Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը խնդրում է, որ Հովիկ Աբրահամյանը կամուրջները չայրի եւ վերջնական որոշում չկայացնի

Հունվար 30,2017 18:46

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանին հարցրեց՝ Հովիկ Աբրահամյանի անջատումը ՀՀԿ-ից մեծ հարված ու կորո՞ւստ է ՀՀԿ-ի համար: Նա պատասխանեց. «Չէ, անջատումը որն է, իր որոշումն է: Իսկ ինչպիսին է հարվածը՝ նայած մենք ինչ նկատի ունենք՝ հարված ասելով»:

Մենք ճշտեցինք, որ նա ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի շտաբի պետն է եղել ընտրություններում եւ լուրջ դերակատարում է ունեցել՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Համամիտ եմ, մեր առանցքային կուսակցական ղեկավարներից է եղել Հովիկ Աբրահամյանը, եւ, իհարկե, կա ափսոսանք, որովհետեւ երկար տարիների համատեղ աշխատանք կա: Ես, ԱԺ-ում լինելով՝ Հովիկ Աբրահամյանը եղել է իմ անմիջական ղեկավարը: Այս առումով է նաեւ, որ ես հայտնում եմ իմ ափսոսանքը: Իհարկե, նա առանցքային դերակատարում ուներ, տարբեր ընտրություններում ղեկավարել է ՀՀԿ-ի շտաբը,  բայց ինչպիսին կլինի արդյունքը կոնկրետ այս համապետական ընտրություններում՝ արդյունքը ցույց կտա»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է «դարձ ի շրջանս յուր» լինի՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես շատ կցանկանայի, որ որոշումը, որը կայացրել է իմ գործընկերը,  չլինի այսպես կամուրջներ այրելու որոշում եւ չլինի վերջնական որոշում: Համենայնդեպս իմ ցանկությունն է, որ մենք ՀՀԿ-ում նորից տեսնենք ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլ բոլոր այն գործընկերներին, ովքեր կայացրել են նմանատիպ որոշում»:

Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրահամյան, Մհեր Սեդրակյան, Վարդան Ղուկասյան, նրանք բոլորը լքում են ՀՀԿ-ն, սա չի՞ խոսում ՀՀԿ-ից արտահոսքի մասին՝ Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ի վերջո պիտի գար մի ժամանակահատված, որը պիտի անվանենք սերնդափոխության շրջան. «Ցանկացած սերնդափոխություն որոշակի ցավոտ գործընթաց է իր մեջ պարունակում: Ըստ իս, այդ սերնդափոխություն ասվածն է տեղի ունենում: Վարչապետ Կարեն Կարապետյանը երբ նշանակվեց, Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ ասաց, որ առաջացել է անհրաժեշտություն նոր դեմքի, որ իր նոր մոտեցումներով նոր շունչ կհաղորդի այդ փոփոխություններին: Ամենաճշգրիտ բնութագրումը հենց դա է: Հիմա չգիտեմ որտեղ կգտնեն իրենց տեղը քաղաքական արեւի տակ նախկին ՀՀԿ-ականները կամ իշխանություն կրողները, բայց մենք պիտի հաշիվ տանք, որ կան գործընթացներ, որոնք անփոխարինելի են: Ես  չեմ ընդունում, երբ ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց ասեմ նաեւ, որ անփոփոխելի պաշտոնյա էլ չկա: Յուրաքանչյուր պաշտոնյա պիտի իրեն հաշիվ տա, որ վաղ թե ուշ ինքը պիտի փոփոխվի անպայման: Կարծում եմ, հիմա սերնդափոխության ժամանակը հասունացել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031