Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե…

Հունվար 30,2017 16:09

 Սարմեն Ղահրամանյան
/հատվածներ վեպից/

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Ու մայրը շարունակեց… ու ասաց՝ հիմա… մաման ցավդ տանի՝ ես քեզ ինչո՞ւ էդպես դաստիարակեցի: Բա, մեկը չկա՞, որ ասես՝ չէ՛, նա լավ տղա չէ, նա լավ մարդ չէ. ում մասին խոսում ես՝ լավն է, հա՛, լավն է: Սեղանիդ վրա ոչ քիչ նենգերի եմ տեսել… Ինքդ էլ գիտես, որ՝ նենգ է… բայց ձեռքդ դնում ուսին՝ նրա, նրա տան, օջախի… նրա եղած-չեղածի կենացը խմում… ու՝ չնկատվող, անտեսանելի, չվիրավորող բառերով-խոսքով, խորհուրդ-խրատներով ես ուզում մարդկանց շարքերը վերադարձնել, մարդկային ապրելակերպով ոգեշնչել: Նրան սիրելով ես փորձում Մարդ դարձնել: Էդպես չի՛ լինում, մաման մատաղ. նա՝ տունը ինչ տեսել է, ծնողներից ինչ ստացել է՝ էդպես էլ ապրելու է՝ նենգ ու սողուն: Նենգ ու սողուն: Եւ… ռադ արա… դեն շպրտիր… թոթափվիր նենգ-ստորներից. նրանց Նոր դաստիարակություն չկա՛. էդ էլ է կյանքի դրվածքը: Էդ էլ է կյանքի դրվածքը: Ու, մաման մատաղ՝ պորտդ տան պուճախն եմ գցել, որ մահացած էդ վեց երեխաներիցս հետո, դու քրոջիցդ հետո որպես առաջնեկ տղա-երեխա, եւ հետագայում՝ որպես մեր տան-տղամարդ ու մեզ ու մեր օջախին ապավեն-տղամարդ՝ հեռուները չգնաս, հեռուներում չմնաս: Հետո… քեզ շա՜տ սիրով եմ ծնել, ցավդ տանեմ: Քեզ շա՜տ սիրով-ցավով, ֆիզիկական ցավով եմ ծնել՝ Նոր տարուն: Մի ցո՜ւրտ-ձմեռ, ձյունառատ-ձմեռվա գիշեր: Ու հերդ քեզ տեսնելուց՝ իր սովորությամբ-անխոս-ուրախացած, գնո՜ւմ-գալի՛ս՝ ինձ դիմելով՝ հա՛ փեդ է լցնում վառա-րանը, հա՛ փեդ է լցնում վառարանը. «Արե՛ւ, տղայա՜… Արե՛ւ, տղայա՜…»: Էդ վե՜ց երեխաներիցս հետո, որ Աստված տարավ ու չպահեց, ու էդ վե՜ց երեխաներից հետո, որ մեր ու ձեր առաջնեկը՝ Գայանը, ու Գայանից հետո՝ դու, ու քեզանից հետո Սամվելը… որ ծնվեց… ու Աստված էդ երեքիդ պահեց, ու Գայանից առաջ էդ՝ մեկը-մեկից սիրուն՝ երեք աղջիկ-երեք տղաներին… որ տարավ… ու Սամվելից հետո սիրուն-փամփլիկ Սլավիկ-տղային… որ տարավ… ասում էի… ասում էի… Աստվա՜ծ, Աստվա՜ծ էի կանչում… Առաջնեկիս, մեր առաջնեկի՝ Գայանիս համար Աստված էի կանչում, որ կանգնեց՝ չմահացավ ու, արտասուքներս, իմ ու հորդ արտասուքները չորացավ… ու մենք զավա՛կ ունեցանք: Ու Գայանին, որպես առաջնեկի՝ սիրում ե՜մ, սիրում ե՜մ… Սամվելին, որպես քեզանից հետո մեր կրտսեր-վերջինը՝ սիրում ե՜մ, սիրում ե՜մ… Էդ երեքիդ համար… սիրում-մեռնում եմ… Բայց քեզ մի առանձնակի սիրով եմ սիրում. մի առանձնակի: Ես էլ չգիտեմ՝ ինչո՞ւ, բայց քեզ մի առանձնակի սիրով եմ սիրում: Ու թող երեխեքս՝ Գայանս ու Սամվելս չնեղանան, բայց քեզ մի առանձնակի սիրով եմ սիրում, մաման մատաղ: Ի՛մ դաստիարակածն ես… չգիտեմ ինչո՞ւ՝ դուրըս գալի՜ս ես… գալիս ես դուրը՜ս: Եւ այդքա՜ն… դիմահա՜ր… առանց խաղերի՜… ազնի՛վ-շիտա՜կ… հեռուներո՜ւմ… Ու՝ մենակ, միշտ մենակ: Էդքա՜ն ընկերներդ կողքդ կանգնած, բայց դու… մենա՛կ: Միշտ մենա՛կ: Ինչո՞՛ւ: Եւ, մեկը… վա՜յ է անում՝ վազում ես, մեկը… տնքո՜ւմ է՝ վազում ես: Ու դու՝ մենակ: Միշտ մենակ: Ու՝ դիմահա՜ր, դիմահա՜ր: Ցավդ տանեմ, ցավդ տանեմ: Բա, քո մասին ո՞վ է մտածելու: Սեղանի վրայի ամենաճո՜խ-քաղցր պատառն էլ վերցնո՜ւմ ու՝ կողքիններիդ, սրա-նրա ափսեում ես դնում… Քո՛ ափսեում դիր, մաման մատաղ, քո՛ ափսեում դիր՝ քե՛զ նայիր: Էդ թազա շորերդ էլ սրան-նրան բաժան-բաժան մի արա: Մի՛ արա: Թանկ-թանկ առնո՜ւմ… ու սրան-նրան ես նվիրում՝ թող ինքն էլ հագնի՝ չունի… Թանկ-թանկ առնո՜ւմ, հլը մի անգամ էլ չհագա՜ծ՝ թազա-թազա սրան-նրան ես բաժան-բաժան անում: Բա քեզ փող կմնա՞, հը՞, բա դու տուն-տեղ կդառնա՞ս: Բա մարդ… էդքա՜ն դժվարությամբ, էդքա՜ն դժվարությամբ՝ դպրոցից հետո երրորդ տարին-նոր՝ ժողինստիտուտ ընդունվի, որ տնտեսագետ դառնա-նորմալ մարդ դառնա-նորմալ ապրի՞, թե՞ ընթացքում էլ զուգահեռ… գրիչն առած-ժուռնալիստ դառնա ու… սրա-նրա օձիգից «գրչով» բռնած… սրան-նրան օգնի-օգտակար լինի իր գրվածքներով՝ իր դարդերն ու ցավերը թողած-մոռացած: Իր դարդերն ու ցավերը թողած-մոռացած: Սրան-նրան օգնելո՜վ՝ դու քամակդ բաց ման ես գալիս էդ հանրակացարաններում, մաման մատաղ: Ես քո ծախսելը տեսել ե՜մ… ու քամակդ բաց՝ ման ես գալիս: Անտեր մնա, է՜, հա՛, անտեր մնա ՝էդ փողը՜: Հա՛, է՜, հա՛, անտեր մնա: Անտեր մնա էդ փողը, որ չկարողացանք մի երկու կոպեկ իրար գլխի հավաքենք, մի սենյականոց բնակարան առնենք ու քեզ դուրս բերենք էդ հանրակացարանից: Հա, է՛, հա՛՝ դուրս բերենք էդ հանրակացարանից. մարդ պետական տեղաշորին ու բարձին, որ սովորեց-պոկ չեկավ ու իրենը-սեփականը չունեցավ՝ ի՞նչ սպասես էդ կարգի մարդուց: Տարիքդ էլ եկե՜լ ու… Բա, դու ե՞րբ ամուսնանաս, ե՞րբ խոխա ունենաս, խոխեքդ ե՞րբ նպատակներին հասցնես-տեղավորես: Գայանս ամուսնացավ, հա՛, Աստված պահի՝ թոռներ տեսանք: Բա իմ ու հորդ աչքը տղա-թոռ չի տեսնելո՞ւ, հը՞, տղա-թոռ չեմ տեսնելո՞ւ ես: Վայ, է՜, վա՛յ… Վա՛յ-Աստո՛ւծ՝ վա՛յ: Սենց էլ կմեռնե՜մ-կգնա՛մ ու… նիգարան կմնամ քեզանից, մաման մատաղ, նիգարան կմնամ քեզանից: Ու խնդրանքս է, խնդրանքս է. որ ամուսնանաս ու, որ-մի՝ տիտռիկ-միտռիկությունից հեռու, լուսերե՜ս-պայծառ-կրթված-լուրջ-խելացի-սեւ աչքերով-կամար ունքերով-մաքրասեր-լավ խնամված աղջիկ առնես ու ինձ հարս որպես թեւդ մտցրած բերես… կգաք՝ շիրմաքարիս գլխավերեւը կկանգնեք թեւ-թեւի տված-մտած… ու հարսս ծաղիկ կդնի քարիս… ու կասես՝ մամ, ամուսնացել եմ՝ հարսդ է: Ու ես տեսնելու եմ, մաման մատաղ, ես տեսնելու-օրհնելու եմ: Եւ տեսնելու եմ, որ է՛լ մենա՛կ չես, ու խաղաղված հոգով հանգստանալու եմ, հանգստա-նալու եմ խաղաղված հոգով…
Ու մայրը մեկեն-կտրուկ թուլացավ, ու խաղաղ ասաց, ասաց՝ լավ ես անում, ցավդ տանեմ, լավ ես անում՝ «լավություն արա՝ գցիր ջուրը… եւ մի օր դեմդ կգա»՝ էդպես է ասված: Էդպես է ասված: Լավ ես անում՝ ոնց ապրել ես՝ էնպես էլ ապրիր՝ դու փոխվողը չե՛ս, ու դու Աստծո՛ պահածն ես: Դու Աստծո՛ պահածն ես: Եւ ես, քանի՜-քանիցս համոզվել եմ՝ Նա վերեւից տեսնում ու պահում է քեզ: Նա պահում է քեզ: Ու մի՜շտ քո հետ է՝ իրեսըս նրա վետանը տակը: Նա մի՜շտ քո հետ է, եւ ձեռքը մի՜շտ քո գլխին է՝ իրեսըս նրա վետանը տակը՝ տեսել-համոզվել եմ: Տեսել-համոզվել եմ՝ Նա քո հետ է: Քո հետ է Նա… Ու մայրը սիրով ասաց, ասաց՝ ո՜նց կաս՝ էդպես էլ մնա, մաման ցավդ տանի: Էդպես էլ մնա՝ Աստված մեծ է՝ ես տեսել եմ… ու դու էլ ես տեսնելու… դու էլ ես տեսնելու, ցավդ տանեմ: Աստված Մեծ է: Դու էլ ես տեսնելու:
Ու մայրը ասեց-պրծավ, ծանր հոգոց հանեց-հոգոց քաշեց, ու թեթեւությամբ-պայծառացած շուռ եկավ ու իր ամուսնուն՝ տղայի հորն էր նայում, ու հայրը էդ ամենին անտարբեր՝ մյուս, արդեն լցված արկղի վրա չոքել եւ տնքտնքալով ու փնչացնելով՝ մշակի իր կոշտ ու զորեղ ձեռքերով արկղն էր կապկպում ամուր ու ստեղից-ընդեղից գտնված գույնզգույն-փայփլուն թելերով։ Տղան-ինքն էլ օգնում էր հորը, եւ արանքում նաեւ հորից թաքուն զըռ-փայլփլուն թելերը դեն շպրտում-պահում էր, ու հայրն առանց տղային նայելու, ռանչպարի հոգնած-ծույլ-դանդաղ քայլվածքով, խոժոռ-անտարբեր հայացքով տղայի կողմից պահված-դեն շպրտված զըռ-փայլփլուն թելերը գնում-նորից գտնում ու բերում-կապկպում էր տնքտնքալով-քաշքշելով, ու տղան չդիմացավ, անհամբեր ասաց, ասաց՝ պապա՛, էդ անտեր օդակայանում ու ինքնաթիռում եւ օդանավակայանում աղջիկներ էլ կլինեն, որ էդ զը՜ռ-փայփլուն-գույնզգույն թելերը տեսնեն արկղները կապկպած՝ իմ մասին ի՞նչ կմտածեն, եւ հայրը սովորություն ուներ, ու մի պահ մեղավոր-ժպտալով տղային նայեց դիմահար, եւ ցուցամատը բերեց ու տղայի ճակատին դրեց հոգնած-կոր-թույլ, ու դիմահար ասաց՝ աղջիկները թող ըտե՛ղ նայեն՝ արկղներին չնայեն, եւ մոր ականջովն էր ընկել «հեր ու տղայի խոսակցությունը», ու իր փայ-արկղը թողեց եւ՝ մի մեծ, հյութեղ խնձոր տղային ի ցույց բռնած, մոտ եկավ ոգեւորված-վախվորած, ու թե.
– Սա էլ ամենավերեւն եմ դնում, էնտեղ քեզ սրտով մոտիկ աղջիկ կունենաս, նրան կտաս։
Տղան ձայն չհանեց, եւ իբր, թե հորն էր օգնում, հայրը մի պահ դանդաղեցրեց՝ լեզվակռիվ է լինելու, եւ սպասողաբար շրջվեց-տղային էր նայում, բայց վերջինս իբր, թե ոչինչ էլ չի լսել՝ թելերն էր քաշքշում, ու մայրն աշխուժացավ.
– Կա՞։
– Ի՞նչ։
– «Ի՞նչ»՝ չէ։ Ո՞՛վ։ Աղջիկ ունե՞ս։
– Էս ի՞նչ է ասում, պապ, լիքը չե՞ն։ Աղջիկները՝ լիքը-լիքը։ Որին ուզես՝ տվածդ խնձորը նրան նվիրեմ։

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031