«Էլեկտրիկ Երեւան» նախաձեռնությունից հայտնի քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջիկա ԱԺ ընտրություններին կառաջադրվի Լոռու մարզում՝ թիվ 9 ընտրատարածքում:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունից իր առջեւ կուսակցական դառնալու պարտադիր պայման չեն դրել, ինքը կմնա անկուսակցական:
Վաղինակ Շուշանյանի խոսքով, ինքը մի քանի կուսակցություններից արդեն առաջարկներ ստացել էր իրենց ցուցակներով թեկնածություն առաջադրելու վերաբերյալ, բայց մերժել է, թե կոնկրետ որ կուսակցություններից են առաջարկները եղել, Վաղինակ Շուշանյանը չցանկացավ հստակեցնել. «Այդ կուսակցությունների հակագովազդ կլինի, դրա համար ես կփորձեմ չբարձրաձայնել: Իսկ ինչու հենց «Ազատ դեմոկրատներ», որովհետեւ բավականին երկար ճանապարհ ունեմ այդ կուսակցության որոշ անդամների հետ անցած՝ սկսած Պերմյակովի դեպքերի ժամանակվանից միասին նախաձեռնություններ ենք ունեցել, ակցիաներ կազմակերպել: Բացի այդ, գաղափարական կուսակցություն է, ինձ ավելի հոգեհարազատ էր, դրա համար ընդունեցի հենց «Ազատ դեմոկրատների» առաջարկը: Բավականին բարձր եմ գնահատում մեր շանսերը, կարծում եմ՝ շանսեր կան խորհրդարան անցնելու:
Կարծում եմ՝ ժամանակն է բացի փողոցային պայքարներից, ձայնը լսելի դարձնել վերին ամբիոններից: Բաներ կան, որոնք երիտասարդ սերունդը կարող է փոխել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին, նախկին պաշտոնյաների ընդդիմադիր կեցվածքին, պատգամավորի թեկնածու Վաղինակ Շուշանյանը զերծ մնաց գնահատականներ տալուց. «Ամեն մեկն իր չափով իր գործն է անում, ո՛չ կպիտակավորեմ, ո՛չ էլ կարող եմ ինչ-որ մեկնաբանություն թողնել նրանց մասին: Ամեն մեկն իր գործով թող զբաղվի: Դեռ չեմ ուզում կարծիք հայտնել նրանց մասին, քանի որ դեռ ընդամենը ինչ-որ գործընթացների ձեւավորումներ են տեղի ունենում, երբ այդ վերադասավորումներն ու գործընթացներն ավարտվեն, դրանից հետո պարզ կդառնա՝ ով ինչ նկրտումներով է մտնում քաղաքական դաշտ կամ ոնց է վերադարձել քաղաքականություն»:
Լոռեցի Վաղինակ Շուշանյանը նաեւ ասաց, որ խորհրդարան մտնելու իր նպատակը Լոռիում տարիներ շարունակ չլուծվող խնդիրների լուծմանը նպաստելն է. «Խնդիրներ կան տնակներում ապրող քաղաքացիների առումով, աշխատատեղերի բացակայություն, դրա պատճառով արտագաղթ… մարդիկ հոգնել են հին քաղաքական դեմքերից, որոնք նույն բանն են խոստանում, բայց չեն իրականացնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ