Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը սատարում է Սերժ Սարգսյանին ու չի բացառում Ծառուկյանի հետ դաշինքը

Հունվար 30,2017 17:19

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը հարցին՝ կլինե՞ք դուք ապագա խորհրդարանում՝ պատասխանեց, որ ինքը ցանկություն ունի, բայց պետք է լինի նաեւ կուսակցության ցանկությունը՝ առաջադրելու: Թե ՀՀԿ-ն ցանկություն ունի՞ առաջադրելու՝ Արտակ Դավթյանն ասաց, որ փետրվարի 16-ին վերջնաժամկետն է, այդ ժամանակ պարզ կլինի:

Նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը մեջբերեց. «՚Ինչպես Ռիչարդ Առյուծասիրտն էր ասում՝ լինելու են հավասարներն առաջինների մեջ եւ առաջինը՝ հավասարների մեջ»:

Նա հայտարարեց, որ առանձին չեն մասնակցելու ընտրություններին, հավանաբար դաշինք կկազմեն որեւէ կուսակցության հետ: Հարցին՝ ընդդիմադիր դաշտո՞ւմ եք լինելու՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Մենք պետականամետ քաղաքական ուժ ենք, սատարելու ենք ՀՀ նախագահի բարեփոխումներին եւ իհարկե, քննադատելու ենք այն ամենը, ինչը արատավոր է եւ ինչը կարող է խոչընդոտել մեր երկրի զարգացմանը»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո զրուցե՞լ եք իր հետ, հնարավո՞ր է միանաք նրա դաշինքին՝ Վահան Բաբայանն ասաց, որ դեռ չեն որոշել, առաջարկներ չեն ստացել, բայց չեն բացառում դա:

Մեր զարմանքին, որ մի կողմից հայտարարում եք՝ սատարում եմ Սերժ Սարգսյանին, բայց մյուս կողմից առաջարկներ եք սպասում ընդդիմությունի՞ց՝ չբացառելով Ծառուկյանի հետ դաշինքը՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Մենք ոչ բացառում ենք որեւէ բան, ոչ ակնարկում ենք որեւէ բան»: Նա ասաց, որ իր քվեարկությունները ՀՀԿ-ի նման են եղել ԱԺ-ում ու դրանից արդեն պետք է պարզ լիներ իրենց ուղին: Մենք ճշտեցինք՝ լավ, իշխանական դաշտում ես, բայց ինչո՞ւ եք առաջարկ սպասում ընդդիմությունից՝ кто больше սկզբունքո՞վ՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Մենք առաջարկներ չենք սպասում ընդդիմությունից, կլինեն առաջարկներ՝ կքննարկենք»:

Մեր հարցին՝ մինչեւ փետրվարի 12-ի հայտնի ելույթը եւ դրան հաջորդած իրադարձությունները այսպես ասած բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակ դուք ԲՀԿ-ում էիք, իրենց հետ նույն հարթակում էիք, քննադատում էիք իշխանություններին, ինչպե՞ս եղավ, որ այդ ամենը կիսելով՝ հանկարծ դուք իշխանական դարձաք՝ Վահան Բաբայանը պատասխանեց, որ չի ուզում երկու տարով հետ գնալ ու ասել, թե ինչպես եղավ:

Մեր հարցին՝ մարդու գաղափարները ո՞նց կարող են այդքան արագ փոխվել 180 աստիճանով՝ նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչինչ մի բացառեք, ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես պետք է տեղի ունենա եւ պետք չի փնտրել այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն: Մի փնտրեք միֆեր այնտեղ, որտեղ ամեն ինչ շատ պարզ է»:

Մեր հարցին՝ ընտրող ունե՞ք, ընտրողը չիմանա՞ ինչ ուժի հետ գործ ունի՝ նա պատասխանեց. «Վստահ եղեք, ընտրողը գիտի ամեն ինչ, դուք անհոգ եղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031