«8 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է մոտ 311%-ով, բայց այս պարագայում մեր երկրի ՀՆԱ-ն աճ չի ունեցել: Մեր ողբերգությունն այստեղ է»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքերով՝ «Այս պարտքը, ինչպես Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում ասաց՝ մենք ուղղել ենք սոցիալական կայունության ապահովմանը, կներեք, մենք այսօրվա խնդիրները սերունդների հաշվի՞ն ենք լուծելու»:
Ըստ պարոն Ասատրյանի, եթե այս քաղաքականությունը շարունակվի, ապա լուրջ խնդիրների առջեւ ենք կանգնելու:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Կենտրոնական բանկի քաղաքականությանը, պարոն Ասատրյանը նշեց, որ ԿԲ-ն մեր երկրի ինստիտուտներից ամենակայունն է. «Ուղղակի խնդիրն այն է, որ ավելի ներդաշնակ քաղաքականություն պետք է լինի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների: Այնպիսի տպավորություն է, որ համաձայնեցում անգամ չկա այս երկուսի միջեւ, իսկ եթե սա չկա, ուրեմն տնտեսական արդյունքները լինելու են ոչ լավը»:
Բանկային համակարգի մասին խոսելիս, պարոն Ասատրյանը նկատեց, որ 2015 թվականը շատ ծանր տարի էր եւ էական լուրջ վտանգներ երեւացին, բավականին լարված վիճակ էր. «Ընդհանուր ֆինանսական վիճակը՝ վնասով փակեցին, 2016-ին վիճակը շտկվեց»:
Անդրադառնալով բանկերի կապիտալիզացիայի բարձրացմանը, պարոն Ասատրյանն ասաց, որ դա որեւէ էական բան չի տվել բանկային համակարգին եւ այդ, այսպես ասած՝ բարեփոխմանը լուրջ չի վերաբերվում. «Կապիտալիզացիայի բարձրացումը բնավ չի երաշխավորում բանկային համակարգի զարգացումը: Իհարկե, ավելի բարձր կապիտալը լավ է, քան ավելի ցածրը, բայց 30 միլիարդ նվազագույն կապիտալը մեծ թիվ չէ: Դրանով չես կարող մուտք գործել միջազգային շուկա, չես կարող էժան եւ երկարաժամկետ փողեր ակնկալել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ