Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Առաջիկա ընտրությունները լինելու են խառոշիների կռիվ» (Տեսանյութ)

Հունվար 30,2017 13:05

«2015-ի դեկտեմբերի 7-ին հայտարարվեց, որ այս Սահմանադրությունը ընդունվել է, այն ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր: Անցյալ տարի մենք դա տեսանք`ապրիլյան պատերազմ, հուլիսյան իրադարձություններ եւ այլն»,- «Հայելի» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանն`անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:

Սահմանադրության ընդունումը քաղաքագետը համարում է 1915 թվականի ցեղասպանությանը հավասարազոր արհավիրք մեր ժողովրդի գլխին: Նա կարծում է, որ այդ փաստաթուղթը գրվել է, որ ամրագրվի գործող նախագահի իշխանությունը, ինչը հակասում է գործող զարգացումներին:

«Սեյրան Օհանյանը, որպես բանակում «այո»,-ն ապահոված, Հովիկ Աբրահամյանը, որպես «այո»,-ի շտաբի պետ, շատ բան ունեն ասելու: Երբ կասեն, կխոսեն`կտեսնենք»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում չկան կուսակցություններ, կան տարբեր չափի եւ նպատակների խմբավորումներ, որոնք ինչ-ինչ շահեր են սպասարկում:

Գագիկ Ծառուկյանն, որը նախկինում օլիգարխ էր համարվում, հիմա ողջունվում է նրա վերադարձը քաղաքականություն, Կարեն Կարապետյանին, որն ընդամենը մեկ ամիս է կուսակցությունում՝ դարձնում են փոխնախագահ եւ այլն, այս ամենը քաղաքագետի բնորոշմամբ՝ շահեր են: Իսկ շահերի ֆոնին խոսել քաղաքական գործընթացներից եւ զարգացումներից, անիմաստ է:

«Եթե չունենք նորմալ կուսակցություններ, այս Սահմանադրությունը բերում է պատերազմի բոլորի դեմ»,-ասաց Սուրեն Զոլյանը: Նրա գնահատմամբ, առաջիկա ընտրություններում «խառոշիների եւ նրանց շահերի բախում» է լինելու: Քանի որ ընտրատարածքները խոշորացրել են, հիմա, ասենք, Աջափնյակի եւ Արաբկիրի «խառոշիներն» են իրար դեմ դուրս գալու, ինչը բանախոսի համոզմամբ, մեզ տանում է հինգերորդ դար:

«Այս իրավիճակում, ում ձեռքին են ուժայինները, նա էլ թելադրելու է խաղի կանոնները, ինչը, իհարկե, Հայաստանին, լավ բան չի կարող տալ: Բայց ոստիկանությունից ուժեղ ուժը կաշառքն է ու չի բացառվում, որ ոստիկանությունը մի օր հիշի այն, ինչ որ գրված է իրենց պատերին`ծառայում ենք ժողովրդին»,- ասաց քաղաքագետը`չբացառելով թեժ հետընտրական գործընթացները, երբ ինչ-ինչ ուժեր կփորձեն օգտագործել հասարակության մի հատվածին սեփական հարցերը կարգավորելու համար:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նա կարծում է, որ հիմա պետք է կառչել «Սասնա ծռերի» առաջ քաշած երկու կարգախոսներից` Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ազատություն քաղբանտարկյալներին: Ի դեպ, քաղաքագետը Հայաստանում ընդդիմություն տեսնում է, բայց նրանք ճաղերի ետեւում են:

Նա ցավում է, որ Սերգեյ Դանիելյանը չշարունակեց իր գործունեությունը: Կարծում է, որ դա ավելի լավ կուսակցություն էր, քան գործողները եւ հաջողությունների կհասներ:

Սուրեն Զոլյանն ամենամեծ շահերի բախումը տեսնում է հենց ՀՀԿ-ում, քանի որ նրանք ավելի մոտ են կանգնած ռեսուրսներին: Մյուս կուսակցությունում կիսելու շատ բան չունեն`մանդատի մի թիվ հետ ու առաջը: Իսկ այն, ինչ որ այժմ կատարվում է ՀՀԿ-ում, համարում է իշխանափոխության հերթական ալիքը: Գագիկ Ծառուկյանի վերադարձն էլ պատահական չի համարում. «Ամեն ինչ պետք է բացատրել ոչ թե քաղաքական տերմիններով, այլ ջունգլիների օրենքներով: Հիշեք «Մաուգլին» մուլտֆիլմը`գայլից հետ են քաշվում, երբ նա մի քիչ թույլ է, նրա կողքին են կանգնում, երբ ուժեղանում է: Նաեւ`եթե ՀՀԿ-ականներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանն իրենց պրոեկտը չէ, իսկ ՀՀԿ-ականները ստախոս են, ուրեմն Ծառուկյանն իրենց պրոեկտն է»:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքին էլ Սուրեն Զոլյանն ասաց, որ Վարդան Օսկանյանն իր քաղաքական կշռով ավելին է, ու ինքը չի հասկանում ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը, որին ինքը ճանաչում է բավական համեստ մարդ, պիտի ղեկավարի դաշինքը. «Համենայդեպս, քաղաքական հայտ է ներկայացրել, քաղաքական քայլեր առայժմ չեմ տեսնում, ուստի զերծ կմնամ գնահատականներից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031