Հունվարի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Կանադայի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.
«Հարգելի պարոն դեսպան Քյոր,
Տիկնայք և պարոնայք,
25 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ:
Անցած քառորդ դարի ընթացքում մենք կարողացանք մեր երկրների միջև ձևավորել ջերմ բարեկամության և սերտ համագործակցության ամուր և կայուն հարաբերություններ: Հայ-կանադական կապերն, անշուշտ, շատ ավելի հին պատմություն ունեն և սկիզբ են առնում Կանադայում առաջին հայերի հաստատումից:
Կարդացեք նաև
Միջազգային ասպարեզում Կանադան այսօր հայտնի է իր լայնածավալ մարդասիրական ծրագրերով: Սակայն քչերը գիտեն, որ ամենաառաջին այդպիսի ծրագրերից մեկով կանադական կառավարությունը Օնտարիո նահանգի Ջորջթաուն քաղաքում պատսպարել և նոր կյանք սկսելու հնարավորություն է տվել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109 հայ մանուկների:
Կանադան սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ի պաշտպանություն արդարության ու ճշմարտության` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձները:
Մենք կարևորում ենք ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հանդեպ Կանադայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշումը և արժևորում ենք կանադացի այն խորհրդարանականներին, ովքեր անձամբ այցելել են Արցախ:
Հայաստանի ու Կանադայի միջև փոխայցելություններն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում են շարունակական բնույթ: Վերընթաց զարգացում են ապրում տնտեսական հարաբերությունները, որոնք տարածվում են բազմաթիվ ոլորտների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև հանքարդյունաբերություն: Ամուր են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր:
Արդյունավետ է մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հատուկ գոհունակությամբ պետք է նշեմ մեր սերտ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որի գագաթաժողովը 2018թ. հյուրընկալելու պատվին արժանացավ Հայաստանը:
Ցանկանում եմ ընդգծել այն կարևոր դերը, որ կանադահայ համայնքը խաղում է` բազմաթիվ տարաբնույթ նախաձեռնություններով իրար կապելով մեր երկրները:
Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտության և գովեստի խոսքեր հղել Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորին, ով իր անձնակազմի հետ միասին տեսանելի աշխատանք է տանում հանուն հայ-կանադական հարաբերությունների զարգացման:
Այսօր հայ-կանադական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, նոր քառորդդարյա շրջան: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով բարեկամությունն ու գործընկերությունը Հայաստանի և Կանադայի միջև կշարունակեն խորանալ և ընդլայնվել` նոր նշանակալի էջեր գրանցելով մեր հարաբերությունների շտեմարանում:
Շնորհավորում եմ այս կարևոր հոբելյանի` Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով»:
Միջացառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան կանադացի և հայ արվեստագետներ։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն