Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառում հայտնաբերվել են 4 տղամարդու եւ մեկ կնոջ ոսկորներ (Տեսանյութ)

Հունվար 30,2017 13:52

Հունվարի 30-ին «Տեսակետ» մամուլի ակումբը հյուրընկալել էր Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանին: Պարոն Փիլիպոսյանը  խոսեց Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելու ընթացքում բացված  ուրարտական շրջանի դամբարանի մասին, որտեղ թաղված են եղել 4 տղամարդ եւ մեկ կին,  գտնվել են ոսկորներ, ուրարտական շրջանի անոթներ, երկաթե սպառազինություն,  ագաթից եւ ոսկուց նյութեր:

Աշոտ Փիլիպոսյանի ասելով՝ գտածոները տեղավորվում են մ.թ.ա 7-րդ դարի սահմաններում: Նրա ձեւակերպմամբ, պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակին Սեւանի ավազանը մեծ նշանակություն է ունեցել պետության քաղաքական եւ տնտեսական գործընթացներում: «7-րդ դարը բարդ ժամանակաշրջան էր Վանի թագավորության համար»,-փաստում է գիտնականը՝ հավելելով, որ այդ շրջանի մասին գրավոր աղբյուրներն էլ քիչ են:

Դամբարանի տարածքը անիրազեկության պատճառով մի փոքր վնասվել է, քանի որ մարդիկ քաղաքացիական գերեզման են փորել ու պատահաբար ընկել հետքի վրա:

Գավառի Հացառատ թաղամասի հյուսիս-արևմտյան մասում` սարահարթի զառիթափին գտնվում է «Բերդի գլուխ» ամրոցը, որը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակների ընթացքում: Գիտնականը հայտնեց, որ «Բերդի գլուխ» ամրոցն ունի նաեւ  ուրարտական շերտ եւ 1827 թվականին հենց այս ամրոցում  է հայտնաբերվել ուրարտական թագավոր Ռուսա I –ի թողած արձանագրությունը:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ինչպես Զորաց քարերին, այնպես էլ Մեծամորի հնավայրի  պեղումներին, որտեղ միջազգային արշավախումբ է աշխատում:

Գիտնականը տեղեկացրեց, որ քաղաքային թաղամասի պեղումների ժամանակ սենյակներից մեկում հայտնաբերվել են մթա 12-11-րդ դարերի ագաթի եւ ոսկու հատիկներով վզնոցներ, որոնք կլրացնեն Մեծամորի ցուցադրությունը: Ընդ որում միայն մեկ դամբարանից պեղվել է 22 ոսկե եւ 1000-ից ավելի ագաթե ուլունքաշար:

2017-ին Մեծամորում պեղումները կշարունակվեն՝ լեհական կողմի աջակցությամբ: Պարոն Փիլիպոսյանը նշեց, որ այս տարի Վարշավայում անգլերենով լույս կտեսնի իրենց հաշվետվությունը: Նաեւ հավելեց, որ լեհական կողմը 1,5 անգամ ավելացրել է իրենց ֆինանսավորումը՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված վիճակը եւ դրա ազդեցությունը հուշարձանների վրա:

Գիտնականը խոսեց  անցյալ տարվա այլ հաջողություններից: Նշեց, որ 2015-16 թթ իրենց ՊՈԱԿ-ի 3 աշխատակից վերապատրաստվել է Վարշավայի համալսարանում՝ ձեռք բերելով վերականգնողի, հնամարդաբանի, հուշարձանային  տարածքների չափագրման մասնագետի որակավորում: Լեհական կողմը նաեւ դրոն է տրամադրել պեղվող վայրերը վերեւից նկարելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031