Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնամաքրվող ՀՀԿ-ի պղտոր ջրերը

Հունվար 30,2017 11:06

Ով ինչ ձուկ կորսա այդ ջրերում

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը աշխարհագրությունից մեկեր է ստացել կամ փախել է դասերից: Ինձ համար հարցական է, թե ինչպե՞ս է ատեստատ ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան բնագիտական հակամարտությանը: Հիշեցնենք. նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասել էր. «Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա:

Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»: Երեկ Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանել էր. «Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները մինչեւ ոչնչանալը հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նախկին վարչապետին բարեկամական հորդոր էր հղել. «Չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»:

Իրականում Լեւոն Բարսեղյանը զարհուրելի է համարում այն, որ երկիրն այս «այլանդակ վիճակի մեջ է», երկրի առաջին դեմքը, երբեմնի երկրորդ-երրորդ դեմքը նստած նման «գյալաջի» են անում:

ՀՀԿ խորհրդի նիստում նախագահը մեկ ուշագրավ հայտարարություն էլ էր արել` ասելով, որ չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ: Նախագահը, փաստորեն, այսպիսով բավական անհարմար վիճակի մեջ դրեց նաեւ սեփական թիմակիցներին, ովքեր շտապեցին ողջունել Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Ի դեպ, այս առումով ամենաանհարմար վիճակում կարծես ՀՀԿ վերընտրված փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, ով ամենասուր քննադատությունն էր հնչեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին` համեմելով այն վիրավորանքներով, ու հետո նույն ջերմեռանդությամբ ողջունեց Գագիկ Ծառուկյանի վերադարձը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համամիտ չէ, որ Սերժ Սարգսյանը վատ դրության մեջ է դրել յուրայիններին: Մկրտիչ Մինասյանն էլ էր դրվատանքով խոսել Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին. «Նախագահն ասաց` աբսուրդ է, որ Ծառուկյանը վերադառնում է իր հետ համաձայնեցված, որ իր հավանությամբ է նա վերադարձել, որ դա իշխանության «պրոյեկտն» է»:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ հիմնական ուղերձը, որը խորհրդի նիստում հղեց նախագահն իր թիմակիցներին, այս էր. «Մենք չպետք է շատ գերագնահատենք յուրաքանչյուրս մեր արածը: Ով ինչքան կարողացել է, արել է երկրի համար, եւ ինքը շնորհակալ է: Մարդիկ պիտի էյֆորիայի մեջ չընկնեն եւ ավելի բարձր գնահատեն իրենց գործողությունները, կատարած աշխատանքն ու ծառայությունները, քան իրականում կա»: Հստակեցմանը` նախագահը նկատի ուներ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նախկին նախարար Սեյրան Օհանյանի՞ն, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Բոլորիս էր վերաբերում, բոլորիս: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենք ավելիին են արժանի, քան այսօր են գնահատված, նախագահն ասաց, որ շնորհակալ է, բայց մարդը չպետք է գերագնահատի իր արածն ու իր ուժերը»: ՀՀԿ-ականները չե՞ն փորձել Սերժ Սարգսյանից ճշտել, թե ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, քանի որ վերջինս այդ մասին չի խոսել: «Այդպիսի խոսակցություն չի եղել, մնացածն ինչ որ ասել է` դուք լսել եք: Փաստորեն, անուղղակի ասել է…»,- ասաց մեր զրուցակիցը` նկատի ունենալով նախագահի բնագիտական համեմատությունը:

Նախագահը մի ուղերձ էլ է հղել` արդեն որերորդ անգամ խոսելով ժողովրդի առջեւ իշխանության եւ իշխանավորների պատասխանատվությունից: Ինքնամաքրվող ՀՀԿ-ի համար ի՞նչ իրավական հետեւանքներ կունենա նախագահի այս հայտարարությունը` կարելի է ենթադրել նախորդ խոստումների ու հայտարարությունների փորձից` ոչ մի:
Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն էլ խոսել էր Հայաստանում էլիտայի փոփոխության մասին: Մկրտիչ Մինասյանը մտահոգված չէ: Կարծում է՝ դա առանձին դեպքերին եւ առանձին մարդկանց է վերաբերում, ովքեր իրենց ճիշտ չեն դրսեւորել:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031