Չե՞ք զղջացել, որ ԲՀԿ-ից դուրս եք եկել՝ տեսնելով, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է: Այսօր «Հենարան» ակումբում այս հարցին Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը պատասխանեց. «Գիտեք, ժամանակներն ընթանում են առաջ եւ հետադարձ հայացքներով քաղաքական գործունեություն չի լինի կառուցել»:
Նա ասաց, որ նախկին ղեկավարին՝ Ծառուկյանին շատ հարգում է. «Ծառուկյանի մասնակցությամբ մրցակցային դաշտը ընտրություններում մեծանում է: Ծառուկյանի հետ ԲՀԿ-ն մի բան էր, առանց Ծառուկյանի՝ մի բան: Ինչ վերաբերում է նրա շանսերին, դրական եմ գնահատում»:
Նա ասաց, որ Ծառուկյանը համակիրների մեծ բանակ ունի եւ բնական է, որ իր քվեները շատ են լինելու: Լրագրողների հարցին՝ ԲՀԿ-ն մարդ կուսակցություն չէ՞՝ նա պատասխանեց, որ առանց ուժեղ առաջնորդի որեւէ կուսակցություն չկա, որ հաջողություն ունենա. «Օրինակ կարող եմ բերել ՀՀԿ-ն, որը մարդ կուսակցություն չէ, բայց ունի ուժեղ առաջնորդ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի»:
Մենք ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ականները, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ողջունեցին Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, բայց Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասաց, որ ինքը չի ողջունում նրա վերադարձը, ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը, որ ՀՀԿ-ականները ողջունում են, իսկ Սերժ Սարգսյանն այնքան էլ ուրախ չէ Ծառուկյանի վերադարձով: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Չասենք ուրախ չէ, ուղղակի Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո բազմաթիվ հարցադրումներ եղան, եւ նախագահն ուղղակի արձագանքեց այդ հարցադրումներին՝ մեկ նախադասությամբ: Իսկ իմ գործընկերներն ով ինչպես է արձագանքել՝ դա նրանց իրավունքն է եւ նրանց տեսակետն է»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ից արտահոսքի հետ կապված մեր հարցին պարոն Դավթյանը պատասխանեց. «Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է եւ բնականաբար լինում է համալրում եւ լինում են մարդիկ, որ այս կամ այն պատճառաբանությամբ կամ առանց պատճառի ցանկություն են ունենում դուրս գալու կուսակցությունից…Ցանկացած ՀՀԿ-ական, ով որոշում է կայացնում դադարեցնել իր անդամակցումը ՀՀԿ-ին, ես ափսոսանք եմ հայտնում՝ լինի դա Հովիկ Աբրահամյանը, թե Մհեր Սեդրակյանը կամ մեկ այլ ՀՀԿ-ական»:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ սա ՀՀԿ-ի կազմաքանդման սկիզբը չի՞ լինի՝ Արտակ Դավթյանը ծիծաղեց:
Շրջանառվում է, որ պատգամավորների որդիներն են հիմա էլ գալու՝ իրենց փոխարեն: Այս առնչությամբ Արտակ Դավթյանն ասաց, որ եթե պատգամավորների որդիները ունեն բոլոր այն հատկանիշները, ինչը գնահատելով ընտրողն իր քվեն կտա՝ դա նորմալ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ