Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը՝ իր ու Ծառուկյանի նմանությունների մասին. «Եկեղեցաշեն մարդ է, ողորմած է, ես էլ եմ ողորմած»

Հունվար 30,2017 20:32

Այսօր հաստատվեց մեր այն տեղեկությունը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը միանում է Գագիկ Ծառուկյանի դաշինքին վարկանիշային ցուցակով:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց. «Էդ ինչ է եղել, որ տենց խառնվել եք իրար: Ինչ կա որ՝ մի հոգի, ասենք, էն կողմից գնում է մի ուրիշ կողմ»:

Մեր դիտարկմանը, որ մի հոգի չի արդեն՝ Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը, Մհեր Սեդրակյանը, հիմա էլ դուք եք գնում՝ Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ինչ է եղել, 7000  հոգի մտել են, թող մի 3 հոգի էլ դուրս գան»:

Մեր հարցին՝ Դուք ասել եք, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրել եք, բայց ՀՀԿ-ից ասում են, որ Դուք դուրս եք եկել Շիրակի մարզային կառույցից, ոչ թե ՀՀԿ-ից՝ նա պատասխանեց. «Ես մի անգամ դիմում եմ տվել 5 տարի առաջ, մարզի խորհրդի նախագահից դուրս գալու ժամանակ ես հիշում եմ, որ այնտեղ այնպիսի դիմում եմ գրել, որ կուսակցությունից եմ դուրս եկել, ինչքան հիշում եմ: Բայց հիմա ասում են, որ պետք է նորից դիմում գրվի, ուրեմն ես վաղը էդ դիմումը կուղարկեմ, նորից կուղարկեմ: Ժամանակ ունենք, դա իմ իրավունքն է, ես էլ իմ իրավունքը այդպես եմ անելու»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ընտրեցիք հենց Գագիկ Ծառուկյանի դաշինքը, այսօր դաշինքներ շատ կան, ինչո՞ւ հենց դա՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, Ծառուկյանի դաշինքը նրա համար, որ ոնց որ նմանն զնմանին գտանե: Հիմա ասեմ ինչի համար Ծառուկյանը: Նախ, նրա համար, որ եկեղեցաշեն մարդ է, մենք էլ ենք եկեղեցաշեն, ողորմած է, ես էլ եմ ողորմած, խիղճ ունի, հետո կառուցապատող է, մենք էլ ենք կառուցապատող: Ու, ճիշտն ասած, էդպես Աստված կամեցավ»:

Մեր հարցին՝ այդ հատկանիշները, որ նշեցիք՝ կառուցապատող, եկեղեցաշեն, այդ նույն հատկանիշներով մարդիկ ՀՀԿ-ում չկա՞ն՝ նա պատասխանեց. «ՀՀԿ-ում շատ լավ ընկերներ ունեմ, շատ լավ մոտիկներ ունեմ: Ես չեմ հեռացել ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն է ինձանից հեռացել: Մի բան ասեմ՝ հաղթանակած կուսակցությունը, երբ ամբողջ երկրի ստրուկտուրաներն իր ձեռքում են, այդտեղ ընդհանրապես ձգտում են մտնել, ոչ թե այնտեղից դուրս գալ: Հասկանալի՞ է, պետք է մի քիչ տարանջատվի»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ն իր թեկնածուներին առաջադրել է. «Ինքը 5 տարի է՝ խորհրդի նախագահ է ընտրել, ամեն ինչ արել է: Ես 5 տարի է՝ կապ չունեմ: Ի՞նչ պիտի անեի, որ»:

Մեր հարցին՝ Ծառուկյանի դաշինքին գաղափարների համար չեք միացել, զուտ անձնական համակրա՞նք է՝ նա պատասխանեց. «Ընդհանրապես որ նայում ես հիմա բոլոր կուսակցություններին գաղափարական թեզերին, բոլորն էլ էնքան իդեալական են, որ չեմ պատկերացնում հանկարծ մի հատ կուսակցություն կլինի, որ իրա գաղափարները հայրենիքի շահերին չբռնի»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից, ի՞նչ արդյունքներ եք սպասում՝ նա պատասխանեց. «Շատ լավ, դրական, շատ նորմալ, շատ գեղեցիկ, շատ լավ: Ես ձեզ մի բան ասեմ՝ ընդհանրապես ընտրություններից առաջ՝ մրցումներից առաջ խոսել պետք չի: Կգա ժամանակը ՝ կտեսնենք: Քարոզարշավ կանցկացնենք օրենքի սահմաններում: Ես 5 անգամ հաղթանակ եմ տարել՝ 96-ից մինչեւ 2012 թվականը քաղաքականության մեջ եմ եղել, եւ ամբողջ ժողովուրդը իմ հետեւից է գնացել՝ առանց գումար բաժանելու, առանց կեղծիքներ անելու»:

Հարցին՝ այդքանից հետո հիմա դժվար չէ՞ ձեզ համար ուրիշ դաշտում լինելը՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Չէի ասի»: Վերջում ճշտեցինք՝ նեղացա՞ծ եք ՀՀԿ-ից՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ նեղանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031