Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի՝ «խառնուրդային ջրերը մխտռելու են մայր հունը» ակնարկը ուղղված էր Կարեն Կարապետյանին

Հունվար 30,2017 15:00

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, նեղացած է

Երեկ նախկին վարչապետը, որը, հիշեցնենք, օրերս լքեց Հանրապետական կուսակցությունը, արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն Աբրահամյանի հայտարարությունը համարում է բավականին պրագմատիկ:

Հիշեցնենք, որ նախագահը ՀՀԿ շարքերը լքողների մասին նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստին ասել է. «Գիտեք՝ մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»: Հովիկ Աբրահամյանն էլ ի պատասխան՝ ասել է. «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը…»:

Ովքե՞ր են այդ խառնուրդային ջրերը, որոնք, ըստ Աբրահամյանի, մխտռելու են մայր հունը, այսինքն՝ ՀՀԿ-ն. մեզ հետ զրույցում Կարեն Քոչարյանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ես կարծում եմ՝ եթե խոսքը տեխնոլոգիական եւ նոր լցվող առուների մասին է, ուրեմն նոր լցվող մարդկանց մասին է խոսքը, որոնք մտել են ՀՀԿ»:

ՀՀԿ-ին անդամակցած նոր մարդը վարչապետ Կարեն Կարապետյանն է՝ իր նոր նախարարներով, որոնք եւս ՀՀԿ շարքերն անդամագրվեցին, մեր այս դիտարկմանն էլ Քոչարյանն ասաց. «Տվյալ պահին, այո, Կարեն Կարապետյանն է, ժամանակին Տիգրան Սարգսյանն էր»:

Տիգրան Սարգսյանից, այսպես ասած, ազատվեցին, ապա Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, որից եւս ազատվեցին, արդյոք Հովիկ Աբրահամյանի մոտ նեղացվածություն կա՞ մի ժամանակ այդքան հարազատ կուսակցությունից ու դրա վերնախավից, որ նման քայլի դիմեց: Պարոն Քոչարյանն այսպես մեկնաբանեց. «Ես կարծում եմ՝ վիրավորանքը ոչ թե վարչապետի պաշտոնից հեռանալն էր, թեեւ հաստատ դա էլ կար: Որովհետեւ Հայաստանում մի ժամանակ սպորտաձեւեր կային, որ հերթով բոլորը չեմպիոն էին դառնում:

Օրինակ՝ գեղասահքում այդպես էր, մեկը չեմպիոն էր դառնում, դառնում էր, դառնում էր, հետո՝ օլիմպիական չեմպիոն, ու հեռանում էր, հետո 2-րդ տեղը, ու այդպես շարունակ: Ցավոք, Հայաստանում, չգիտես ինչու, մեր քաղաքական գործիչները մտածում են, որ պետք է նույն սկզբունքով լինի: Եթե չեմ սխալվում, Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր՝ ինչո՞ւ չէ, 2018 թվից հետո ինքը կլինի վարչապետ: Աբրահամյանը ունի բազմամյա փորձ, բայց մարդը, որն ասում է՝ քաղաքականության համար խելք պետք չէ, չի կարող հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: Սա իմ անձնական կարծիքն է: Փորձը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, խելք պետք է, եւ ոչ միայն խելք: Որովհետեւ այն, որ մարդիկ ունեն Աստծու տված ճարպկություն, քթածակ, բայց չունեն տարրական բազային կրթություն, երբ մարդիկ 40 տարեկանում են ավարտում… Խոսքը շատերի մասին է, միայն Աբրահամյանի մասին չէ, այսօրվա այն էլիտայի, որի փոփոխության մասին խոսել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Չի կարող 21-րդ դարում, եւ նշանակություն չունի՝ որ երկրի, առավել եւս՝ մեր երկրի, որը փաստացի պատերազմի մեջ է, ունի շատ խնդիրներ, չի կարող ղեկավարն աշխարհի հետ շփվել 4-րդ դասարանի մակարդակով: Չի լինում այդպես, որովհետեւ քեզ կվերաբերվեն այնպես, որքան որ դու մակարդակ ունես, ու քո երկիրը կդառնա այն մակարդակի, որքան որ քո մակարդակն է»:

Հիշեցնենք, որ վարչապետը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Հայաստանում պետք է փոխել էլիտայի կերպարը, էլիտայի վարքը, պետք է փոխել որոշումներ կայացնելու գործընթացը»:

Ինչի՞ կարող է հանգեցնել Աբրահամյանի վիրավորվածությունը, հնարավո՞ր է իսկապես ընդդիմադիր դառնա, քանի որ վստահեցրել է, որ մնալու է քաղաքականության մեջ: Կարեն Քոչարյանը հումորով պատասխանեց. «Մենք կրկեսի վերածելու ընդդիմություն չունենք»:
Հովիկ Աբրահամյանն իր տարբեր պաշտոնները զբաղեցնելու ընթացքում միլիոնավոր դոլարների հասնող հարստություն է կուտակել, հետեւաբար նաեւ խոցելի է, հանկարծ մի օր նրա վերաբերյալ էլ «օդում կախված լուրերը» չսկսեն ստուգել, ի՞նչ համարձակությամբ է նման «առճակատման» գնում: Այս առնչությամբ էլ պարոն Քոչարյանն ասաց. «Բայց նա պատասխանել է, որ տարբեր առուներով ջրված պոմիդորներով է այդ բիզնեսներն ու հարստությունը ձեռք բերել: Չնայած, իհարկե, խոցելի է, Հայաստանում շատ քչերը կան, որ խոցելի չեն: Հետո՝ իսկ ի՞նչ համարձակություն է արել որ: Առայժմ միայն պատասխանել է, այ, եթե այդ ամենը շատ խորանա, անպայման կլինեն պատասխաններ: Թեեւ ես կարծում եմ՝ արջը նրա ականջին ինչ-որ բան է ասել, այս դեպքում՝ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, որի հետ վերջերս հանդիպել էր: Գիտեք, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի էլիտան բազմաշերտ է, եւ այստեղի մարդիկ Ռուսաստանի էլիտայի տարբեր շրջանակներից կարող են տարբեր, այսպես ասած, «դաբրոներ» բերել: Բայց դրա վրա շատերն են վառվել: Մենք չգիտենք՝ նա միայն Մեդվեդեւի հե՞տ է հանդիպել, թե՞ այլ շրջանակների հետ էլ: Եվ հետո՝ կա դիվանագիտական լեզու, արդյոք դիվանագիտական լեզուն մինչեւ վերջ ճի՞շտ է հասկացել»:

Արդյոք Հովիկ Աբրահամյանն իր հետեւից էլի՞ մարդկանց կտանի, այսինքն՝ էլի որոշ կուսակցականներ դուրս կգա՞ն ՀՀԿ-ից, արդեն լուրեր են շրջանառվում, որ Մհեր Սեդրակյանն էլ է մտադիր լքել ՀՀԿ-ն. երեկ քաղաքապետը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին, որը Սեդրակյանի փեսան է, ազատել է պաշտոնից:
«Հիմա, բնականաբար, իշխանությունը պետք է հստակեցնի ռեսուրսները, այսինքն՝ այն մարդիկ, որոնք հեռանում են ու փորձում են (չասեմ՝ ընդդիմություն, որովհետեւ դրանք քաղաքական ուժեր չեն), այլ ավելի շատ մարդիկ են, որոնց բաժինն այս անգամ իրենց չի հասել, իրենք նեղացել են: Չեմ կարծում, թե դա շղթայական ռեակցիա կունենա, որովհետեւ նրանցից շատերը լավ գիտեն՝ դա ինչ է նշանակում: Իսկ դա նշանակում է մնալ պետական մամլիչ ապարատի տակ, որովհետեւ իրենք են եղել մամլիչի դերում եւ՝ երկար տարիներ: Պարզ է, որ ինչ-որ գործընթաց է սկսվել, իսկ մենք ուշադիր կհետեւենք դրան»,- ասաց պարոն Քոչարյանը:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031