների շեմին. սակայն ինչ անեմ…երբեմն փորձությունը անդիմադրելի է… պիտի ջանամ սակայն ինքնազսպումի հաւելյալ ճիգ թափել, այս ուղղությամբ…

      (սակայն այլ նյութերու պարագային, թերեւս պէտք է դրականօրէն գնահատէք որ թա՜ Գանատա ապրող անձ մը այսքան հետաքրքրվում է Հայաստանով… մինչ կարող է որքան հանգիստ իր կյանքը ապրիլ ու վայելել, առանց այդ մասին այսքան մտատանջվելու…
      քերականութիւնը ոչինչ, բայց մինչեւ իսկ մեսրոպեան/գրաբարեան ուղղագրությունս դիտմամբ քայքայելու վրայ եմ, ձեզի համար…)

  5. Garegin says:

    Հարգարժան Աբրահամյան, իմ կարծիքով հստակ չեն այն չափորոշիչները, որոնցով մենք փորձում ենք գնահատականներ տալ պետական պաշտոն զբաղեցնող մարդկանց: Ի վերջո, այդ չափորոշիչների հիմքում մեր ավանդույթներն են?, օրենքով սահմանված կարգը?, “շեֆի” տեսակետը , թե այլ դրույթներ: Վարչապետը պետ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031