«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերին իր հնարավոր առնչության մասին հարցին՝ ասելով. «Իմ ելույթը առաջին կրակոցից 3-4 ժամ առաջ է եղել, ոչ զոհեր կային, ոչ արտառոց դեպքեր, ուղղակի բոլորը կանխատեսելով` փորձել եմ կանխել»:
Ուշագրավ է այն, որ Օսկանյանը պնդում է, թե «արտառոց դեպքեր» չեն եղել՝ կարծես մոռանալով վաղ առավոտյան Ազատության հրապարակում կատարվածը:
https://www.youtube.com/watch?v=vfxSVEIpDE8&t=1s
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ին ՀՀ ՆԳՆ ուժերը հարձակվել են ցուցարարների վրա: Ոստիկանությունը կիրառել է մահակներ ու «էլեկտրաշոկ»: Տասնյակ անձինք ստացել էին ծանր վնասվածքներ, մինչդեռ այդ օրը երեկոյան տված ասուլիսում Օսկանյանը դրանք հետեւյալ կերպ է բնորոշում. «Կան տուժածներ` հիվանդանոցում պահված անձինք, նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Վնասվածքների չափը բավական մեղմ է: Մարդկանց վնասվածքների տեսակն իսկապես վկայություն է այն բանի, որ այնտեղ արտառոց ուժ նրանց նկատմամբ չի կիրառվել, բայց եղել է իսկապես մեծ դիմադրություն»:
Կարդացեք նաև
Այստեղից հարց է ծագում՝ նման դեպքերը մի՞թե արտառոց չեն: Բացի այդ, եթե «արտառոց դեպքեր» չեն եղել, ինչպե՞ս են քաղաքացիները վնասվածքներով հայտնվել հիվանդանոցներում:
Հիշեցնենք, որ առավոտյան Ազատության հրապարակում կատարվածից հետո նաեւ 100 անձ է ձերբակալվել: Տարածքն արյան հետքերից մաքրելու համար օգտագործվել են ջրի մեծ տակառներ…
Նկատենք նաեւ, որ վերջին հարցազրույցում Վարդան Օսկանյանն ասում է. «Ես կոչ եմ արել երկխոսության, ես քաղաքական այրի պատասխանատվությամբ այդ օրը ուզել եմ ժողովրդի հետ խոսել, որովհետեւ համարձակվել եմ դա անել, ընդհանրապես կապ չեմ ունեցել այլ երեւույթների հետ»:
Սակայն մարտի 1-ին իր տված մամուլի ասուլիսում նա երկխոսության կոչ է հղում ոչ թե իր, այլ նախագահի անունից. «Փոխանցեմ նախագահի միանշանակ ցանկությունն առ այն, որ ինքը կուզենար տեսնել հարցի հանգուցալուծումը քաղաքական դաշտում: Բայց եթե գործարքներն ապօրինի շարունակվեն, նախագահը ստիպված է լինելու արտակարգ դրություն հայտարարելու»,-ասել էր նա:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
ամոթ է նման նյութեր պատրաստել , նման հոդվածները ամենևին էլ չեն վկայում լրագրողի բարձ մասնագիտական ունակությունների մասին :
Հոդվածի հիմքում Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի զեկույցն է, որն արվել է հանգամանալից ուսումնասիրությունների հիման վրա: