Լրահոս
Օրվա լրահոսը

Մարո Երկնափեշյանի «Հետընթաց թռիչքը»

Հունվար 30,2017 13:00

Լույս է տեսել Մարո Երկնափեշյանի «Հետընթաց թռիչք» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի առաջաբանում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրել է. «Պարզ, մաքուր, մարդկային հույզերով ներկայացող այս գիրքն այնքան հարազատ ու գրավիչ է, որ քննող հայացքիդ տակ փորձում ես պարզել` բառամթերքի հարուստ պաշա՞րն է պատճառը, մանկական չկորսված հեքիաթի շո՞ւնչը, չարին պատվար դարձնող հույզերի լուսավոր մանվա՞ծքը…Խաղաղություն, քեզ դեռ էլի կխաչեն, հրասայլերի պողպատյա փողին, թե պատերազմի նոր շեփոր փչեն, թող իմ արյունը խառնվի հողին…Այնքան ցավոտ են պատերազմական օրերի վերապրումները, այնքան հրեշավոր ու անմարդկային, որ հեղինակն իր արյամբ է ուզում հագեցնել այդ անվախճանի անհագ երախը: Իր երկրի ցավը շրջանցելով` կեղծ անհոգություն չի բանեցնում՝ բանաստեղծի վերերկրային ճախրում, իբր մոլորվածի, արտաքին փայլփլանքն ապահովող, գեղագիտության շքի տակ գոհանալով…»:

Մարո Երկնափեշյանի գրքում ցավ կա, կարոտ, ափսոսանք: Ինչպես ինքն է գրում՝ սիրտը լի է, տեղ չունի թափելու, ափ չկա, թեեւ երկինքն է պոկվել սրտից: Նաեւ անսահման սեր կա ու տենչանք.

Կրակը դեռ տաք է
Սիրուս պես
Աստղերը երաշտ են գուշակում,
Ծարավ եմ,
Ինձ մի քիչ քնքշանք բեր,
Աչքերս ամպեր են քանդակում…
Սիրուն է Մարո Երկնափեշյանի լեզուն, գրքում հույզերի փոթորիկ է, բայց փոթորիկն ամենանուրբ ձեւակերպումն է գտել նրա տողերում.
Ցուրտ է,
Թե արդեն ես եմ մրսում,
Երբ հուշը տնվոր է
Իմ ներսում,
Մարմրող երեկո է…
Մենակ չեմ, մենակ չեմ,
Երեքով ենք`
Ես,
Կաղ շունն ու աշունը…

Հավելենք, որ «Հետընթաց թռիչք» գրքի տպագրությունը հովանավորել է մասնագիտությամբ բանասեր եւ կոչումով բանաստեղծ Ջոն Թորոսյանը: Նա նաեւ 2016-ին լույս տեսած ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993 թվականի շրջանավարտների (իր կուրսի) գրական ստեղծագործությունների ժողովածուի հովանավորն է:

 

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031