Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհիվ իշխանության` որևէ մեկի քթից արյուն չեկավ». Հովհաննես Սահակյանը` ավտորիտար երկիր լինելու մասին

Հունվար 30,2017 20:58

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության վերաբերյալ ամենամյա հաշվետվության «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցում  արձանագրված է, որ Հայաստանը, 2016-ի ընթացքում 4 քայլ հետ գնալով, արդեն դասակարգվել է 120-րդ տեղում և այլևս համարվում է ավտորիտար երկիր:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը այս զեկույցը դիտարկեց քաղաքական համատեքստում ` շեշտելով, որ նախընտրական ժամանակահատվածում ինչ-ինչ խմբերի կարող է ձեռնտու լինել նման զեկույցի հրապարակումը: Մեր հարցին` արդյոք ՀՀ իրականությունն ու այս զեկույցում ներկայացված պատկերը համընկնո՞ւմ են, պարոն Սահակյանը պատասխանեց. «Եթե համեմատենք այն երկրները, որոնք գոնե անզեն աչքով ավտորիտար են, երբ լրագրողներին ու ընդդիմախոսներին բանտարկում են մեր

հարևան երկրում, և եթե համեմատականով նայենք, այնտեղ ավելի լավ է, քան մեզ մոտ, անզեն աչքով դա բնական է, որ նման եզրակացության կարող են գալ, քանի որ նախընտրական ժամանակաշրջան է մեզ մոտ, տարբեր հետաքրքրություններ կան, առավել ևս, որ մենք այս ընտրություններին բավականին լրջորեն ենք պատրաստվում թե՛ ժողովրդավարության տեսնակյունից, թե՛ որ մենք պետք է նորմալ ընտրություն կազմակերպենք, որպեսզի հետագայում մեր երկիրը բոլոր առումներով` տնտեսության և ժողովրդավարության առումով շատ ավելի արագ զարգանա ու գնա առաջ: Ուստի կարող են տարբեր մոտեցումներ լինել և տարբեր հետազոտող խմբերի դիրքորոշումները կարող են այս ժամանակահատվածում տարբերվել»:

Մեր այն հարցին` արդյոք իշխող կուսակցությունում մտահոգված չե՞ն, որ Հայաստանը դասվել է ավտորիտար երկրների շարքին, պարոն Սահակյանը պատասխանեց. «Գուցե այդ բառի իմաստը լավ չեն հասկանում: Ավտորիտար գրելու համար պետք է մի քանի հատկանիշներ առնվազն լինեն, հենց այդ պատճառով էլ չեմ ուզում մտնել մասնագիտական գնահատականների մեջ, այլ տալիս եմ քաղաքական գնահատական»:

Մեր այն դիտարկմանը, թե «Էլեկտրիկ Երևանը», ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունները արդյոք չազդեցի՞ն ՀՀ-ի վարկանիշի վրա, պարոն Սահակյանը պատասխանեց. «Մեր երկրի հիմնական պողոտաներից մեկը քանի օր ու շաբաթ փակված էր, որտեղ պետության և իշխանության կարևորագույն շենքերն ու շինություններն էին գտնվում: Մինչդեռ իշխանությանը, որին պատկանում է համաչափ ուժի կիրառումը,  օրենքով սահմանված կարգով ուժ կիրառելու մասին է  խոսքը, որը պետության մենաշնորհն է, չարեց նման բան, հետևաբար, եթե նայենք այս ամենին, պատկերը պարզ կլինի»: Պարոն Սահակյանը օրինակ բերեց Փարիզը, երբ կենտրոնում զինված մեկ-երկու հոգի գործողություններ էին ուզում կատարել, տեղնուտեղը գրոհում էին և այլ ընթացք տալիս: Զուգահեռներ անցկացնելով ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածի հետ` պարոն Սահակյանն ասաց. «Քաղաքի կենտրոնում զինված խումբն օրեր շարունակ մնացել էր ու շնորհիվ իշխանության որևէ մեկի քթից արյուն չեկավ, դրան հակառակ երկու ոստիկանի զոհ ենք տվել»:

Մեր այն հակադարձմանը, թե այդ ոստիկանի մահվան պատասխանատվությունը ևս կրում է իշխանությունը, պարոն Սահակյանն արձագանքեց. «Մեր բոլորի պատասխանատվությունն իշխանության վրա է, բայց իշխանությունը չէ այդ ոստիկանների վրա կրակել: Պարզ է`անկախ ամեն ինչից ում կողմից է վատ գործողությունը,  պատասխանատվությունն իշխանության վրա է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031