Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից սովորեցի ազգի զգացողությունը»

Հունվար 30,2017 15:30

Ջեյմս Նզինգա Նկեմբո. քաղաքական գործիչ Կոնգոյից, կրթությամբ քաղաքագետ, աշխատել է ՄԱԿ-ում՝ սկզբում Կոնգոյի դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ, նախկինում Զաիր), հետագայում՝ Կոսովոյում: Այնտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Էլլադա Պետրոսյանին, որը եւս աշխատում էր ՄԱԿ-ի ենթակառուցվածքներում:
Ջեյմսը իր հայրենիքում հիմնադրել է իր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը: Այժմ ԿԴՀ-ում, որը միջազգային ԶԼՄ-ների լրահոսների «մեյնստրիմում» չէ, ծանր քաղաքական ճգնաժամ է… Ըստ էության, այս նախկին բելգիական գաղութը տասնամյակների ընթացքում դրամատիկ իրադարձություններից հետո՝ Պատրիս Լումումբի հակագաղութական ազատագրական շարժումից մինչեւ Մոբուտ Սեսե Սեկոյի կոռումպացված դիկտատուրա, ներկայումս չկայացած պետություն է:

Բայց նախագահը երրորդ ժամկետում մնաց՝ առանց նախագահական ընտրություններ կազմակերպելու՝ «փող չլինելու» պատրվակով: Միեւնույն ժամանակ, երկրի արեւելքում գրեթե ամեն օր մարդիկ են մահանում՝ այնտեղ բազմամյա կոնֆլիկտ է, որը միլիոնավոր կյանքեր է տարել: Երկիր, որն ունի օգտակար հանածոների հարուստ հանքեր՝ գրեթե ամբողջ Մենդելեեւի աղյուսակը եւ շատ այլ բնական ռեսուրսներ, աշխարհում ամենաաղքատ եւ հետամնաց երկրներից է:

Ջեյմս Նզինգա Նկեմբոն երկրում միակ քաղաքական գործիչն է, որը «բալկանիզացիա» է առաջարկում կամ Կոնգոյի մասնատումը մի քանի հանրապետությունների: Փաստարկները գիտական են եւ շատ համոզիչ: Նույն կարծիքի են նաեւ միջազգային շատ փորձագետներ՝ Կոնգոն շատ մեծ է եւ բազմաէթնիկ՝ մի պետություն լինելու համար: Գործնականում ունենալով բալկանական փորձը եւ նաեւ անձնական հանգամանքներից ելնելով՝ Հայաստանում ապրելու փորձը, պարոն Նկեմբոն «Առավոտ»-ի հետ սիրով կիսվեց միջազգային քաղաքականության մասին իր տեսակետներով եւ ոչ միայն:

– Պարոն Նկեմբո, Ձեր հայրենիքում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ապրում է մոտավորապես 70 միլիոն մարդ, 20 տարուց ավելի պատերազմ է, որը 1998-2002 թվականների սրացումների շրջանում անվանեցին Մեծ աֆրիկյան պատերազմ: Միլիոնավոր մարդիկ են կործանվում, մեծ ողբերգություն է տեղի ունենում, միեւնույն ժամանակ այս իրադարձությունները դուրս են մնում համաշխարհային ԶԼՄ-ների լրահոսից: Ո՞րն է դրա պատճառը, արդյոք կա՞ «բոլորի պատերազմը բոլորի դեմ» իրավիճակից խաղաղ ելք: Եվ ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ, Աֆրիկյան միությունը, հակամարտությունը ավարտելու համար:

– ԿԴՀ բնակչությունը այժմ ավելին է, քան 80 միլիոնը: Իրականում Կոնգոյի պատերազմը լայնորեն լուսաբանվել է 1996 թվականին, երբ այն նոր էր սկսվել, ինչը տարիների ընթացքում անհետացավ: Ինչպես գիտեք՝ մեդիայի դերը միայն ցույց տալը չէ, թե ինչ է կատարվում. լրագրողները պետք է նաեւ հետաքննեն եւ բացատրեն, թե ինչու է սա կատարվում, եւ ովքեր են շահագրգիռ: ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հաշվետվությունները բացահայտեցին արեւմտյան ուժերի ներգրավվածությունը Կոնգոյում պատուհասող պատերազմներին: Ինչ վերաբերում է միջազգային մամուլին, ես չեմ կարող չմտածել, որ ի նշան իրենց երկրների հետ համերաշխության է, որ որոշ հայտնի լրատվամիջոցների խումբ լռեց եւ անտարբեր դարձավ Կոնգոյում կատարվածի նկատմամբ: Շնորհակալություն եմ հայտնում «Առավոտին», որ այս թեմայով խոսելու հնարավորություն տվեց:

Այն, ինչ որակեցիք որպես բոլորի պատերազմ ընդդեմ բոլորի, իսկապես միջազգային հանրության ստեղծած խառնաշփոթն է: Այս իրավիճակից ելքն այն է, որ պետք է լուծել խնդրի առաջացման պատճառը, որն է Բելգիայի գաղութային գերակայության՝ հողերի բռնագրավումը, որոնք տարբեր նախագաղութային ազգերին են պատկանել` մեկ գաղութ ստեղծելու համար, որն էլ դարձել է այժմյան ԿԴՀ-ն, եւ ստիպելը, որ տարբեր մարդիկ, որոնք չունեն նույն սոցիոլոգիական նկատառումներն ու հետաքրքրությունները, դառնան մեկ ազգ-պետություն: Մինչդեռ դա բխում է Բելգիայի շահերից, որը կառավարում է այս հսկայական հանքերով հարուստ տարածքը կոռումպացված կառավարության միջոցով: Սա է Կոնգոյի ճգնաժամի պատճառը:

Միեւնույն ժամանակ, որպես 1985 թվականի Բեռլինի կոնֆերանսի անավարտ գործարքի մաս, այլ միջազգային ուժեր, որոնք ցանկանում են կառավարել երկրի մի որոշ տարածք՝ հանքային պաշարներին հասանելիություն ունենալու համար, աջակցում են երկրում եւ հարեւան երկրներում առկա բացասական խմբերին ԿԴՀ-ում պատերազմելու համար, որպեսզի բնակչությունը տեղահանվի, եւ այդպիսով գյուղերը կարող են հանքերի վերածվել, որտեղ սովորական է մարդկանց շահագործումը եւ երեխաների աշխատանքը:
Միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ԱՄ-ն եւ այլք, ջանքեր են գործադրում երկիրը կայունացնելու համար, բայց ապարդյուն: MONUSCO-ն՝ ՄԱԿ-ի՝ աշխարհում ամենամեծ խաղաղապահ գործողությունը՝ ավելի քան 20 հազար զինվորները, երկրում 18 տարի է, իսկ ճգնաժամը դեռ թարմ է, ինչպես սկզբում էր: Շատ ռեսուրսներ են վատնվել, եւ ոչ մի լուծում չի գրանցվել: Քանի դեռ հակամարտության սկսման պատճառը ուղղված չէ, միջազգային հանրությունը այսպես կարող է մի դար շարունակել կամ հնարավոր է՝ ավելի, բայց նրանք ուղղակի կպտտվեն շրջանում:

Կոնգոյի այս ճգնաժամը ավարտելու միակ հնարավոր տարբերակը երկիրը մի քանի նահանգների բաժանելն է՝ ըստ պատմական եւ սոցիոլոգիական նկատառումների: Բալկանիզացիան վերջ կդնի հակամարտությանը ոչ միայն վերականգնելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը, բայց նաեւ հնարավորություն ստեղծելով երկրի հարստությունների համար օգուտ տալ Կոնգոյի բնակիչներին, եւ որը հավասարաչափ կբաշխվի միջազգային հանրությանը՝ առանց տարածաշրջանում պատերազմներ սկսելու անհրաժեշտության: Այդ պատճառով ես հիմնեցի SINDIKA-ն՝ ինքնորոշման շարժում, Կոնգոյի բնակչության կեղծ մեկ միասնական պետության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը բարձրացնելու, դառնալու համար 7 քաղաքական սուբյեկտների կոնֆեդերացիա, որոնք պետք է աստիճանաբար հասնեն ինքնիշխանության:

– Ձեր աշխատանքային փորձը Բալկաններում, մասնավորապես՝ Կոսովոյում, ցույց է տալիս, որ տարածաշրջանը, որին դարերով անվանում էին «Եվրոպայի վառոդի տակառ», կարելի է շրջել դեպի խաղաղություն եւ զարգացում, հակասական շահերը դիմակայությունից՝ բարիդրացիություն, ինտեգրացիա: Կիսվեք Ձեր տեսլականով՝ ի՞նչ է պետք դրա համար:

– Ի տարբերություն Կոսովոյի, ԿԴՀ-ի ճգնաժամը երկրում տարբեր մարդկանց ինտեգրացիայի եւ խաղաղ համակեցության խնդիր չէ: Մեր երկրում կարող եք տեսնել, որ տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչներ ամուսնանում են եւ տեղափոխվում են իրար նահանգներ առանց որեւէ խնդրի, մինչդեռ Կոսովոյում կոնֆլիկտը ամբողջովին հիմնված է կրոնական եւ էթնիկական բաժանարարների վրա: Բալկաններում իմ փորձը ստիպում է ինձ Հարավսլավիայի փլուզումը լավ օրինակ համարել Կոնգոյի համար: Դա նաեւ օգնեց համակարգ մշակել՝ վստահ լինելու համար, որ բալկանիզացիան չի պարտադրվի Կոնգոյի բնակիչներին որպես միջազգային ուժերի գործարքի արդյունք: Դա պետք է կատարվի ըստ Կոնգոյի համակարգի, որը կիրականացնեն հենց իրենք՝ Կոնգոյի բնակիչները՝ միջազգային հանրության հովանու ներքո:

ԿԴՀ-ն կազմված է 450 տարբեր համայնքներից, եւ պետությունը կառավարվում է որպես մեկ միասնական պետություն: Ազգությամբ պայմանավորված ճնշումները, որոնք ժամանակ առ ժամանակ առաջանում են, ավտորիտար ռեժիմի եւ վատ կառավարման արդյունք են: Որովհետեւ դիկտատորները բաժանում են մարդկանց, որ նրանք հավատարիմ մնան իրենց ցեղին, այդպիսով նրանք կկարողանան մնալ իշխանության: Նման ճնշումները երկրորդական են, որոնք բխում են հիմնական պատճառից: Նրանք գոյություն չեն ունենա, եթե պետությունը բաժանված է:

Միջազգային հանրությունը պետք է փոխի իր մոտեցումը ԿԴՀ-ի ճգնաժամին: Նրանք պետք է աջակցեն մեր՝ Կոնգոյի համակարգով Կոնգոն բալկանիզացնելու ջանքերին՝ դադարեցնելու համար վերջին 20 տարիներին տեղի ունեցող Կոնգոյի բնակիչների ցեղասպանությունը՝ 100 տարվա ընթացքում Կոնգոյի բնակիչների երրորդ ցեղասպանությունը: Առաջին ցեղասպանությունը տեղի է ունեցել մոտավորապես նույն ժամանակ, ինչ Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 5 միլիոն մարդիկ են սպանվել Բրյուսելի Լեոպոլդ II թագավորի կողմից: Եվ երկրորդ ցեղասպանությունը, որի ընթացքում 6 միլիոն մարդ է սպանվել գաղութային գերակայության ներքո, տեղի է ունեցել 1908 եւ 1960 թվականների միջեւ:

– Ձեր պետությունը եւ Հայաստանը, որը Ձեր երկրորդ տունն եք համարում, բացի ՄԱԿ-ից՝ անդամակցում են մեկ այլ համաշխարհային կազմակերպության, որտեղ քննարկվում են միջազգային քաղաքականության հարցերը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը: Ավելի քան 100 տարի առաջ մեր տարածաշրջանում եւս սարսափելի իրադարձություններ էին տեղի ունենում՝ Հայոց ցեղասպանությունը, որը հնարավոր եղավ նաեւ այն պատճառով, որ ըստ միջազգային հանրության՝ «մեզնից հեռու է»: Ներկայում Հայաստանը իր բարոյական պարտքն է համարում ցեղասպանությունների կրկնությունը բացառելու քաղաքականություն վարել, որտեղ էլ որ լինի եւ ինչքան էլ մեզնից հեռու լինի՝ լինի դա Ռուանդայում, Դարֆուրում: Հայաստանում հիմնվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, եւ նրա առաջին դափնեկիրը դարձավ իսկապես մի հերոսուհի Բուրունդիից՝ Մարգարիտ Բարանկիցը: Բացի դրանից, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Մադագասկարի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը ֆրանսախոս Աֆրիկան հայտարարել է առաջնահերթ ուղղություններից մեկը: Նաեւ հայտնի է, որ հաջորդ գագաթնաժողովը՝ 2018 թվականին տեղի կունենա Հայաստանում: Արդյոք ինչ-որ գաղափարներ ունե՞ք Հայաստանի հետ փոխգործակցության մասին: Հնարավո՞ր է, որ սա հնարավորություն է, որ Ձեր ձայնը, Ձեր հայրենիքի ձայնը ավելի լսելի դառնա:

– Հայոց ցեղասպանությունը հայտնի եւ փաստագրված պատմական փաստ է, որը չպետք է մերժվի հանցագործների ժառանգների կողմից: Դա գարշելի հանցագործություն է, որը ոչ միայն պետք է ճանաչվի, այլ նաեւ վերականգնվի: Ես ողջունում եմ «Ավրորա» մրցանակի հիմնադիրներին: Անհատների եւ կազմակերպությունների ճանաչումը, որոնք ազդեցություն են ունենում մարդու կյանքի պահպանման վրա եւ առաջ են մղում մարդասիրությունը, մեծ ավանդ է ցեղասպանության կանխարգելման համար:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լրացուցիչ հնարավորություն է առաջարկում մեր երկու երկրներին, որոնք արդեն ՄԱԿ-ի անդամներ են, մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության ավելի շատ կամուրջներ կառուցելու համար: Դա միայն ֆրանսերենի օգտագործումը խթանելու հարցը չէ: Դա նաեւ առաջ է քաշում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, լավ կառավարությունը, մշակութային բազմազանությունը եւ այլն:
2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը լավ հնարավորություն է իմ երկրի համար՝ սկսել համագործակցություն Հայաստանի հետ: Կոնգոն հարուստ է ու շատ բան ունի ներդրողներին առաջարկելու, հայերը պետք է հաշվի առնեն Կոնգոյում ներդրումներ կատարելը: Եվ քանի որ առանց խաղաղության զարգացում չի կարող լինել, մենք պայքարում ենք հակամարտությունը ավարտելու համար՝ ի շահ ողջ մարդկության:

– Ջեյմս, Ձեր կինը՝ Էլլադա Պետրոսյանը, հայ է, եւ Դուք արդեն ունեք մեր երկրի հետ շփվելու փորձ, որով Ձեզ հայտնի են նաեւ մեր խնդիրները եւ մեր հաջողությունները: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենակարեւոր խորհուրդը, որը կարող եք մեզ տալ՝ ելնելով Ձեր կյանքի եւ մասնագիտական փորձից: Եվ նաեւ՝ ո՞րն է ամենակարեւորը, ինչը Հայաստանը Ձեզ սովորեցրել է:

– Ես արդեն քիչ բան չգիտեի Հայաստանի մասին, երբ հանդիպեցի իմ կնոջը: Օրինակ՝ ես գիտեի, որ հայ կանայք դառնում են գերազանց կանայք եւ մայրեր: Եվ հիմա ես հնարավորություն ունեմ դա փորձելու:
Ես նաեւ գիտեի, որ Հայաստանն ունի մեծ տնտեսական խնդիրներ իր դիրքի պատճառով՝ շրջապատված լինելով թշնամական հարեւաններով: Միգուցե դա է պատճառը, որ այն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանին: Ինչեւէ, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի իր՝ Ռուսաստանի հավելվածը լինելու պատկերը փոխելու համար: Նա պետք է ընդլայնի իր գործընկերների ցանցը: Հայաստանը պետք է օգտվի իր մեծ եւ ազդեցիկ Սփյուռքից: Քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը պետք է բացի երկիրը Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ ինչու ոչ՝ Աֆրիկյան երկրների հետ արդյունավետ համագործակցության համար:

Մեկ այլ խնդիր է բնակչության թվի նվազումը, որը վտանգի տակ է դնում երկրի տարածքները: Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնք վերցրել են իր հողերը եւ չեն դադարում փորձել ավելին վերցնել: Հին քարտեզները ցույց են տալիս, որ Հայաստանը մեծ երկիր է եղել: Բայց հիմա իր որոշ տարածքներ ընդգրկված են այնպիսի պետությունների կազմում, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը եւ նույնիսկ Վրաստանը: Բնակչության թվի պակասով մենք կարող ենք ակնկալել, որ երկրի որոշ տարածքները կլքեն իրենց բնակիչները: Եվ եթե այդտեղ բնակվող մարդիկ չկան, դատարկությունը կլցվի օտարերկրացիներով: Կարծում եմ՝ բնակչության թվի նվազումը կապված է նրա հետ, թե ինչպես է հայ հասարակությունը քննադատում երեխա ունեցող չամուսնացած կանանց: Հայտնի փաստ է, որ հայ կանայք ինտելեկտուալ են, մասնագիտորեն ազատ են, բայց հասարակությունը իրեն հետ է պահում: Հայաստանում կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունով հայ հասարակությունը պետք է հանդուրժող լինի այն չամուսնացած կանանց նկատմամբ, որոնք ընտրել են մայր դառնալ եւ մենակ ապրել: Սա պետք է լինի ոչ միայն գենդերային հավասարության համար, այլ նաեւ կօգնի պահպանել բնակչության հավասարակշռությունը: Ես վստահ եմ, որ երիտասարդ սերունդը կօգնի երկրին ստանալ առաջադեմ երկրի կերպար, ժամանակակից եւ բաց հասարակություն:
Ինչեւէ, ես Հայաստանից սովորեցի ազգի զգացողությունը. մարդկանց կապերը իրենց հայրենիքի, պատմության, գրի, մշակույթի հետ, հայերի պատրաստակամությունը՝ մոբիլիզացնել ռեսուրսները Հայոց հարցին աջակցելու համար: Ես դա ջանում եմ սովորեցնել իմ ժողովրդին:

– Շնորհակալություն հարցազրույցի համար:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031