ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում, հանձնարարությունը տրվել է՝ «հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները»։
Միայն Վրաստանով
Փաստ է, որ ցամաքային ճանապարհով Հայաստանը Ռուսաստանի հետ կարող է կապվել ամենակարճը Վրաստանի ճանապարհով։ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ կայացնելու տարբերակը, ցավոք սրտի, չի էլ կարող քննարկվել։ ՀՀ-ից ՌԴ տանող այլ ճանապարհները կնմանվեն շուրջերկրյա ճամփորդությունների։ Ուրեմն, մնում է միայն Վրաստանը, որի տարածքով էլ հայկական բեռնատարները մտնում են Ռուսաստան՝ անցնելով Վերին Լարսի անցակետը։
Կարդացեք նաև
Իսկ ահա դեպի Վերին Լարս տանող լեռնային ճանապարհը բնակլիմայական պատճառներով տարեկան մի քանի ամիս փակ է լինում: Վրաստանի տարածքով Ռուսաստան հասնելու մյուս ճանապարհները, կարող ենք ասել, որ քաղաքականապես անգործունակ են։
Աբխազական երկաթուղին վերաբացելու հնարավորության մասին խոսվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին՝ 2012-ին, երբ Վրաստանում իշխանության էր եկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը և ակնկալիքներ կային, թե ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում կարող է լուծվել նաև այդ խնդիրը։ Մասնավորապես, աբխազական երկաթուղին վերաբացելու մասին այն ժամանակ հայտնել էր վրաց վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, ում կարծիքով, անթույլատրելի է, որ Աբխազիան տրանսպորտային ուղիներով և տնտեսապես կապված լինի բացառապես Ռուսաստանին։ Ըստ այն ժամանակվա վրացական դիրքորոշման, ավելի լավ էր հաղորդակցություն սահմանել Աբխազիայի հետ և այդ կերպով ինտեգրել անջատողական շրջանը Վրաստանին։
Անհույս է
Դա, սակայն, տեղի չունեցավ, քանի որ պաշտոնական Թբիլիսին մինչ այժմ չի համաձայնվում բացել Աբխազիայի հետ սահմանը և այդկերպ ջուր լցնել իր տարածքային ամբողջականությանը սպառնացող ջրաղացին։
Դրա փոխարեն վրացական գնացքները բարեհաջող Ռուսաստան են հասնում Ադրբեջանի տարածքով: Այլ կերպ ասած, Աբխազական երկաթուղու փակ լինելուց Վրաստանի տնտեսությունը շատ չի տուժում… Ի տարբերություն Հայաստանի տնեսության (քանի որ հայ գործարարները չեն կարող Ադրբեջանով հասնել Ռուսաստան):
Իսկ աբխազական երկաթուղու վերաբացումը ներկա փուլում միմիայն Մոսկվայի եւ Թբիլիսիի խնդիրն է, ինչը նաև նախագահ Սերժ Սարգսյանն է խոստովանել 2014 թվականի հունիսին։
Նույնն է վիճակը նաև Հարավային Օսիայի դեպքում։ Ավելի պարզ լինելու համար, վրաց-հարավօսական սահմանը կարելի է անվանել «շփման գիծ», ինչը արդեն բավականին պարզ ցուցադրում է այդ սահմանով հայկական բեռների տեղափոխման անհնարինությունը։
Անհնարինության մասին են վկայում նախկինում այս մասին արված հայտարարություններն ու դրանց արդյունքները։ Հիշենք թեկուզ 2016 թվականի հունիսին այն ժամանակվա տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարությունները, թե հայ-վրացական բանակցություններ են ընթանում Վերին Լարսին այլընտրանք գտնելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, այդ բանակցությունների մասին ուրիշ ոչինչ էլ հայտնի չդարձավ, փոխարենը՝ որոշ ժամանակ անց վերաբացվեց սողանքի պատճառով փակված Լարսն ու կյանքը շարունակեց հոսել սովորականի պես։
Սև ծովը
Իհարկե, դիտարկելով այս տարբերակները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, վարչապետի հանձնարարության համաձայն ՝ կարող է դիտարկել ծովային ուղիները, միայն թե՝ դա արդեն յուրացված տարբերակ է, մշտապես օգտագործվում է և որևէ նորություն իրենից չի ներկայացնում. հայկական բեռները հասնում են վրացական նավահանգիստ, բարձվում լաստանավ, հասնում Ռուսաստան ու շարունակում ճանապարհը ցամաքով։ Սակայն դա շատ դանդաղ է ու թանկ:
Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու է Կարեն Կարապետյանը այսպիսի անիրատեսական հանձնարարություններ տալիս նախարարին, այն էլ՝ սահմանելով հստակ ժամանակացույց մինչ մարտի 1-ը։
Հնարավոր է, իհարկե, որ նախարարը գտնի որևէ էքստրաօրդինար տարբերակ, որի մասին դեռևս ոչ ոք գլխի չի ընկել կամ էլ, ասենք, կիրառի զարմանալիորեն հայտնված կախարդական փայտիկը։ Սակայն ավելի իրատեսական է, որ Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին խոսակցությունը լինի ընդամենը նախընտրական աժիոտաժի մի մաս։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»