Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեր կնոջը ծեծելով՝ հափշտակել է 260 դրամ

Հունվար 30,2017 17:49

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 26-ին մեկնարկել է Իջեւան քաղաքի 29-ամյա բնակիչ Վազգեն Օնիկի Օհանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2016թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում փայտ վաճառելու, ջուր խմելու պատրվակով մուտք է գործել Իջեւան քաղաքի Տերյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 տուն: Նա նշված տնից գույք հափշտակելու նպատակով, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով դեմքի եւ գլխի հատվածում հարվածներ հասցնելով, կոկորդից բռնելով, սպանության սպառնալիքներ տալով, հարձակվել է այդ տան բնակչուհի, 69-ամյա Սուսան Վարդապետյանի վրա,նրանից պահանջել է գումար եւ բջջային հեռախոս:

Վ.Օհանյանը գումար գտնելու համար ստուգել է կնոջ անկողինը, հագուստի գրպանները, բաճկոնի գրպանի դրամապանակից վերցնելով այնտեղ առկա 260 դրամը՝ դիմել է փախուստի:

Վ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով («Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով»): Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ: Վ. Օհանյանը գտնվում է կալանքի տակ:

Ամուրի, նախկինում գողության համար դատված Վ. Օհանյանը նույն դատավորի՝ Ռաֆիկ Մելքոնյանի կողմից նախկինում դատապարտվել է ծեր կնոջ նկատմամբ կատարած բռնաբարության փորձի համար: Վ. Օհանյանը 2011թ. հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել Իջեւանի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն, բռնություն գործադրելով եւ բռնության սպառնալիքներ տալով՝ տարեց կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարել: Բռնաբարություն կատարելուն խանգարել է տարեց կնոջ թոռը, որը ժամկետային զինվորական ծառայությունից արձակուրդ գալով՝ այդ ժամանակ եկել էր տատին տեսության:

4-ամյա կրթությամբ Վազգենը առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինվորական ծառայության չի զորակոչվել: Ամբուլատոր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վազգենը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նրա մոտ առկա է «սահմանային մտավոր հետամնացություն»:

2012թ. հունիսի 4-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Վ. Օհանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031