Այսօր Աշոցքի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը անվականակոչեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի անվամբ, որը նահատակվել էր դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ:
Ձորակի մեջ լվացվող զինվորներին թշնամու հարձակման ժամանակ օգնության հասած Շավարշի հերոսական արարքը ներկայացրեցին նրան ձոնված բանաստեղծություններով, այնուհետ նրա լուսանկարները ցուցադրեցին:
Միջոցառումն այնքան հուզիչ էր, որ աշակերտներից մեկը վատացավ, նրան հազիվ դուրս բերեցին դասասենյակից:
Կարդացեք նաև
Ընթերցեցին նաև Շավարշի կենսագրությունը՝ նշելով, որ նա դպրոցն ավարտել է բարձր առաջադիմությամբ, յուրահատուկ ձևով սիրել է մաթեմատիկան, ֆիզիկան ու ռազմագիտությունը: 2007 թվականին ավարտելով դպրոցը՝ նույն տարում ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Նա տան միակ տղան էր, ունի մեկ քույր՝ մասնագիտությամբ մանկավարժ, հայրն արհեստավոր է, արտագնա աշխատանքի է մեկնում, մայրը՝ տնային տնտեսուհի է, թեև երկար տարիներ աշխատել է որպես գրադարանավարուհի: Տուն պահելու հոգսը ընկած է եղել Շավարշի ուսերին:
«Նրան մանկուց հարևանները անվանում էին գեներալ, քանի որ տեսքով, կեցվածքով շատ էր նման գեներալի: Նա երբեք չէր տրտնջում, չէր բողոքում: Նա շատ լուրջ տղա էր, նույնիսկ պատանեկան տարիներին որևէ անմիտ, անհեթեթ, երեխայական քայլ արած չկար, նվիրված էր, հավատարիմ, հոգատար էր ու ընկերասեր»,- այսպես բնութագրեցին նրան:
2011 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ վիճակահանությամբ ծառայության է անցել Գորիսի զորամասում, այստեղ ճանաչվել էր դասակի լավագույն հրամանատար: 4 տարի ծառայելուց հետո, 2015 թվականին նրան տեղափոխել են Տավուշի մարզի Մեհրաբ զորամաս:
«Շավարշը 15 օր դիրքերում էր, իսկ 15 օրը՝ զորամասում: Միշտ ցանկանում էինք իմանալ, թե ինչո՞ւ է այդքան զբաղված, ինչո՞ւ է այդքան վազքի մեջ, բայց հնարավոր չէր որևէ բան իմանալ նրանից, միշտ կատակի էր տալիս, որպեսզի չպատասխանի, շատ գաղտնապահ էր»:
Հերոսը վերջին օրերին շատ տխուր է եղել, նույնիսկ քրոջը չի հաջողվել բարձրացնել նրա տրամադրությունը: Դեկտեմբերի 29-ին, երբ իմացել են Տավուշի մարզում դիվերսիոն հարձակման փորձի ու երեք զոհ ունենալու մասին, որոնցից մեկը սպա էր, անմիջապես զանգահարել են Շավարշին, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան: Շավարշը տնեցիներին անգամ իր դիրքի անունը չի ասել:
Մենք հերոսի մորից ՝տիկին Ռուզաննայից հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ ե՞րբ էր խոսել որդու հետ: «Դեկտեմբերի 27-ն էր, զանգեցի, շատ զբաղված էր, հևում էր, վազում էր, ասեց՝ մամ, սպասի մի 15 րոպեից կզանգեմ: Կես ժամից զանգեց, խոսեցինք, անտրամադիր էր, «պոստերն» էր ստուգում, երևի «պոստի» պատասխանատուն էր, դրա համար էլ վազում էր: Շատ դժվար էր, չէինք զանգում մինչև ինքը հետ չզանգեր: Ամանորը որոշել էր սահմանին անցկացնել, մի անգամ հարցրեցի, թե ի՞նչ ձևով եք անցկացնելու, ասեց, որ գնումներ պիտի անի զինվորների համար: Նախորդ Նոր Տարին էլ այնտեղ էր անցկացնել, շատ լավ Նոր Տարի էր կազմակերպել զինվորների համար, ինչպես տանը, ամեն ինչ ցուցադրեց, նկարեց, ուղարկեց, ես շատ էի անհանգստանում: Ասաց՝ մամ չանհանգստանաս, ամեն ինչ լավ է լինելու: Դիրքից իջնելուց անմիջապես հետո մի օրով տուն էր գալիս ու հաջորդ օրը վերադառնում», -պատմեց մայրը:
Տիկին Ռուզաննան ասաց, որ Շավարշը հավանել էր մի աղջկա ու ուզում էին այս տարի նրան ամուսնացնել: Մայրը դեմ է եղել, որ որդին զինվորական կրթություն ստանա, սակայն չի ցանկացել բռնանալ նրա կամքին:
Շավարշի հայրը՝ Մելիքսեթ Մելիքյանն էլ ասաց, որ ինքը չի խոչընդոտել Շավարշին զինվորական դառնալուն, դա նրա կամքն է եղել: «Երբեք մտքովս չէր անցնում, որ որդիս կզոհվի, ես միշտ հպարտ էի որդովս, չգիտեի, որ էսպիսի բան պիտի լինի..Թող մնացող սերունդը կապույտ երկնքի տակ լինի, ես պետք է հաշտվեմ, ազգին եմ տվել, նա միայն իմ որդին չէ, ազգինն էր, ազգի ժառանգն էր: Երբ ծնողները որդուն ազգին են տալիս, ուզում են, որ երկրի համար պիտանի մարդ լինի, նա զոհվեց իր երկրի, իր Աշոցք աշխարհի համար… Ձեռքերի վրա նրան հողին հանձնեցին, Աշոցքի առաջին հերոսին…»,-ասում է հայրը՝ մղկտալով, որ որդուն մի տարի չէր տեսել ու այդպես էլ չտեսավ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ