Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը կլքի՞ «Համախմբումը»

Հունվար 30,2017 13:10

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանի՝ կուսակցությունում մնալ-չմնալու հարցը կախված է նաև նրանից, թե արդյոք կուսակցությունում հաշվի կառնե՞ն իր այն կարծիքը, թե անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Անդրեասյանը վստահեցրեց, որ այս սկզբունքային հարցից բացի՝ իր համար կարևոր է այն, թե ինչ կազմով ու ինչ առաջնորդությամբ են գնում իշխանափոխության, որպեսզի դրանց հետո հասկանան արդյոք իրատեսակա՞ն է իշխանափոխությունը և դրանից հետո արդյոք բան կփոխվի՞ որևէ մեկի կյանքում:

Կարեն Անդրեասյանը զգուշացրեց՝ եթե առաջիկա օրերին իր պատկերացրած քաղաքական զարգացումները չլինեն, «ամեն ինչ հնարավոր է»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է վարչության մոտեցումը իր հայտնած դիրքորոշման վերաբերյալ: Պարոն Անդրեասյանը պատասխանեց. «Մեծամասնությունը վարչությունում՝ ղեկավար կազմում, «կողմ է», որ դաշինքի առաջնորդը լինի այլ մարդ, բայց դաշինքի առաջնորդությունը տալ Սեյրան Օհանյանին ինձ համար ընդունելի չէ»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞վ է դաշինքը գլխավորող՝ իր առաջարկած թեկնածուն: Պարոն Անդրեասյանն անուններ տվեց. «Առաջարկել եմ, օրինակ, որ վեճ չլինի պատմական ճանապարհ անցած գործիչներ լինեն, օրինակ՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, առաջարկել եմ նաև այլընտրանքային թեկնածու. օրինակ՝ Զարուհի Փոստանջյանին՝ հստակ հետագիծ ունեցող, իշխանափոխություն երկարաժամկետ պահանջող կին, և դաշինքն ավելի ժողովրդավար կլիներ, եթե այն առաջնորդեր կինը: Կարելի է հետո նույն տրամաբանությամբ առաջարկել, որ Ժիրայր Սեֆիլյանը դառնա առաջինը, որ ցույց տանք, թե չենք փորձում միայն նեղ կուսակցական, անձնական առաջնորդություններ դնել, այլ ուզում ենք մի մարդու տեսնել, որը կալանավորված է, և սրանով նպաստում ենք իրեն ու սատարում նրա անցած ճանապարհին: Ոչ մի պաշտոնյա, որը չի անցել քաղաքական կամ իրավական քավարանով, ինձ համար չի կարող լինել ամենաընդդիմադիր դաշտի առաջնորդը»:

Հենց Կարեն Անդրեասյանի այս դիրքորոշումն է, որ շատ քաղաքական գործիչների քննադատության թիրախում է հայտնվել: Օրինակ՝ «Միացյալ Հայաստան» խորհրդի անդամ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների նախկին պաշտպանի՝ քավարանի հետ կապված դիտարկումներին, նշել էր. https://www.1in.am/2081820.html «Կարեն Անդրեասյանը հավատաքննիչ չէ: Մեզ մոտ բոլորն իրենց դատավոր են զգում, ինչ- որ «մենթական» բան կա: Գաբրիել հրեշտա՞կն ես, ո՞վ ես, մարդկանց քավարանի բանալին ես տալիս: Իսկ դու ներելու իրավունք ունե՞ս: Մեզանից յուրաքանչյուրը քրիստոնյա է, մենք քար նետելու իրավունք ունե՞նք: Իրավունք ունեցողը չի նետում քար, նա ներում է»:

Այս առիթով պարոն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հարգում է յուրաքանչյուրի կարծիքն ու մանրամասնեց. «Ես ոչ մի բանալի չեմ տալիս, որևէ մեկին չեմ ասում, որ գա ինձ մոտ քավարանի: Ես ասում եմ, որ հասարակությունը պետք է կարողանա վստահել այն առաջնորդին, որն իրեն տանում է՝ որպես ընդդիմություն իշխանափոխության»:

Ազատ Արշակյանը նաև կարծիք էր հայտնել, թե Կարեն Անդրեասյանը թիկունքից է հարվածում կուսակցությանը. «Ես Կարեն Անդրեասյանին համակրում էի, բայց թիկունքից յուրայիններին խփելը… դա մի օրում չի որոշվել, Սեյրան Օհանյանին աջակցելու վճիռը անակնկալ չի եղել, կուսակցությունում քննարկվել է: Սուսուփուս հեռանայիր, թիկունքից չխփեիր քո կուսակցությանը, ինչո՞ւ ես վնաս տալիս…»:

Հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է, որ վնաս է տալիս «Համախմբմանը», պարոն Անդրեասյանը հակադարձեց. «Կարծում եմ, որ «Համախմբմանը» օգուտ եմ տալիս այն իմաստով, որ մարդիկ, եթե նույնիսկ վերջնական որոշում են կայացնելու, որ Սեյրան Օհանյանը առաջնորդի դաշինքը, գոնե այդ քննարկումները լինեն ոչ թե ընտրությունից մի քանի օր առաջ, երբ կարող են իսկապես ձայներ կորցնել այդ դաշինքում, այլ հիմա՝ այսքան շուտ, նույնիսկ չառաջադրված: Դրա համար վստահ եմ, որ ոչ թե վնաս եմ տալիս, այլ միգուցե օգտակար եմ լինում, քանի որ փակ չի կարելի խոսել ու ամեն ինչ ծածկադմփոց անել: Կարծում եմ՝ «Համախմբումը» բավականին ժողովրդավար կուսակցություն է, որ կարելի լինի կարծիք հայտնել: Ես լուռումունջ չեմ մտել «Համախմբում», որպեսզի լուռումունջ դուրս գամ, մտել եմ այնտեղ իմ հրապարակային խոսքով, և եթե ունեմ կարծիք, իրավունք ունեմ նաև ներքին քննարկումներում բարձրաձայնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031