Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ուղղված «Կյանք ու կռիվ-2» ֆիլմը

Հունվար 30,2017 13:30

Կամ կինո` զուտ ներքին սպառման համար

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը երկրորդ ֆիլմ է նկարել` «Կյանք ու կռիվ-2. 25 տարի անց»: Ասում է` էլի պատերազմի մասին չէ, թեեւ թռուցիկ` ապրիլյան պատերազմն էլ կա ֆիլմում: Երկրորդ ֆիլմը նույնանուն ֆիլմի շարունակությունն է. ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ի՞նչ ճակատագրի է արժանացել: Սամվել Թոփալյանի մարմնավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինել է Անի Խաչիկյանին, իսկ Էլեն Սարգսյանի հերոսին՝ Սոֆիին մարմնավորել է Նարինե Գրիգորյանը:

«Կյանք ու կռիվ-2»-ում ռեժիսորը, որ նաեւ սցենարի հեղինակն է, ստեղծել է բարոյական բարձր նկարագրի տեր մի օլիգարխի` Լեւոն Ամարյանին (Շանթ Հովհաննիսյան), որը լիքը փող ունի ու փակում է կռված սպաների վարկերը, տղային էլ ուղարկում բանակ, անգամ առաջին գիծ: Գեղեցիկ է, բայց մի տեսակ արժանահավատ չէ, թեեւ ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասում է` անձամբ ճանաչում է մի քանի այդպիսի պարկեշտ օլիգարխների: Գուցե իրոք մեր կողքին ապրում են այդպիսիք, սակայն ճակատագրական ապրիլը ցույց տվեց, որ քառօրյա պատերազմի 100-ից ավելի զոհերի մեջ ոչ օլիգարխի որդի կար, ոչ էլ օլիգարխ: Ֆիլմը ստեղծողները հավատացնում են, որ որեւէ մեկին իբրեւ նախատիպ նկատի չեն ունեցել, բայց հույս ունեն, որ եթե յուրաքանչյուրն իր տեղում լինի, անձնազոհ օլիգարխներ էլ կլինեն:

«Կյանք ու կռիվ-2»-ի բարի օլիգարխը, որի ընտանիքի շուրջ հյուսված է ողջ պատմությունը, մի անգամ «մեղք» է գործում` $10000 կաշառք է տալիս իր ծանոթ «սպեցնազի» գնդապետին` Կոմանդորին (Բաբկեն Չոբանյան), որ որդին նրա թեւի տակ ծառայի: Գնդապետն էլ այնքան ամբասիր է, որ մեծ պարտքեր ունենալով հանդերձ` կաշառքը վերադարձնում է, իսկ մտերիմ ընկերոջ տղային պատուհանից դուրս շպրտում` շարքայինին ոչ վայել պահելու համար: Իմիջիայլոց, Բաբկեն Չոբանյանը համոզիչ էր խաղում: Ճշտեցինք` բանակում էլ է ծառայել, գիտի ինչ ասել է զինվորական:

Ֆիլմում այլ օլիգարխներ էլ կան, օրինակ, նրանցից մեկը (Գագիկ Մադոյան) զենք է վաճառում ադրբեջանցիներին` համարելով, որ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, փողն էլ չի բուրում: Իսկ այ բարի օլիգարխը, որ ակամա համագործակցել է այդ գործարքն իրականացնելիս, ոչ միայն հրաժարվում է իր բաժին գումարից, այլեւ հայրենադավ օլիգարխին հանձնում է անվտանգության մարմիններին:

Ի թիվս այլոց, ֆիլմում մի հերոս էլ կա` Լիզը (Դիանա Մալենկո), որը Լեւոն Ամարյանի ամերիկաբնակ ընկերոջ դուստրն է: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանը «գեղ» է, ու ով ճակատագրի բերումով հեռացել է Հայաստանից, դեռ չի նշանակում, թե դավաճան է, իսկ նրանք, որոնք սահմանին են, հերոս են: Լավատես ռեժիսորն այնպես է արել, որ սիրահարվելով` Լիզը փոխվել է, դարձել «օջախի աղջիկ»` հրաժարվելով փիրսինգներից, վարդագույն մազերից ու օտարամոլությունից…

Մի տեսակ լուրջ հակասություն կա այսօրվա իրականության ու ֆիլմում պատկերվածի միջեւ՝ ախր գեղեցիկ, բայց շինծու պատմություններով ու լացացնելով կինոն կինո չի դառնա: Նման ֆիլմերը զուտ հայկական շրջանակի համար են, եւ ներքին լսարանում հույզեր առաջացնելը դեռեւս բարձր նշաձողի չափանիշ չէ: Համամարդկային ասելիք չունեցող ֆիլմերով չես կարող փառատոների գնալ, չեն ընտրի, փառատոնային չափանիշներով ֆիլմերն այլ են: Ռեժիսորը դրանից չի նեղվում: Կարծում է, որ օրիգինալ է գտնվել` նկարելով ֆիլմեր` ոչ «Օսկարի» համար: Մի բան իրոք լավ է ստացվել՝ ոգին բարձրացնելու, բանակի հերոսականությունը շեշտելու առումով, ֆիլմն այդ իմաստով կատարել է իր առջեւ դրված խնդիրը: Իմիջիայլոց, բավականին հաջողված էին պատերազմական կտորները, քանի որ օգտագործվել էին իրական դրվագներ, մի շարք կադրերում նկարահանվել էին հատուկ ջոկատայիններ, իրական են եղել նաեւ ռեկվիզիտից որոշ նմուշներ:

«Ես կցանկանայի, որ ֆիլմը դիտելուց հետո մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվեր, բայց ֆիլմը հանդիսատեսին հանձնելուց հետո իր կյանքով է ապրում, դու երբեք չգիտես՝ այն ինչ արձագանք կստանա»,- Մհեր Մկրտչյանի` ասուլիսում հնչեցրած այս խոսքերը ալիբիի նման են:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ոչ միայն օլիգարխների,նույնիսկ լրագրողների,կամ խմբագիրների ընտանիքի անդամներից էլ չկային,իսկ ինչ վերաբերում է իրականությանը չհամապատասխանելուն՝հեղինակը իդեալն է ներկայացնում՝ինչպիսին կցանկանար լիներ:Դա ավելի ճիշտ է:Էդմոնդ Քեոսայանը Գորիսի տարախքում ֆիլմ էր նկարահանել՝,,Մոռացված հեքիաթնեի կիրճը,,;Գորիսեցիները տեսնելով,որ գլխավոր հերոսը իրենց ծանոթ բլրի լանջից իջնելուց մեկ էլ հայնվում էր մեկ այլ տարածքում՝բողոքում էին,էդ ինչպես այդքան ճանապարհը այդքան արագ կտրեց?:Իսկ այլ շրջանների հանդիսատեսը հանգիստ էր ընդունում այդ տեղաշարժերը՝ծանոթ չեին նկարահանման շրջապատին:Ֆիլմը գեղարվեստական է,փաստա-վավերագրական չէ,թե ես սխալ եմ հասկացել?:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031