«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) այսօր դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Վերջինս ԲՀԿ քաղխորհրդի անդամ էր, եւ վերջին շրջանում բավական ակտիվ մասնակցել է կուսակցական-կազմակերպչական աշխատանքներին:
«Ես ցավում եմ, որ Գրիգոր Գրիգորյանն այդպիսի որոշում է կայացրել»,- ասաց տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինքը եւ կուսակցական գործընկերները գրեթե ամեն օր հանդիպել են Գրիգոր Գրիգորյանի հետ, զրուցել են, փորձել են համոզել նրան`ետ կանգնել նման որոշումից: «Իր որոշման մեջ նա անբեկանելի էր»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերվում է պատճառներին, մեր զրուցակիցն ասաց, որ թե Գրիգոր Գրիգորյանի, թե Ռուբեն Գեւորգյանի դեպքում, ճիշտ կլինի այդ հարցով դիմել հենց նրանց: Հիշեցնենք, երեկ ԲՀԿ-ն լքել է նաեւ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո):
«Մեկ բան հստակ է` հատկապես Գրիգոր Գրիգորյանը շատ մեծ աշխատանք է կատարել ԲՀԿ-ի կառույցների հետ: Ես իրապես ցավում եմ, որ նա նման որոշում կայացրեց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Գրիգոր Գրիգորյանի հետ կապվել մեզ առայժմ չհաջողվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
https://www.youtube.com/watch?v=nrnZSLwfzVs