Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց նույն ինստիտուտի կուրսանտ Գեւորգ Վարդանյանը: Նա Հայկազ Բարսեղյանի սենյակից է եղել ու ականատես եղել կուրսանտի սպանությանը:
Գեւորգ Վարդանյանն այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախապես հայտնեց, որ նախաքննական ցուցմունքի ժամանակ շփոթված ու սթրեսային վիճակում է եղել, այդ է պատճառը, որ որոշ դրվագներ խառնել է, բայց հետագայում քննիչներին տեղյակ է պահել ու փոխել ցուցմունքը:
Գեւորգ Վարդանյանը պատմեց, թե ինչպես են Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտ կանգնած, հարվածել Հայկազի կրծքավանդակին՝միաժամանակ հայհոյելով: Վկան սկզբում ամբաստանյալների անուններն էր շփոթել Նորիկ Սահակյանի փոխարեն նկարագրելով մեկ այլ կուրսանտի՝ Վարազդատին, բայց հետո վերհիշել է դրվագները ու պատմել, որ իրականում Նորիկն է եղել:
Վկայի խոսքով, ինքն այնքան էր վախեցել կատարվածից, որ տեւական ժամանակ խուսափել է մարդկանց հետ շփումներից. «Մենակություն էի ուզում: Հոգեկան վիճակս խանգարված է եղել, ես մինչեւ հիմա դեղեր եմ խմում»:
Գեւորգ Վարդանյանը Հայկազի սպանության օրը տեսել է նաեւ Վաչե Սահակյանին եւ Մովսես Ազարյանին, մինչ Նորիկն ու Գնելը հարվածում էին, Վաչեն ու Մովսեսը կանգնած նայում էին. «Ահավոր վախեցել էի, դրա համար քնած ձեւացա: Որովհետեւ գիտեի՝ եթե ձայն հանեի, իմ նկատմամբ էլ նույն հաշվեհարդարն էր լինելու»:
Վկայի պատմելով, ինքը չի մտածել, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են, երբ տեսել է՝ ինչպես են ծեծից հետո Հայկազի թեւերն ընկած տանում նրան սենյակից,մտածել է, Հայկազի ուշքը գնացել է, տարել են ուշքի բերեն:
Գեւորգ Վարդանյանի խոսքով, առավոտյան արդեն Հայկազ Բարսեղյանին անկողնում չեն տեսել, նրան գտնելու հրաման են ստացել, իսկ ավելի ուշ նրան գտել են կախված վիճակում: Հիշեցնենք, որ սպանված Հայկազ Բարսեղյանի սենյակում վեց կուրսանտ է եղել, արդեն երեքը հարցաքննվել են: Երեքն էլ պնդել են, որ վախեցել են արձագանքել:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Նրանք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանին ծեծելով սպանելու, ապա հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ