Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տարածքների կարգավիճակը միայն կարող է ազատագրված լինել ու ո՛չ օկուպացված

Հունվար 30,2017 22:23

Հայաստանյան արտաքին քաղաքականությունը շարունակում է նույն պատեհական գործունեությունև ու նորից հիմնավորում, որ ինքն զուրկ է ինքնիշխանությունից: Արդեն քանի տարիներ ԵԽԽՎ–ի նիստերին Հայաստանից Ազգային ժողովի պոլիգլոտ երեսփոխանները հասնում են եվրոպաներ (վստահ ենք, պետական մեծ ծախսերով), հետո այնտեղից վրդովված ու ինքնագոհ կեցվածքով՝ հերթական հակահայ որոշումն ու զեկույցը շալակած վերադառնում Երևան: Ու պարզում են, որ մեղավոր են բոլորը, որովհետև Եվրոպան խարխափում է կոռուպցիայի մեջ, խավիար (իհարկե, ոչ սմբուկի) սիրողները տարատեսակ միջազգային կառույցներում շատ են, հիմա էլ հասկացանք, որ հայկական կոնյակի բուրմունքը չհաղթեց խավիարի ախորժ համին: Ու նորից կրվեցինք, սա է հայ երեսփոխանների ասածը:

Իսկ մենք ասում ու կրկնում ենք, որ ոչ միայն Հայաստանի Ազգային ժողովը, այլև այս հանձնաժողովը  հատկապես,  պատահական, հավակնոտ, գոռոզ, անաշխատունակ, դիվանագիտական մշակույթից հեռու, թեև պոլիգլոտ՝ հավաք է: Ամեն մի այց Եվրոպա դառնում է պատուհաս երկրի ու ժողովրդի անվտանգության համար: Նրանք ակնկալում են կառուցողական քայլեր Ադրբեջանից,  եվրոպական կառույցներից, այլ երկրների պատգամավորներից: Հարց. ու՞մ հետ: Այդ ինչ կառուցողական քայլ է մշակել ու ձեռնարկել հայաստանյան հանձնաժողովի թե՛ ներկա կազմը, թե՛ նախորդները: Խոսում են հակամարտությունից, ո՞ր, մի՞թե Արցախյան, և ո՞րն է նրանց պատկերացումը: Ահա նրանց արած եզրահանգումները իրենց գործուղումներից. «հակամարտության տարածքներ»՝ այս վերջինից, «գրավյալ տարածքներ»՝ նախորդ  գործուղումից, ու այսպես մինչ ե՞րբ: Գործուղումից վերադարձածները խոսում են օտարերկրացիների «խիստ վտանգավոր քաղաքական բառապաշարից», երբ իրենք հանպատրաստի կիրառում  և օգտագործում են հենց այդ օտարերկրացիների մշակած ու թելադրած բառապաշարը:

Ուրիշներից պահանջում են հարգալից վերաբերմունք հարցին, երբ ի վիճակի չեն լիարժեք ձևակերպել հարցը և հարցի շուրջ չունեն սեփական մշակած փաթեթը: Կամ, եթե այդ միջազգային կառույցները կախյալ են «Ադրբեջանի պատվիրակության կարծիքից և ադրբեջանական քարոզչությունից», ապա ժամանակը չէ՞ որ մեր պատվիրակությունը նախ դադարեցնի մասնակցությունը այդ կառույցների աշխատանքներին (իհարկե, սա նշանակում է հրաժարվել սկզբից էլիտար գործուղումների հնարավորությունից, ու ոչ միայն), ապա բացատրի, թե իրենք ու±մ կարծիքից ու քարոզչություից են կախված, ի՞նչ կողմնակալություն է թելադրված հենց իրենց, որ համառորեն մեջքով են կանգնում 1988-92 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում ազգությամբ հայ քաղաքացիների դեմ Բաքվի ռեժիմի հակամարտության փաստին ու խուսափում են իրական խնդրի ըմբռնումից: Այլապես, ինչպե՞ս հիմնավորել վտանգավոր այս պարտությունների շարանը:

Այո՛, Հայաստանի Ազգային ժողովի երեսփոխանները ճիշտ են նկատում, որ թուրքերն ու ադրբեջանցիները ոչ միայն մարդ են կաշառում, այլև պետականորեն մշակած խնդիր են դրել ու լուծում են, ու խնդիրը խավիարը չէ: Խնդիրը մեր երեսփոխանների անպատասխանատվությունն է, նրանց հանցավոր անգործությունն ու անպատժելի մնալու վստահությունը:

Այո՛, երեսփոխաններ, Ազատագրված տարածքներին հերթական անգամ ձեր իսկ թողտվությամբ կոչեցին վերահսկվող-օկուպացված, դուք էլ ձեր ներկայությամբ հաստատեցիք այդ: Ու դեռ անամոթաբար մեղքը գցեցիք ձեր նախորդների վրա, երբ որ թե՛ նախորդները, ու թե՛ դուք վարում եք ծույլ, անհեռատես ու ապազգային արտաքին քաղաքականություն: Դուք այդպես էլ չուզեցիք մշակել իրական հիմնավորում ձեր նախընտրած էլիտար ու անգլախոս ամբիոնի համար, թե ինչո՛ւ այդ տարածքների կարգավիճակը միայն կարող է Ազատագրված լինել ու ո՛չ օկուպացված:

Դուք համառորեն մոռացության եք տալիս 1988-92 թվականներին Նախիջևանում, Գարդմանքում, Կիրովաբադում, Սումգայիթում, Շաքիում, Շամախիում, Բաքվում, Շամքորում և Ադրբեջանական ԽՍՀ–ի ողջ տարածքում, ամենուր, որտեղ հայերս ապրել ենք հազարամյակներ համախումբ, մեր նկատմամբ կատարված ցեղասպանությունը: Մենք՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից 660 000 հայ փախստականներս, մեր տունն ու տեղերը, շեները, մեր դպրոցները, եկեղեցիները, մահարձանները, գերեզմանոցները, մեր ամեն բան ստիպված էինք թողնել, ստիպված էինք մորթվելու սպառնալիքի տակ թողնել ու հեռանալ, միայն թե հասցնեինք փրկել մեր երեխաներին, ծնողներին, կանանց: Շատերին կորցրինք…կորցրինք ու չկարողացանք փրկել անասելի իր դաժանությամբ սպանդից, աննկարագրելի սպանդի ձևերից ու մարդակերությունից: Համատարած  ցեղասպանությունից փրկվեցինք մեր և արցախյան ինքնապաշտպանական ուժերի շնորհիվ միայն, երբ նրանք լայն ճակատով դիմակայեցին ցեղասպան մեքենային ու կասեցրին սրա առաջընթացը: Բռնկվեց արցախյան պատերազմը,  ու ցեղասպան մեքենայից ազատագրվեցին տարածքներ, որտեղ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները այսօր էլ ապրում են Արցախի պաշտպանական բանակի հովանու ներքո:

Ազատագրված տարածքների կարգավիճակը ձեր թերուս աշխատանքով այսօր էլ դուք հավասարեցրիք գրավյալի, կրկին ոտնահարելով հայ փախստականների իրավունքները, ու նորից Բաքվին ռազմական ագրեսիայի քարտ բլանշ տվեցիք և արդարացրիք Ալիևին, որ վերջինը կրակի Ազատագրված տարածքները «օկուպացված» պահող մեր զինվորների և այդտեղ բնակվող փախստականների վրա: Դուք հրահրում ու հիմնավորում եք, որ Բաքուն այսօր էլ շարունակի ցեղասպանությունը: Իսկ  սա հանցանք է ժողովրդի, հայ փախստականների ու նրանց շահերի նկատմամբ:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

30.01.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031